Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Սվարովսկի բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կբացվի «Սվարովսկի բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Աստղերի հարթակում բացվելու է «Սվարովսկի բյուրեղյա պալատ» ցուցահանդեսը:

Ներկայացվելու են Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո և Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած «Սվարովսկի բյուրեղյա պալատի» ջահերի ընտրանին:

Ինչպես հայտնում է արվեստի կենտրոնի մամլո ծառայությունը, «Բյուրեղյա պալատը» շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահատ բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի համադրությամբ եզակի օրինակներ: Նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ Սվարովսկի Բյուրեղյա պալատը կոտրում է կարծրատիպերը և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն դիզայներները և դիզայներական ընկերությունները:

Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների, ամենատպավորիչ ցուցանմուշը` «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: Վինսենթ Վան Դույզենի գեղագիտությանը բնորոշ է նրբագեղության և պարզության համադրությունը, որտեղ նախընտրությունը տրվում է պարզ և ամփոփ ձևերին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---