Ավտոբիզնեսում ճգնաժամի հաղթահարման իրական արդյունքները նկատելի կլինեն 2010 թ. աշնանը

Մխիթար Միքայելյանը.

Ավտոբիզնեսում ճգնաժամի հաղթահարման իրական արդյունքները նկատելի կլինեն 2010 թ. աշնանը

PanARMENIAN.Net - Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման բարձր մաքսատուրքերը պայմանավորված են այն բանով, որ մեր պետությունը ներմուծող է, և բյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվում է պետական սահմանի վրա գանձվող հարկերից: Այս մասին և ավտոբիզնեսի այլ առանձնահատկությունների մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է «Կարկոմավտո» ՍՊԸ ֆինանսական գծով փոխտնօրեն Մխիթար Միքայելյանը:
«Կարկոմավտո» ընկերությանը «HSBC Հայաստան բանկ» ՓԲԸ-ն պարգևատրել է «Լավագույն հաճախորդ-բանկային երաշխիքներ» անվանակարգով: Ի՞նչ նպատակ էր հետապնդում բանկային այդ ծառայությունը:
Ծառայությունը հիմնականում ուղղված էր ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի ներմուծմանը: HSBC-ի բանկային երաշխիքները հնարավորություն տվեցին ապրանքների ներմուծումն իրականացնել նվազագույն ծախսերով: Բանկային երաշխիքային ծառայություններն ընկերության համար ավելի էժան են, քան վարկերը:

«Կարկոմավտոյի» վրա ինչպե՞ս է ազդել ճգնաժամը, արդյոք դժվար էր 2009 թ.: Ընկերությունն ինչպե՞ս դիմակայեց շուկայում:
Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, ճգնաժամն անմիջական ազդեցություն է ունեցել ավտոմոբիլային գործով զբաղվող ընկերությունների վրա, և հատկապես ճգնաժամի երկրորդ փուլը, երբ արժեզրկվեց հայկական դրամը: Դրամով աշխատավարձ ստացող երկրի բնակչության մեծ մասի եկամուտը կտրուկ կրճատվեց, որի արդյունքում էլ ավտոմեքենաների պահանջարկն էր կրճատվել: Մեր ընկերությունը ժամանակին կանխատեսեց ճգնաժամը և մատակարարների հետ նոր պայմանագրեր կնքելով, կարողացավ կրճատել իր տարեկան պլանը: Արդեն բերված ավտոմեքենաներն ընկերությունն այս պահին վաճառում է աննախադեպ ցածր գներով` ավելի ցածր շահույթ ստանալով: Այսպիսով «Կարկոմավտոն» կարողացավ դիմակայել ճգնաժամին:

«Կարկոմավտոն» քանի՞ ավտոարտադրողների ներկայացուցիչ է: Հայաստանում ո՞ր մեքենաներն առավել մեծ պահանջարկ ունեն:
«Կարկոմավտո» ընկերությունն ու նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձինք 10 ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչներ են: Պարբերաբար, ընկերության տարբեր մեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը , ըստ գնորդների պահանջարկի փոխվում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամենամեծ պահանջարկն ունեն առևտրային նպատակներով օգտագործվող մեքենաները, այսինքն` բեռնատար, ֆուրգոն, պիկապ ավտոմեքենաները: Անցած տարիների արդյունքների համաձայն, գերիշխել են քիչ տարողությամբ, վառելիքի քիչ ծախսով մեքենաները, որոնք ավելի մատչելի են գին-որակ հարաբերությամբ: Այս միտումը շարունակվում է նաև այս տարի, ինչը Եվրոպայից և ԱՄՆ-ից փոխառված մտածողության արդյունք է, որտեղ մեծ ու շքեղ մեքենաների փոխարեն նախընտրում են քիչ ծախսատարները:

Հայաստանի ավտոմոբիլային շուկայում Ձեր ընկերությունը ո՞ր տոկոսն է զբաղեցնում: Ընկերության ո՞ր ծառայություններն ավելի մեծ պահանջարկ ունեն:
Ընկերության բոլոր բաժանմունքների ցուցանիշների համաձայն, մոտավորապես 30 տոկոսն է զբաղեցնում: Ներկայում ավտոմեքենաների վաճառքն իր գերիշխող դիրքերը զիջել է, իսկ առավել մեծ պահանջարկ ունեն տեխնիկական ծառայությունները, քանի որ ճգնաժամի հետ կապված ընկերությունը շեշտը դնում է հենց այս ոլորտի վրա: 2009 թ. սեպտեմբերին «Կարկոմավտոն» բացել էր Nissan и Renault ավտոմեքենաների կենցաղսպասարկման խոշոր կենտրոն, ինչը բարելավեց Հայաստանում տրամադրվող ծառայությունների որակը և դրանց պահանջարկը:

