Արա Գրիգորյան.ԵԿԳ-ն վերջնականապես «հաշիվները կմաքրի ճգնաժամի» հետ և նոր 50-ամյա կոնյակ կարտադրի13 սեպտեմբերի 2010 PanARMENIAN.Net - 2009 թվականին հայկական ամենահայտնի «Արարատ» ապրանքանիշը ծանր ժամանակներ ապրեց` վաճառքի անկումը մեկ տարում կազմեց 35 տոկոս, սակայն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին գրանցվեց վաճառքի ծավալի 10 տոկոս աճ: Նման անկման պայմաններում գործարանը կրճատեց խաղողի մթերման ծավալները ընդամենը 10 տոկոսով` հավանաբար «ԱրԱրԱտի» ղեկավարությունը լավատեսորեն է գնահատում վաճառքների ծավալն ապագայում: Ճգնաժամից հնարավորինս շուտ դուրս գալու համար Երևանի կոնյակի գործարանը մի շարք միջոցներ է ձեռնարկել` կոնյակի իրացման աշխարհագրության ընդլայնման և շշալցման արտադրամասի վերազինման ուղղությամբ, որի համար պահանջվեց 352 մլն դրամ: Առաջիկա ծրագրերի և նոր 50-ամյա կոնյակի արտադրության մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է պատմել ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս տարվա խաղողի բերքի ծավալներն ու որակը: Ըստ մասնագետների գնահատման, այս տարի խաղողի բերքը լավն էր, ինչպես որակական, այնպես էլ քանակական առումով: Բարեբախտաբար, ոչ այնքան բարենպաստ եղանակային պայմանները, որոնք բացասաբար անդրադարձան գյուղատնտեսության ցուցանիշների վրա, չազդեցին խաղողի և նրա բերքի վրա, բացառությամբ Տավուշի մարզի: Հունիսին ուժեղ կարկուտի պատճառով տուժեց այդ մարզի բերքի մեծ մասը: Եղանակի պատճառով վնասներ կրած խաղողագործների թվում էին նաև ԵԿԳ հետ պայմանագիր կնքած խաղողագործները, որոնց 5,6 մլն դրամ պարտքը մենք չեղյալ համարեցինք: Բանը նրանում է, որ գործարանը, վերահսկելով խաղողոի որակական հատկանիշները ողջ տարվա ընթացքում, վարկ է տրամադրում գյուղացիներին պարարտանյութ, դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Այդ պարտքը սովորաբար մարվում է խաղողի մթերման ժամանակ: Ինչպե՞ս է ընթանալու խաղողի մթերումը 2010 թվականին. Որքա՞ն խաղող է մտադիր մթերել ԵԿԳ-ն և ի՞նչ գնով: Կկատարի արդյո՞ք գործարանն իր ստանձնած պարտավորությունները, չի կրճատվի արդո՞ք պայմանագրերի քանակը: Այս տարի Երևանի կոնյակի գործարանը կմթերի 29 հազար տոննա խաղող, և դա ոչ թե տնտեսական անհրաժեշտություն է, այլ բացառապես գյուղացիների հանդեպ սոցիալական պատասխանատվության արդյունք: Մթերման նախատեսված ծավալը զիջում է նախորդ տարվա ցուցանիշին մոտավորապես 10 տոկոսով (ԵԿԳ-ն 2009-ին մթերել է 31,5 հազար տոննա խաղող), սակայն եթե դիտարկենք այդ թվերը մթերման և իրացման ծավալների համակարգում, ապա, հաշվի առնելով վաճառքի ծավալների անկման նախորդ տարվա մակարդակը, ակնհայտ է, որ նման կրճատումը ուղիղ համամասնական չէ: Իրականում, 29 հազար տոննան 15 հազարով գերազանցում է այս տարի ձեռնարկությանն անհրաժեշտ քանակը, որի նպատակն է աջակցել ձեռնարկության հետ համագործակցող խաղողագործներին: Այստեղ կցանկանայի նշել, որ հումքի մթերում-արտադրանքի իրացում արտադրական շղթայում կարևոր տեղ է զբաղեցնում հումքի պահպանման փուլը, որը մթերվող խաղողի ծավալը ձևավորող գործոններից մեկն է: Այլ կերպ ասած, որոշելով մթերման ծավալները, հարկավոր էր լուծել նաև պահպանման հարցը: Այդ հարցն առավել արդիական դարձավ նախորդ տարվա իրացման տեմպերի դանդաղման արդյունքում, ուստի մենք ստիպված եղանք գնել լրացուցիչ 500 հազար լիտր տարողությամբ տարաներ: Կցանկանայի ընդգծել, որ գրագետ կազմված մթերման ծրագրի շնորհիվ, մեզ հաջողվեց խուսափել պայմանագրերի քանակի կրճատումից, այսինքն մթերման հայտարարված ծավալը հավասարապես կբաշխվի մեզ հետ համագործակցող ֆերմերների միջև: Ավելին, այս տարի մենք բազմաթիվ նոր պայմանգրեր ենք