Գագիկ Սահակյան.

«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն ակտիվորեն ձգտում է հաստատվել միջազգային շուկայում

PanARMENIAN.Net - Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում ընկերությունները պետք է ինովացիոն ռազմավարություններ մշակեն ու կիրառեն` իր գործունեության արդյունավետ զարգացման, շուկայի այլ մասնակիցներին արժանի մրցակից լինելու համար: Խորհրդատվական ծառայությունների տրամադրման շուկայի միտումների եւ խնդիրների մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում պատմել է «Ամերիա» ՓԲԸ-ի խորհրդատվական ծառայության ղեկավար Գագիկ Սահակյանը:
Զարգացման ի՞նչ միտումներ են նախանշվել Հայաստանում խորհրդատվական ծառայությունների տրամադրման շուկայում: Որո՞նք են այն հիմնական գործոնները, որ սահմանափակում են նրա դինամիկ զարգացումը երկրում:

Խորհրդատվական շուկան Հայաստանում, ցավոք սրտի, բավականաչափ զարգացած չէ, զարգացած երկրների նմանատիպ շուկաների համեմատ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրի տնտեսությունը քիչ է զարգացած տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ուժեղ մրցակցության բացակայության պատճառով: Բացակայում են ընկերությունները, որոնք պետք է ամեն օր ինչ-որ նորարարական լուծումներ մշակեն, շուկայի այլ մասնակիցների համեմատ մրցունակ լինելու համար: Ուստի, հիմնականում մասնավոր ընկերությունների պահանջները սահմանափակվում են միայն մարքեթինգային խորհրդատվությունների ստացմամբ, մասնավորապես շուկայի ուսումնաիրսության, նրա դինամիկայի եւ պոտենցիալ պահանջարկի, սպառողների վարքագծի առումով: Սա մի ասպեկտն է: Եվ երկրորդը` դա ֆինանսական խորհրդատվությունն է, որը թույլ կտա ընկերությանը դիմել եւ վարկերի կամ մասնաբաժնի տեսքով ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերել: Զարգացած երկրների մասնագետներն, ի տարբերություն մեր մասնագետների, հիմնականում ներգրավված են նորարարական սխեմաների եւ ռազմավարությունների մշակման մեջ, որոնք հետո վերածվում են համապատասխան ծրագրային ապահովման, որից էլ ընկերությունն օգտվում է իր առօրյա «կյանքում», ինչը թույլ է տալիս ապահովել ընկերության արդյունավետ գործունեությունը, օպտիմալացնել գործարար գործընթացներն ու բոլոր մակարդակներով ընդունվող որոշումները:

Ինչ վերաբերում է այն տեղին, որ ընկերությունը զբաղեցնում է խորհրդատվական ծառայությունների տրամադրման շուկայում, ապա դժվար է կոնկրետ ասել, քանի որ Հայաստանի տնտեսության շատ շուկաներ, այդ թվում նաեւ այս շուկան, 100 տոկոսով թափանցիկ չեն: Ըստ իս, թեեւ դա կարող է անհամեստ թվալ, ընկերության բաժնեմասը շուկայում մոտ է 50 տոկոսի:

Ինչպե՞ս կարձագանքի խորհրդատվական շուկան հայ-թուրքական սահմանի բացման դեպքում:

Խորհրդատվական շուկան այսօր էլ է փոխվում, սակայն նրա փոփոխության դինամիկան այնքան արագ ու դրական չէ, որքան զարգացած երկրներում: Երբ մենք ասում ենք դրական, ի նկատի ունենք, բնակաբանար միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարը: Եթե Հայաստանում կա անմրցունակ ընկերություն, որն, օրինակ, սահմանի բացումից մեկ շաբաթ անց փակվելու է, ապա դա այնքան էլ վատ չէ, քանի որ շուկայում կմնան ուժեղ խաղացողները, իսկ այդ ընկերության փակումից մի քանի շաբաթ անց ներդրումներ կկատարվեն մեկ այլ ընկերությունում, ինչը կհանգեցնի մրցունակության բարձրացմանը եւ համապատասխանաբար` հայկական ընկերությունների մրցունակության բարձրացմանն արդեն ոչ միայն տեղական շուկայում, այլ առնվազն տարածաշրջանային շուկաներում: Բնական է, որ մրցունակության բարձրացումը (գրեթե 100 տոկոսանոց) իր հերթին կհանգեցնի նրան, որ խորհրդատվական ծառայություններն ավելի մեծ պահանջարկ կունենան, իսկ շուկայում կմնան միայն ինստիտուցիոնալ խորհրդատվական ընկերությունները:

Ինչպիսի՞ բիզնես պլանավորումն է այսօր համարվում արդյունավետ եւ ինչ տեղ եք Դուք հատկացնում էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին:

