Հայաստանն Իրանի հետ համագործակցությունը գնահատում է որպես «բավարար»

Արմեն Մովսիսյան.

Հայաստանն Իրանի հետ համագործակցությունը գնահատում է որպես «բավարար»

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարիների ընթացքում էներգաանվտանգության և էներգաապահովվածության բարձրացման արդիականությունը դարձել է Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը, որն իր տնտեսական պաշարների դիվերսիֆիկացիայի նպատակով ընդլայնում և խորացնում է հարաբերությունները հարևանների հետ: Մասնավորապես, Իրանի հետ Հայաստանն իրագործում է և մտադիր է իրագործել մի շարք նախագծեր, որոնք թույլ են տալու նրան դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Իրանի հետ իրագործվող նախագծերի, ինչպես նաև այդ երկրի ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի ակնկալվող այցի շրջանակներում նավթատարի շինարարության վերաբերյալ բանակցությունների ավարտի պլանի մասին:
Էներգետիկ անկախության բարձրացման նպատակով Հայաստանը զգալիորեն ակտիվացրել է համագործակցությունն Իրանի հետ: Պատմեք համատեղ իրագործվող ծրագրերի մասին: Ո՞ր փուլում են դրանք գտնվում:
Հայաստանը և Իրանն իրագործում են մի շարք համատեղ ծրագրեր էներգետիկ ոլորտում, որոնց թվում` Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, նավթատար, երկաթուղի, ինչպես նաև երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծերի շինարարությունը: Այդ նախագծերի մեծամասնությունը 2011-ին մտնելու են գործնական փուլ:

Ինչպե՞ս է ընթանում Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության նախապատրաստությունը: Ե՞րբ են սկսվելու շինարարական աշխատանքները և որքա՞ն է լինելու դրանց արժողությունը: Հայաստանի և Իրանի միջև պայմանագրի համաձայն ՀԷԿ-ը դառնալու է Հայաստանը սեփականությունը միայն 15 տարի անց: Արդյոք կայանն այդ ժամանակ արդեն հնացած չի՞ լինի և շահավետ կլինի՞ Հայաստանի համար դրա շահագործումը: Հնարավո՞ր է արդյոք Մեղրիի ՀԷԿ-ի օրինակով նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը:
Հայաստանը և Իրանը նախատեսում են Արաքս գետի վրա կառուցել Հարավային Կովկասում երկու հզոր ՀԷԿ-եր. հայկական կողմից կայանը գտնվելու է Մեղրիում, իսկ իրանական կողմից՝ Քարաչիլարում: Կայաններից յուրաքանչյուրն ամեն տարի արտադրելու է 793 Կվտ էլեկտրաէներգիա: Մեղիի ՀԷԿ-ի հզորությունը կազմելու է 130 Մվտ:

Այս տարի մենք պետք է ավարտենք բոլոր նախապատրաստական աշխատանքներն անմիջականորեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությանը ձեռնամուխ լինելու համար, որը նախատեսվում է ավարտել 5 տարվա ընթացքում: Տվյալ պահին մենք որոշում ենք հողատարածքներ հատկացնելու և լիցենզիաներ տրամադրելու հարցը, որպեսզի փորձենք առավելագույն օպերատիվ ժամկետներում սկսել շինարակական աշխատանքները: Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը գնահատվում է 323 մլն դոլար, որը ներդնում է Իրանական ներդրումային ընկերությունը: Պայմանագրի համաձայն, 15 տարվա ընթացքում ՀԷԿ-ի կողմից արտադրվող 239 Կվտ հզորությամբ էներգիան մատակարարվելու է Իրան էլեկտրահաղորդումների գծերի (ԷՀԳ) միջոցով, որից հետո կայանն անհատույց անցնելու է հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս:

Ինչ վերաբերվում է նմանատիպ ՀԷԿ-երի շինարարությանը, ապա Հայաստանը դեռևս չի քննարկում նման պլաններ, քանի որ մեր երկրում այդպիսի ծավալների ջրային ռեսուրսներ չկան:

Հայաստանը և Իրանը սկսել են հերթական ԷՀԳ շինարարությունը: Ինչպիսի՞ն է լինելու դրա հզորությունը, որքա՞ն է նախագծի արժողությունը: ԷՀԳ-ն առաջինը չէ, որ կառուցել են Հայաստանը և Իրանը: Ինչպե՞ս են շահագործվում արդեն ունեցած ԷՀԳ-ը և որքա՞ն է դրանց ընդհանուր հզորությունը:
Մինչև 2011-ի վերջ պատրաստ կլինի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդումների գծերի 70 տոկոսը: Իրանից Հայաստան նոր ԷՀԳ շինարարությունն իրականացնելու է իրանական Sanir ընկերությունը, նախագծի արժեքը գնահատվում է մոտավորապես 100 մլն եվրո: Ներկա պահին Հայաստանի և Իրանի միջև գործում են երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 450 Մվտ, իսկ երրորդ ԷՀԳ հետ՝ 1200Մվտ:

