Փարաջանովի մասին  երազող դեսպանը

Մարիա Մարսելա Նիկոդեմոս.

Փարաջանովի մասին երազող դեսպանը

PanARMENIAN.Net - Մարիա Մարսելա Նիկոդեմոսը՝ երկրագնդի ամենագեղեցիկ երկրներից մեկի՝ Բրազիլիայի դեսպանը, իր տպավորություններով և երազանքներով կիսվել է PanARMENIAN.Net-ի հետ: «Ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ և դա իմ առաջին նշանակումն է որպես դեսպան: Մինչև Երևան ժամանելը ես զբաղեցրել եմ Լիմայում Բրազիլիայի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- ասաց դեսպանը

«Իհարկե, ես գիտեի Հայաստանի մասին, սակայն իմ գիտելիքները չափազանց աղքատ էին դեսպանի պաշտոնում նշանակվելու համար: Ես սկսեցի ավելի շատ շփվել տեղի հայկական սփյուռքի հետ, որի ներկայացուցիչները, ի դեպ, իմ լավ ընկերներն են: Նրանք հաճույքով համաձայնվեցին ինձ օգնել՝ պատմելով հայ ժողովրդի պատմության և նրա մշակութային ժառանգության մասին»,- նշեց Նիկոդեմոսը, հավելելով, որ, չնայած դրան, Հայաստանին և հայ ժողովրդի իրական բնույթին նա ծանոթացավ, երբ այցելեց Երևան:

Ժամանելով Հայաստան՝ Նիկոդեմոսը հանդիպել է բարյացակամ և սիրալիր ժողովրդի հետ, որը, ինչպես նշեց նա, շատ է թեթևացրել իր հայրենիքից հեռու գտնվելը. «Մենք նման ենք մեր բարյացակամությամբ: Ժամանման պահից ես շփման մեջ երբեք խնդիրներ չեմ ունեցել»:

Խոսելով տպավորությունների մասին՝ դեսպանը հիացմունքով սկսեց նշել հայ անվանի գրողների, նկարիչների և ռեժիսորների անունները: Պարզվեց, որ դեսպանը հայկական մշակույթի իսկական գիտակ է: Նիկոդեմոսի սիրած նկարիչը Մարտիրոս Սարյանն է. «Եթե իմանայի, որ կարող եմ ձեռք բերել նրա աշխատանքներից գոնե մեկը, ես միջոցներ չէի խնայի: Նրա գունեղ տեսարաններն ուղղակի ոգեշնչում են ինձ»:

Բայց, չնայած Սարյանի նկատմամբ «սիրուն», դեսպանի սիրտը պատկանում է նկարիչ և ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին: Կարծես հմայված նկարչի ստեղծագործություններով՝ դեսպանը պատմում էր Փարաջանովի մասին, ստիպելով շունչը պահած կլանել յուրաքանչյուր բառը, քանի որ դրանք ասվում են մարդու կողմից, ով խոնարհվում է մաեստրոյի արվեստի առջև:

«Ցավոք սրտի, ես տեսել եմ նրա ֆիլմերից միայն մեկը՝ «Նռան գույնը», բայց ես բավական հաճախ եմ այցելում նրա տուն-թանգարան: Նրա արվեստը լի է ոգեշնչմամբ և անսահման ստեղծագործականությամբ... Ի դեպ, թանգարանի տնօրենը խոստացել է ինձ հետ ֆոտոսեսիա անցկացնել Փարաջանովի դիզայներական գլխարկներով»,- իր գաղտնիքով կիսվեց Նիկոդեմոսը:

Նիկոդեմոսը պատմեց նաև, որ շատ է սիրում զբոսնել Երևանի փոքրիկ փողոցներով: Հատկապես դեսպանին դուր է գալիս Զաքյան փողոցը, որտեղ «ծառերն իրենց խիտ սաղարթի շնորհիվ ստեղծում են աննման գեղեցկության յուրահատուկ ծածկ»:

Նրա սիրած վայրերից է Ազգային պատկերասրահը: «Հատկապես սիրում եմ վերևի հարկը՝ շենքի պատշգամբը, որտեղից բացվում է քաղաքի զմայլիչ տեսարան»:

Քանի որ մոտենում է Ամանորը, զրույցի վերջում Նիկոդեմոսը PanARMENIAN.Net ին պատմեց այն մասին, թե ինչպես են Բրազիլիայում նշում Նոր տարին:

«Բրազիլիայում Նոր տարին բոլորովին այլ կերպ են նշում, քան այլ քրիստոնեական երկրներում: Բրազիլական Ամանորը հասկանալու և լիովին զգալու համար անհրաժեշտ է լինել Ռիո դե Ժանեյրոյում: Բոլորը հագնում են սպիտակ զգեստներ և գնում լողափ, այնուհետև ժամը 12-ին ժամացույցի զանգերը հնչելուց հետո մարդիկ ծովի մեջ նետում են սպիտակ ծաղիկներ և մրգերով, ուտելիքով զամբյուղներ՝ աստվածներին նվերներ մատուցելու համար: Ներկաները սկսում են շնորհավորել միմյանց, իսկ տոնակատարության ավարտին մարդկանց սպասում է շքեղ հրավառություն ողջ ափի երկայնքով: Դա հիրավի աննկարագելի տեսարան է»:

Գոհար Կարապետյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

---