Հիմնանորոգվել է Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը

Հիմնանորոգվել է  Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը

PanARMENIAN.Net - «Հայաստան»հիմնադրամի պատվիրակությունը մայիսի 27-ին բացեց Երևանի Շենգավիթի հիմնանորոգված գիշերօթիկ մանկապարտեզը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են «Հայաստան»համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից, բացմանը մասնակցում էին Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսը, որոնց և տրվեց կարմիր ժապավենը կտրելու պատիվը:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքին, ում ջանքերով նոր կյանք ստացավ այս կրթօջախը»,- հայերենով ողջույնի խոսք է ասել դեսպանը:

Հիմնանորոգվել է խորհրդային շրջանի երեք մասնաշենքից բաղկացած ընդարձակ կառույցը, որը համալրվել է նոր, գեղեցիկ շքամուտքով: Սենյակներն ու խոհանոցը կահավորվել են անհրաժեշտ գույքով: Բարեկարգվել է բակը, ստեղծվել նոր խաղահրապարակ:

Սա մայրաքաղաքում գործող միակ գիշերօթիկ մսուր-մանկապարտեզն է, որը սպասարկում է Երևանի սոցիալապես անապահով և ծնողազուրկ ընտանիքների երեխաներին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 2-ից 7 տարեկան ավելի քան 180 երեխա, որոնցից 70-ը` գիշերակացով: Մանկապարտեզն ունի նաև հոգեբան և թերապևտ:

Շենքի ամբողջական հիմնանորոգումն ու կահավորումն իրականացրել է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---