Պատմեք Իրան-Հայաստան գազատարի շահագործման մասին: Կառուցվելո՞ւ է արդյոք գազատարի երկրորդ գիծը և որքա՞ն է լինելու շինարարության արժողությունը:
Հայաստանի էներգահամակարգի անվտանգության հիմնական դրույթներից է նրա դիվերսիֆիկացիան, ուստի մենք քննարկում ենք թե մագիստրալ գազատարի, որով ռուսական բնական գազը Վրաստանի տարածքով մտնում է Հայաստան, թե Իրան-Հայաստան գազատարի աշխատանքի նպատակահարմարությունը: Կարող եմ ասել մի բան. 2011-ին մենք ապահովել ենք էլեկտրաէներգիայի մշակման 15 տոկոս աճ 2010-ի համեմատ, որից 12 տոկոսն արտահանվել է «գազ՝ էլեկտրաէներգիայի փոխարեն» ծրագրի շրջանակներում, որն իրագործվում է Իրանի կողմից: Ավելին, Իրան-Հայաստան գազատարը նախատեսված է նրա համար, որպեսզի ցանկացած ֆորս մաժորային իրավիճակում կարողանա ապահովել բնական գազի Հայաստանի ողջ պահանջարկը և նույնսիկ մի քանի տարվա տեմպերի աճ:

Միևնույն ժամանակ, մենք երկրորդ նման գազատարի շինարարության ծրագիր չունենք:

Ինչպե՞ս են ընթանում Հայաստան-Իրան նավթատարի շինարարության գործերը: Որքա՞ն արժի նախագիծը: Ստորագրվելո՞ւ է արդյոք նավթատարի շինարարության մասին վերջնական պայմանագիր Հայաստանի և Իրանի միջև Իրանի նախագահի` Հայաստան կատարելիք այցի շրջանակներում:
Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Նավթատարը թույլ կտա Հայաստանին նավթամթերք ստանալ ոչ միայն Իրանի նավթազտարաններից, այլ նաև Պարսից ծոցից, որտեղ այսօրվա դրությամբ գտնվում է աշխարհում թվով երկրորդ բորսան, որտեղ վաճառվում է տարբեր որակի նավթամթերք: Հայաստանը կկարողանա օգտվել բորսայում գործող գներից, որոնք զգալիորեն տարբերվում են միջերկրածովյին գներից և զգալիորեն կրճատել տրանսպորտային ծախսերը: Պետք է հիշել այն բարդ իրավֆիճակը, որի մեջ հայտնվեց Հայաստանը երկու տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է տնտեսապես արդյունավետ նախագծում ներդրումներին, ապա ներդրողներ կգտնվեն: Նավթատարի շինարարությունը Հայաստանի տարածքում կֆինանսավորի հայկական կողմը, իսկ Իրանի տարածքում՝ իրանական կողմը: Նավթատարի շահագործման մասին պայմանագիրը կկնքվի 25 տարով: Հայաստանի ներքին սպառման պահանջարկը կազմում է տարեկան 400 հազար տոննա: Այս նավթատարը թույլ կտա լիովին բավարարել նավթամթերքի մեր պահանջմունքները, ինչպես նաև ապահովել տարանցման ծավալների ավելացում առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

Ինչ վերաբերվում է Մահմուդ Ահմադինեժադի այցի շրջանակներում վերջնական պայմանագիր կնքելուն, ապա եթե նավթամթերքների խողովակաշարի ծրագրի շուրջ բոլոր բանակցություններն ավարտված լինեն, հնարավոր է, որ այդ այցի շրջանակներում ստորագրվեն համապատասխան փաստաթղթեր:

Հայաստանում կառուցվելո՞ւ է արդյոք նավթազտարան, չէ՞ որ այդ հնարավորությունը Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը քննարկել են նախկինում:
Հայաստանում նավթազտարան ստեղծելու գաղափարն ուժի մեջ է մնում: Հայաստանում նավթազտարան կառուցելու ծրագրի մի մասը կազմում է հենց Իրան-Հայաստան նավթատարի շինարարությունը, բայց այդ հսկայական ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածք, մասնավորապես, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, որով հետագայում հնարավոր կլինի տեղափոխել պատրաստի արտադրանքն արտաքին շուկաներ, քանի որ երկրի ներսում այդ արտադրանքը համապատասխան պահաջարկ չի ունենա: Կարծում եմ, որ կգա ժամանակ, և այդ գաղափարը կյանքի կկոչվի:

Այս համագործակցության համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ համագործակցությունը, և որքանո՞վ է բարձրանալու Հայաստանը էներգաանվտանգությունը: Ինչպիսի՞ դեր է խաղալու մեր երկիրը տարածաշրջանում:
Իրանի հետ համագործակցությունը ես բավարար եմ գնահատում: Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին, ապա անհնար է ասել, թե որքան կբարձրանա Հայաստանի էներգաանվտանգությունը` 20 տոկոսով, 30 տոկոսով…Այնուամենայնիվ, Հայաստանն էներգաանվտանգության մակարդակով կդառնա տարածաշրջանի առաջատար երկրներից մեկը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---