կնքել մի շարք խաղողագործների հետ, որոնց նոր տնկած խաղողի այգիներն այս տարի կտան առաջին բերքը: Ինչ վերաբերում է գնին, ապա չէի ցանկանա խախտել ավանդույքը և կհայտարարեմ այդ մասին սեպտեմեբրի 10-ից հետո կայանալիք մամլո ասուլիսում: Վերականգնվո՞ւմ են արդյոք կոնյակի վաճառքի ծավալները տնտեսական ճգնաժամից հետո: Ե՞րբ վաճառքի մակարդակը կհասնի մինչճգնաժամային մակարդակին: Կարծում եմ, այժմ գնահատելով տնտեսական ճգնաժամի ազդեցությունը արտադրության վրա, հարկավոր է ճշտել նրա ազդեցության ժամանակագրական ազդեցությունն այս կամ այն ոլորտի վրա: Եթե համեմատելու լինենք 2008-2010 ֆինանսական տարիների վաճառքի ծավալները, ապա կտեսնենք, որ անկումը կազմել է 35 տոկոս: Մինչդեռ, համեմատելով այս օրացուցային տարվա առավել սեղմ ժամկետները նախորդ տարվա նմանատիպ ցուցանիշների հետ, կարելի է նկատել որոշ դրական միտում: Այսպես օրինակ, 2010թ. հուլիս-օգոստոսի վաճառքի ծավալները գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշը 10 տոկոսով: Անշուշտ, նույնիսկ աննշան առաջընթացը լավատեսություն է ներշնչում: Իրականում, այս կամ այն հանգամանքների պատճառով, առաջին հետճգնաժամային փուլը ամենաբարդն է, այսինքն, այս փուլում կտրուկ առաջընթաց ակնկալել չենք կարող, վերականգնումը բավականին դանդաղ է ընթանում: Այնուամենայնիվ, հուսանք, որ մինչև տարեվերջ մենք վերջնականապես «հաշիվները կմաքրենք» ճգնաժամի հետ: Ի՞նչ տեմպերով է առաջ ընթանում ձեր գործարանի կոնյակի իրացման շուկայի աշխարհագրության ընդլայնումը: Ի՞նչ շուկայական քայլեր են ձեռնարկվում իրացման շուկայի ընդլայնման համար: Արտահանման ձևավորված սահմանների ընդլայնումը մշտապես ակտուալ խնդիր է մնում յուրաքանչյուր հաջողակ ձեռներցի համար: Չնայած նրան, որ «ԱրԱրԱտ» կոնյակների արտահանման քարտեզը գոյություն ունի արդեն մի քանի տասնամյակ, առաջնային խնդիրներից է նրա սահմանների ընդլայնման հեռանկարը: Սակայն, այս կամ այն երկիրը արտահանման ցուցակում ընդգրկելուց առաջ, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել նրա ալկոհոլային խմիչքների շուկայի կառուցվածքը: Որքան էլ տարօրինակ թվա, նոր շուկաները, որոնք առաջիկայում կբացվեն «ԱրԱրԱտի» համար, նաև ճգնաժամային տարում գցած սերմերի արգասիքն են: Անկասկած, ֆինանսատնտեսական ճգնաժամը որոշ չափով արագացրեց նոր շուկաների որոնման տեմպերը՝ կենտրոնացնելով մեր ուշադրությունն ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի վրա: 2010-ին «ԱրԱրԱտ» կոնյակները սկսեցին արտահանվել Ռումինիա, Վիետնամ: Այս պահի դրությամբ ավարտին են մոտենում Շվեդիայի շուկա դուրս գալու նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է մարքեթինգային քայլերին, ապա այստեղ ես կցանկանայի առանձնացնել երկու գլոբալ նախագիծ՝ դա «Աղթամար» ֆիլմն է, որն անցյալ տարի դուրս եկավ էկրաններ, և նոր ապրանքագծի թողարկումը: Մի ապրանքի համար, որի 92 տոկոսն իրացվում է արտաքին շուկայում, նման կարգի մարքեթինգային երևույթները բացատրվում են արտահանման առավելագույն ուղղվածությամբ: Ուրախալի է, որ «Աղթամար» ֆիլմն արդեն հասցրել է առավել հաջողակ մարքեթինգային նախագծերի թվում ընդգրկվել և ներկայացվել է հեղինակավոր Euro EFFIE 2010 և M&M AWARDS մրացանակների: Ընդհանրապես, խոսելով արտահանման մասին, հարկավոր է հաշվի առնել, որ ըստ միջազգային մարքեթինգային հետազոտությունների, այն օտարերկրացուն Հայաստանի հետ կապող հզոր մի գործոնի է վերածվել: Պատմականորեն ձևավորված այդ գործոնը հսկայական պատասխանատվություն է դնում մեզ վրա, որը հաճախ դուրս է գալիս պրոդուկտի շրջանակներից, և արդեն բավական չէ գործ ունենալ միայն նրա որակական բնութագրերի հետ: Այս առումով կցանկանայի ընդգծել «ԱրԱրԱտի» փաթեթավորման (շշերի, պիտակների) ողջ գամմայի նորացումը: Կարծում եմ, որ մեր փաթեթավորման որոշ նորացումը կնպաստի արտահանմանը: Արդեն նախնական պայմանավորվածութուն կա Մերձավոր Արևելքի երկրների հետ: Մասնավորապես, նոր գծի թողարկման հետ մենք մտադիր ենք արտահանման որակապես նոր մակարդակի դուրս գալ՝ արտահանելով մեր արտադրանքը Լիբանան, Իսրայել: Որքա՞ն ներդրում է արդեն կատարել ԵԿԳ-ն տեխնիկական վերազինման համար և որքա՞ն է մտադիր կատարել ընթացիկ տարում: Ե՞րբ վաճառքում կհայտնվեն նոր շշերով և նոր փաթեթավորմամբ «ԱրԱրԱտ» կոնյակները: Ինչպե՞ս դա կազդի վաճառքի ծավալների վրա: Որքա՞ն կոնյակ կարտադրի ԵԿԳ-ն նոր տարում: Ինչպես գիտեք, այս տարի փոխվելու է «ԱրԱրԱտ» կոնյակների փաթեթավորումը: Նախագիծը կարող է հավակնոտ թվալ, սակայն, պատճառները միանգամայն արդարացնում են նման ընտրությունը: Հասկանալի է, որ նման նախաձեռնության պատճառով մեր ներդրումային գործունեության գլխավոր օբյեկտներից մեկը դարձավ տեխնիկական վերազինումը: Մասնավորապես, մենք տեղադրել ենք շշալցման նոր հոսքագծեր: Շշալցման արտադրամասի վերազինման համար ծախսվեց 352 մլն դրամ: Ի դեպ, այժմ մենք արդենք վաճառքի ենք հանում 3 և 5-աստղանի կոնյակներ: Իսկ հոկտեմբերին կթողարկվի «ԱրԱրԱտ» կոնյակների ողջ տեսականին, որը կուղեկցվի իրազեկման մեծ արշավով և մի շարք միջոցառումներով: Ինչ վերաբերում է նոր փաթեթավորման ազդեցությանը արտադրության ծավալների վրա, ապա այսպես թե այնպես արտադրության ծավալները որոշող գլխավոր գործոնը իրացման ծավալն է: Հուսով եմ, նոր փաթեթավորման շնորհիվ վաճառքի կորագիծը դեպի վեր կբարձրանա: Պատմեք, խնդրեմ, ԵԿԳ առաջիկա ծրագրերի մասին, կան արդյոք նոր գաղափարներ արտադրանքի տեսականու ընդլայնման, արտերկրում արտադրամասերի բացման վերաբերյալ: Պատասխանս սկսեմ վերջից: Հայկական կոնյակի արտադրության արտադրամաս արտերկրում բացելն անհնար է և հարցն այստեղ արտադրական հզորությունների ներուժի բացակայությունը չէ՝ ցանկության դեպքում դա կարելի է կազմակերպել: Արգելքն, առաջին հերթին, օրենսդրական է: Համապատասխան օրենքում հստակ գրված է, որ հայկական կոնյակ է կոչվում միայն այն արտադրանքը, որը համապատասխանում է մի շարք պահանջների, այդ թվում՝ այն պետք է պատրաստված լինի Հայաստանում աճեցված խաղողի որոշակի տեսակներից, պահպանված և շշալցված լինի Հայաստանում: Ասպիսով, արտերկրում բաժանմունքի բացումը մեր դեպքում առաջին հերթին հակասում է օրենքին: Բացի այդ, Պեռնո Ռիկար ընկերությունում (1999թ. ԵԿԳ-ն Պեռնո Ռիկար խմբի մեջ է մտնում) որդեգրել են հետևյալ կարգախոսը՝ «տեղական արմատներ, գլոբալ նվաճումներ» (Local roots, global reach), որն իրեն արդարացնում է արդեն մի քանի տասնամյակ: Այս սկզբունքի էությունը նրանում է, որ ընկերության արտադրած այս կամ այն խմիչքը պետք է արտադրվի բացառապես նրա հայրենիքում: Ինչ վերաբերում է տեսականու ընդլայնմանը, ապա իր արտադրական յուրահատկության պատճառով, պրոֆեսիոնալ կոնյակագործությունը չի կարող իրեն թույլ տալ պարբերաբար թարմացնել տեսականին: Այժմ զանգվածային արտադրության մեջ է «ԱրԱրԱտ» կոնյակի 7 տեսակ՝ 3-աստղանի, 5-աստղանի, «Անի», «Ընտիր», «Աղթամար», «Տոնական», «Նաիրի» կոնյակները: Պարբերաբար մեր գործարանի տարածքում գտնվող խանութում, ինչպես նաև Պեռնո Ռիկարի ֆիրմային խանութում խիստ սահմանափակ քանակով վաճառքի են հանվում «Դվին», «Էրեբունի», «Կիլիկիա», «Սպարապետ» կոնյակները: Նախատեսվում է նաև թողարկել 25, 30 և 50 տարվա երեք ուլտրա-պրեմիում դասի կոնյակներ, որոնք կթողարկվեն միասնական «Էրեբունի» անվան տակ: Հռիփսիմե Հայրապետյան / PanARMENIAN News | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |