Հայկական ապահովագրական շուկան գտնվում է սպասողական վիճակում` կապված Պարտադիր ապահովագրման մասին օրենքի ներմուծման հետ

Անդրանիկ Օհանջանյան.

Հայկական ապահովագրական շուկան գտնվում է սպասողական վիճակում` կապված Պարտադիր ապահովագրման մասին օրենքի ներմուծման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մայիսի 18-ին ընդունեց «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի համաձայն պարտադիր ապահովագրումը երկրում կսկսի գործել 2011-ի հունվարի 1-ից: Թե ինչպիսի փոփոխությունների կհանգեցի պարտադիր ապահովագրման ներմուծումն ապահովագրական շուկայում, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի» իրավաբանական անձանց միության տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը:
Ինչպե՞ս եք կարծում, տվյալ պահին Հայաստանում բարենպաստ պայմաններ կան արդյոք ապահովագրական շուկայի զարգացման համար
Հայկական ապահովագրական շուկան մեկ անձի համար ապահովագրական վճարների ցուցանիշով և ՀՆԱ ապահովագրական վճարների համեմատ բավական հետ է մնում ինչպես ԱՊՀ երկրներից, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրներից:

Որո՞նք են հայկական ապահովագրական շուկայի առանձնահատկությունները
Հայաստանի սպառողների մոտ դժվարությամբ է ներմուծվում ապահովագրման կուլտուրան: Օրինակ, պարտադիր ապահովագրման ներմուծումը դիտարկվում է որպես ապահովագրման շուկայի խթանում: Մնացած երկրներում դա ընդունվում է որպես հասարակության համար վտանգ ներկայացնող առարկայի չեզոքացում կամ կրճատում հասարակական միջոցներով: Պետք է մտածել ոչ թե ավելի քիչ վճարելու մասին, այլ փոխարենը տրամադրվող ծառայությունները պահանջելու մասին: ՀՀ «Տրանսպորտային միջոցների օգտագործման քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում ընտրվել է ամենալիբերալ և ազատ մոդելը, որի դեպքում տուժածներին տրամադրվում են որոշակի իրավունքներ և առավելություններ: Օրենքում հստակ նշված են վճարումների ժամկետները և ընթացակարգը, որը հնարավորինս պարզեցված է, իսկ ժամկետները հասցված են նվազագույնի:

Ինչպե՞ս է տեղի ունենալու գնագոյացումը պարտադիր ապահովագրման դեպքում
Պարտադիր ապահովագրման արժեքը հաստատելու համար անհրաժեշտ է ավտոճանապարհային պատահարների ստույգ վիճակագրություն: Նախնական տվյալներով, որոնք դեռ ճշտվելու են և քննարկվելու փորձագետների կողմից, պարտադիր ապահովագրման արժեքը կազմելու է տարեկան 30-35 հազար դրամ:

Նախատեսվո՞ւմ են արդյոք ինչ-որ բոնուսներ:
Օրենքով նախատեսվում է, որ 2013-ի հունվարից գործելու է «բոնուս մալուս» համակարգը, որով ապահովագրված մեքենաների բարեխիղճ վարորդներին տրամադրվելու են բոնուսային միավորներ, այսինքն նրանք սկսելու են ավելի քիչ վճարել, իսկ ոչ բարեխիղճ վարորդներին` տուգանային միավորներ, և նրանք ավելի շատ են վճարելու: Բացի դրանից, յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պետք է իր կայքում հաշվիչ տեղադրի, որով վարորդները կարող են հաշվել պարտադիր ապահովագրման գումարը և օրենքի համաձայն, ընկերությունը չի կարող ապահովագրական փաթեթն ավելի էժան վաճառել, քան հաշվարկվել է կայքում:

Ինչպիսի՞ ծավալով են վճարվելու վնասները:
Գույքային վնասի համար նախատեսվում է 1.5 մլն դրամի առավելագույն սահման, անձնական վնասի համար` մինչև 3 մլն դրամ 1 մարդու դեպքում և մինչև 9 մլն դրամ մեկ պատահարի դեպքում:

Այս օրենքն աշխուժություն կմտցնի՞ հայկական շուկայում:
Ի տարբերություն սովորական ապահովագրման, որտեղ զուտ շուկայական հարաբերություններ և շահեր են, պարտադիր ապահովագրման դեպքում սակագները հաստատված են օրենքով, և որպես կանոն, այն երկրների օրինակով, որտեղ այս օրենքը կիրառվում է, այն ապահովագրման եկամտաբեր տեսակ չէ: Բայց դա չի նշանակում, որ ապահովագրական ընկերությունները չեն հետապնդում եկամուտ ստանալու նպատակ, ուղղակի նրանք շահագրգռված են նրանում, որ պարտադիր ապահովագրման դեպքում մարդիկ ստիպված կլինեն ավելի շատ շփվել ապահովագրական ընկերությունների հետ, որի հետևանքով ձեռք կբերեն վստահություն և կզարգանա կամավոր ապահովագրումը:

Ինչպե՞ս է տեղի ունենալու տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակումը ԿԲ և Հայաստանի ոստիկանության միջև:
Արդեն մի քանի տարիների ընթացքում ապահովագրական ընկերությունները ԿԲ-ում վարում են գրանցման մատյան` կապված մեքենաների ապահովագրման հետ: Այսինքն ցանկացած ապահովագրական ընկերություն պայմանագիր կնքելու դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվությունն ուղարկում է գրանցման մատյան, իսկ ճանապարհային պատահարի դեպքում փոխհատուցման վճարումների մասին ողջ տեղեկատվությունը նույնպես մտնում է գրանցամատյան: Ոստիկանության տեղեկատվական համակարգի միացման նպատակը ԿԲ գրանցամատյանի բազայի հետ համախմբումն է, որպեսզի ԿԲ-ին հասանելի լինի Հայաստանի տրանսպորտային միջոցների մասին ողջ տեղեկատվությունը:

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ միտումներ են նկատվում Հայաստանի ապահովագրական շուկայում:
Պարտադիր ապահովագրման ներմուծման հետ կապված` շուկան հիմա սպասողական վիճակում է: Ապահովագրական ընկերություններն աշխատում են նոր նախագծերի, նոր հեռանկարների և հնարավորությունների վրա: Ընդլայնվում են մարզերում գտնվող մասնաճյուղերը:

Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News
---