Արտավազդ Վարդանյանը առևանգումից հետո էլ շարունակում է հացադուլը

Արտավազդ Վարդանյանը առևանգումից հետո էլ շարունակում է հացադուլը

PanARMENIAN.Net - Արտավազդ Վարդանյանը, որը դեռևս 8 օր առաջ հացադուլ էր հայտարարել կապված ԱԺ ընտրությունների հետ, երեկվա առևանգումից հետո էլ շարունակում է իր հացադուլը: Այսօր հենց հացադուլի վայրում` ԿԸՀ-ի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ինքը Արտավազդ Վարդանյանը:

Երեկ անհայտ անձինք առևանգել էին 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանին, բռնի ուժով նստեցրել մեքենան և տարել իր բնակավայրը: Վերջինս, հասնելով այնտեղ, նստել է տաքսի և ետ վերադարձել ԿԸՀ շենքի մոտ, որտեղ հացադուլ էր անում. «Երբ վերադարձա, այստեղ ոստիկաններ չկային, մի ոստիկանի գտա, որը զանգահարեց, եկան ոստիկանները: Նրանք պահանջեցին, որ ես անձամբ գնամ բաժին ցուցմունք տալու, բայց ես հրաժարվեցի: Ընկերներս իմ փոխարեն գնացին, ցուցմունք տվեցին և երկար ժամանակ անց նոր հայտնվեցին ոստիկանները»:

Արտավազդ Վարդանյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկվա դեպքի հետ կապված, երբ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը անձամբ հանել էր Արտավազդ Վարդանյանի վրանը, ասել է, որ քիչ է հավանականությունը, որ կարողանան օգնել իրեն, քանի որ ոստիկանությունը չի լսում իր հորդորները, սակայն ինքը կփորձի այնպես անել, որ այս հացադուլը օրինակ լինի, որ կարողանան պաշտպանել հացադուլավորների շահերը: ՄԻՊ-ի կայքում նշվում է, որ Արտավազդ Վարդանյանի գործը գտնվում է ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում. «Քաղաքացի Վարդանյանը դիմել է քաղաքապետարան իրեն վրան կամ հովանոց տրամադրելու խնդրանքով: Այժմ փորձում ենք ճշտել քաղաքապետարանի կայացրած որոշումը, կապված Ա. Վարդանյանի գործի հետ, որից հետո Պաշտպանը կկայացնի իր վերջնական որոշումը»:

Արտավազդ Վարդանյանը նշում է, որ իր նպատակն է հայ հասարակությանը հասցնել իր այն ուղերձը, որ վերջինս հասկանա, որ իր ուժը քաղաքացիական հասարակությունն է. «Մեր ոստիկանանական պետությունում ոստիկանությունը փորձում է խաղի կանոններ թելադրել, ինձ նման հասարակ մարդիկ պետք է ցույց տան, որ իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---