«Կարկոմավտո» ընկերությունը նախկինում տրամադրում էր նաև բեռնափոխադրման ծառայություններ: Ինչո՞ւ դա դադարեցվեց:
Դա կապված էր սևծովյան լաստանավի ուղերթի ոչ հստակ գրաֆիկի հետ: Մենք ոչ պատվիրատուին, ոչ ստացողին չէինք կարողանում երաշխավորել բեռները հասցնելու ճիշտ ժամկետը` մեզնից անկախ պատճառներով: Վերին Լարսի վերահսկիչ անցագրային կետը բացելուց հետո մենք կրկին իրականացնելու ենք բեռնափոխադրումներ: Ներկայում ուսումնասիրվում են ավտոտրանսպորտի և սարքավորումների տեխնիկական վիճակը:

Մարտ ամսին Դուք պայմանագիր եք կնքել ուկրաինական «Բոգդան» ընկերության հետ; Ուրիշ այլ նախագծեր կա՞ն միջազգային շուկայում:
Քանի որ ներկայում մեծացել է «առևտրային» մեքենաների պահանջարկը, ապա «Կարկոմավտոն» փորձում է փոխշահավետ պայմանագրեր կնքել ավտոարտադրողների հետ: «Բոգդան» ավտոմեքենաները պահանջարկ կունենան ցանցային առևտրով զբաղվող ընկերություններում, քանի որ դրանք շարժունակ են և մատչելի: Հաջորդ եռամսյակում ընկերությունը կարող է պայմանագիր կնքել հերթական ավտոարտադրողի հետ` նոր պայմաններով, որոնք համապատասխանելու են Հայաստանում եղած պահանջարկին: Բացի այդ, քանի որ երկրի կառավարությունը գյուղատնտեսությանը մեծ ուշադրություն է դարձնում, ապա գյուղտեխնիկայի պահանջարկն առաջիկայում կբարձրանա: Այդ պատճառով «Կարկոմավտոյի» հետ փոխկապակցված մեկ այլ «Գալլոպեր» ընկերությունը պայմանագիր է կնքել հոլանդական CNH ընկերության հետ, որը հայտնի է իր ագրոտեխնիկայով և գյուղտեխնիկայով:

Մատչելի են, արդյոք, ներկայում մեքենավարկային տոկոսադրույքները: 2010 թ. ընթացքում դրանք կնվազեն, արդյոք:
Վարկերի դիմաց պահանջվող տոկոսադրույքները ներկայում շատ բարձր են ազգային արժույթի անկանխատեսելիության պատճառով, ինչն էլ բանկերի համար մեծ ռիսկ է պարունակում: Իսկ ինչ վերաբերում է կորպորատիվ վարկերին, ապա խոշոր ընկերությունները բանկերի հետ բանակցություններ են վարում տոկոսադրույքներն իջեցնելու ուղղությամբ: Ներկայում նկատելի է տոկոսադրույքների նվազման միտում;

Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման կիրառումն ինչպե՞ս կազդի ավտոմոբիլային բիզնեսի վրա:
Ավտոմոբիլային գործում հազիվ թե այն որևէ ազդեցություն ունենա, սակայն վարորդների զգուշավորությունն ու պատասխանատվությունը կմեծանա:

Այսօր պարզեցվա՞ծ է, արդյոք մաքսազերծման գործընթացը և ի՞նչ պետք է անել դրա կատարելագործման համար: Մատչելի՞ են, արդյոք, սահմանված մաքսատուրքերը:

(/) Մաքսազերծումը որոշ չափով պարզեցված է, քանի որ ներմուծող ընկերությունը հիմա կարող է լրացնել հայտարարագիրը (նախկինում այն լրացնում էին մաքսատան աշխատակիցները), ինչը բավականին ժամանակ է խնայում; Մաքսատուրքերը դեռևս շատ բարձր են, սակայն դա արդյունք է այն բանի, որ Հայաստանը ներմուծող երկիր է, և բյուջեի եկամուտների մեծ մասը ձևավորվում է սահմանի վրա մուծվող մաքսատուրքերի և հարկերի շնորհիվ: Եթե տարածաշրջանի հետ համեմատենք, ապա Հայաստանում տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան Ադրբեջանում, սակայն ավելի բարձր են, քան Վրաստանում, իսկ Թուրքիայի հետ համեմատած`միանման են;

Ընկերությունն ի՞նչ ծրագրեր ունի 2010 թ.-ին:
2010 թ. մենք շարունակելու ենք մեր հավասարակշռված քաղաքականությունը վարել, քանի որ ճգնաժամը դեռևս ավարտված չէ: Ներկա փուլում մենք հաղթահարել ենք ճգնաժամը, սակայն պահանջարկի աճի միտում դեռևս չի նկատվում: Սպասում ենք, որ առաջին իրական արդյունքները կնկատվեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
---