97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Գրառումներ Կաննից. «Կաննի ինչի՞ն է պետք «Մադագասկարը» կամ «Վամպիրի խայթոցը կարմիր ուղեգորգի վրա»

Գրառումներ Կաննից. «Կաննի ինչի՞ն է պետք «Մադագասկարը» կամ «Վամպիրի խայթոցը կարմիր ուղեգորգի վրա»

PanARMENIAN.Net - Կաննում երբեմն որոշ բաներ զարմացնում են»: Օրինակ, նման հեղինակավոր փառատոնի ինչի՞ն էր պետք «Մադագասկար 3»-ը, որը կարելի է գովազդային դադար անվանել՝ անհասկանալի, կարճ և ինչ-որ չափով նույնիսկ անիմաստ…Եվ ինչպես ընկերների մի ողջ ամբոխի հետ «եվրոպական երեկույթի» ժամանած ամերիկացի ռեպեր P Diddy-ն այստեղ երկրպագուներ գտավ, օրինակ, երեխատեր մի կնոջ, որը նույնիսկ ինքնագիր չստացավ…Եվ ինչպես Ֆրեդերիկ Բեգբեդերը դիջեյի դերում հայտնվեց Martiny party-ում…

Եվ այնուամենայնիվ, ինչու հայտնվեց մուլտֆիլմ-գազանանոցը Կաննում, հավանաբար, բոլորին է պարզ՝ ավելի լավ փիար ֆիլմի համար հնարավոր չէր գտնել, և այդ ֆիլմի հետ փառատոնն ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, թեև «մադագասկարցիների» գունավոր կեղծամները շատ անտեղի էին Օդիարի ու Հանեկեի ֆիլմերի միջև:

Սակայն, արդյունքում, ինչպես դա սովորաբար լինում է գովազդի ժամանակ, բոլոր նրանք, ում սրտովը չէր, գնացին իրենց գործերով՝ մեկը մի բան ուտելու, մյուս զուգարան, մեկ ուրիշն էլի ինչ-որ տեղ:

Գովազդի պես հաճախակի աչքի առաջ հայտնվող ու պնդերես էր Ջեսիկա Չեսթեյնը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ նա շատ հաճելի կին է, բարյացակամ, աստղային հիվանդությունից զերծ (դեռ կհասցնի): Այնուամենայնիվ, Ջեսիական ամենուր էր, բոլոր կարմիր ուղեգորգերի վրա, երեկույթներում, փակ ընթրիքներին, միաժամանակ այդ նույն «Մադագասկարում» ու «Աշխարհի ամենահարբած շրջանում» կամ Ջոն Հիլքոութի «Առանց օրենքի» ֆիլմում:

Հաճելիորեն զարմացրեց Շայա Լաբեֆը, որն արժանապատվորեն դուրս եկավ «տրանսֆորմերական» մեյնսթրիմից Lawless-ում և չընկրկեց մյուս աստեղային կազմի առջև՝ ներառյալ Գարի Օլդմենին, որը, ցավոք Կանն չի ժամանել: Եթե երիտասարդ դերասանը նույն ոգով շարունակի, նրան կարելի է մեծ կինոապագա կանխագուշակել:

Իսկ հիշո՞ւմ եք, 90-ականների վերջում մանկական ինչ համընդհանուր հիացմունք էին առաջացնում Ջեկի Չանի ֆիլմերը, իսկ ֆիլմերից հետո տեսահոլովակներն այն մասին, թե ինչպես է Ջեկին կատարում իր մահացու վտանգավոր հնարքները: Կաննում իմ բոլոր հիացական հիշողությունները փչացրեց Ջեկի Չանի «Չինական կենդանակերպ» ֆիլմը՝ հագեցած նոր, հատուկ էֆեկտներով, ինչպես նաև այն, թե ինչպես ներկայացրեց ֆիլմը ինքը դերասանն ու ռեժիսորը: Անհեթեթ շարժումներ, անտեղի ժպիտներ, երգերի հատվածներ չինարենով, օդային համբույրներ…Իսկական Ջեկի Չանը մնաց 90-ականների հեռուստացույցում:

Տպավորիչ էր Արջենտո ընտանիքը, որը ներկայացնում էր 3D «Դրակուլան»: Արջենտոն այնքան էր նման իր ֆիլմերին, որ չէիր ցանկանա հանդիպել նրան նույնիսկ ամենալուսավոր գիշերը: Նրա դուստրը՝ Ասիան արտաքնապես ամենևին չի վախեցնում, սակայն, բոլոր նրանք, ովքեր տեսել են «Դրակուլան», ասում են, որ դա շատ սարսափելի կինո է: Ափսոս, որ փառատոնին չի մասնակցում Ռուտգեր Հաուերը, որը խաղացել է Վան Հելսինգի դերը, սակայն դերի մեջ մտած արյունարբու Թոմաս Կրենչմանը փորձում էր ֆոտոքոլի ժամանակ խայթել Դարիո Արջենտոյին: Ռեժիսորը, կարծես, ամենևին էլ դեմ չէր:

Փառատոնի հինգերորդ օրվա ամենագլխավոր իրադարձությունը եղավ բազում կինոմրցանակների դափնեկիր Միխայել Հանեկեի «Սերը»: Այս ֆիլմը ամենածանր սխրանքի մասին է, որին ընդունակ է սերը՝ օգնել սիրած էակին հեռանալ կյանքից: Հանեկեն ցույց տվեց ողբերգական իրավիճակում գտնվող ընտանեկան զույգին՝ կինը ծանր ու տանջալից է հեռանում աշխարհից, ամուսինը հավատարմորեն խնամելով իր երկրորդ կեսին, աչքի առաջ նույնպես կարծես անհետանում է նրա հետ: Ֆիլմի մասնակիցներին Ժան-Լուի Տրետինյանին ու Էմանուել Ռիվային սերն արդեն իսկ միացրել է ինչպես սիամական երկվորյակների:

Այս հուզիչ պատմությունը ներկայացրած դերասանները, որոնք արդեն 80-ն անց են, առավել սրտառուչ էին փառատոնի միջոցառումների ժամանակ: Եվ Տրետինյանը, և Ռիվան դանդաղ գնում էին կարմիր ուղեգորգով, բացահայտորեն վայելելով յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան ուշադրությունն իրենց նկատմամբ, և Ռիվան նույնիսկ արտասվեց, երբ խնդրեցին նրա ինքնագիրը: Ինչպես էլ հետագայում դասավորվի այս ֆիլմի ճակատագիրը, Կաննում և Կաննից հետո, Հանեկեն հանդիսատեսին նվիրեց մի գեղեցիկ ու մտածելու առիթ տվող պատմություն, իսկ տարեց դերասաններին՝ վարպետությամբ փայլելու հնարավորություն, գուցե, վերջին անգամ:

Մինչդեռ, Կաննում դեռ ցուրտ է, 3 օր անընդմեջ հորդառատ անձրևներ են տեղում, ըստ տեղաբնակների, առաջին անգամ փառատոնի պատմության մեջ: Մնում է հուսալ, որ վաղն ավելի հուսադրող նորություններ կլինեն եղանակի մասին, դե իսկ կինոյի մասին նորությունները սպասեցնել չեն տա:

Վահան Ստեփանյան, Զառա Բուդաղյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---