Հայաստանում բիզնես-պլանավորման արդյունավետությունն որոշվում է, ելնելով ընկերության հնարավորություններից ու խորհրդատուի կողմից նրա պահանջների բավարարմանը: Այս համատեքստում, խորհրդատուների կողմից մշակվող բիզնես-պլանների մեծ մասն ուղղակի գրված է թղթի վրա` գրված է այն, ինչ ցանկանում է ընկերությունը եւ ինչը կօգնի նրան հասնել այդ բիզնես-պլանի հաստատմանը: Բարեբախտաբար, կան ընկերություններ, որոնք պատվիրում են այդ բիզնես-պլանը իրենց համար, որպեսզի այն դառնա իրենց սեղանի գիրքը: Իսկ բուն բիզնես-պլանի արդյունավետության ապահովումը շատ բազմակողմանի գործընթաց է` դա եւ բիզնես-գործընթացների բաերլավումն է, եւ շուկայի ընկերության բաժնեմասի ավելացման փորձերը, արդյունավետ կադրային քաղաքականությունը, գրագետ ֆինանսական կառավարումը եւ այլն: Այս ամենը միասին ապահովում է բիզնես-պլանի արդյունավետությունը եւ, որպես հետեւանք, ընկերության համար բիզնեսի արդյունավետությունը: Սակայն, ցավոք, բազում հայկական ընկերությունների ղեկավարների մտածելակերպը հիմնված է հետեւյալ սկզբունքի վրա` «ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ կարողանում եմ եւ ինչպես կարող է ինչ-որ N խորհրդատվական ընկերություն ինձանից լավ իմանալ, թե ինչպես կարելի է բարելավել իմ բիզնես-գործընթացները»:

Արդյունվետ բիզնես-պլանի մշակման նոր ուղղություն է հանդիսանում էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը: Ցավոք, աշխարհում այդ նախագծի առաջ մղող ուժը Եվրոպայի երկրներն են, ոչ թե խոշոր արդյունաբերական երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Ռուսաստանը: Էներգատնտեսման բուն գործընթացը կլիմայի փոփոխության դեմ մղվող ընդհանուր պայքարի բաղադրիչներից մեկն է եւ հույս կա, որ այդ երկրները եւս դեկտեմբերին Կոպենհագենում կայանալիք ՄԱԿ-ի խորհրդաժողովում կմիանան այս գործընթացին, որը հայտնի է աշխարհում որպես Կիոտի արձանագրություն: Այդ տեսակետից, էներգատնտեսումը շատ կարեւոր բաղադրիչ է, եւ այն պետք է դիտարկվի երկու տեսակետից` առաջինը, գործարարների մոտ պետք է պատասխանատվություն ձեւավորվի ոչ միայն սեփական բիզնեսի, այլ նաեւ ողջ աշխարհի համար, որտեղ նրանք ապրում են ու աշխատում: Ցավոք, Հայաստանում դեռեւս շատ քիչ են նման գլոբալ մտածելակերպով ընկերությունները: Միեւնույն ժամանակ էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը բերում է արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանն երկարաժամկետ հեռանկարում: Դրանք ներդնելու համար, ընկերությունը պետք է որոշակի գումար ներդնի, որը կփակվի միայն 5-6 տարվա ընթացքում, ինչը, սկզբունքորեն ասած, վատ չէ: Սակայն քանի որ մեր բիզնեսի կապիտալը հիմնականում կարճաժամկետ հեռանկար ունի, դրա անհրաժեշտությունը կարծես թե չի առաջանում: Բարեբախտաբար, կլիմայի պաշտպանության գործում բեկման հասնելու համար, զարգացած երկրները մեծ դրամական միջոցներ են ուղղում զարգացած երկրներ, որպեսզի որոշակի գործընթացներ նաեւ այստեղ կատարվեն: Այս առնչությամբ, մենք շուտով կունենանք նախագծեր, որոնք ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, որոնք կվարկավորեն տեղական ընկերությունների էներգատնտեսող նախագծերը, ինչպես նաեւ կներդրվեն դրամաշնորհային ծրագրեր, որոնք խթան կհանդիսանան այդ գործընթացի համար: Որոշակի պահից հետո, երբ ձեռք կբերվեն կոնկրետ արդյունքներ, գործարարներն իրենք կգիտակցեն էրներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը թեկուզ զուտ տնտեսական առումով:

Պատմեք, խնդրեմ, նոր նախագծերի մասին, որոնք ընկերությունը մտադիր է իրականացնել, եւ հեռանկարային զարգացմանն ուղղված «Ամերիայի» ծրագրերի մասին:

Միջնաժամկետ հեռանկարում հիմնական նպատակն է առավել ակտիվ ելքը միջազգային շուկաներ: Ցավոք, ամեն տարի մենք այնքան էլ շատ ծրագրեր չենք ունենում, որոնք իրագործվում են Հայաստանից դուրս, իսկ մենք կցանկանայինք հասնել նրան, որ գոնե բոլոր նախագծերի 20-30 տոկոսն իրագործվեր այն շուկաներում, որոնք, ըստ մեզ, հասանելի են ընկերության համար` մասնավորապես, դրանք Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի ու Հարավային Կովկասի շուկաներն են: Այսօրվա դրությամբ ընկերության երկրից դուրս իրագործվող ծրագրերի մեծ մասը իրականացվում է Սփյուռքում: Մենք սերտորեն համագործակցում ենք մեր Սփյուռքի ներդրումային ընկերությունների հետ, քանի որ մեր գործընկերը հայտնի ռուսական «Տռոյկա Դիալոգ» ընկերությունն է, գործընկերներ կան նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:
---