Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին կլրանար հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի (Ֆրունզիկի) 82 ամյակը: Արդեն 19 տարի է, ինչ նա մեզ հետ չէ, սակայն սերը նրա հանդեպ առաջվա պես ուժեղ է:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Լենինականում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո`1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն:1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Զամբախով («Խաթաբալա») դերերում: Ցավոք, նրա աչքերի տխրությունը անձնական կյանքի ցավերի արտահայտությունն էր, քանի որ դերասանը այդպես էլ երջանիկ չեղավ:

Եթե Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ապա սովետական մյուս կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերեր մարմնավորելու համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։Նա «Միմինո» ֆիլմի միակ դերասանն էր, ով արժանացել էր ՍՍՀՄ պետական պարգևի: Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 29-ին ծանր հիվանդությունից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---