«Ոսկե ծիրան». Բացվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը

«Ոսկե ծիրան». Բացվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր` հուլիսի 10-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում բացվեց «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը:

Հայաստանում` Եվրոպական միության աջակցությամբ հիմնվել է նոր ծրագիր` նախատեսված Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար: «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագիրն իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի միջոցով` Եվրամիության աջակցությամբ: Իր գործընկերների` MAIA (Իտալիա)-ի, INTERFILM (Ուկրաինա)-ի, CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան)-ի, INTERNEWS (Հայաստան)-ի հետ համատեղ, ծրագիրը կկազմակերպի մի շարք սեմինարներ և դասընթացներ, կտրամադրի առցանց հնարավորություններ Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների համար:

«Աջակցությունը մշակույթի անբաժանելի մասն է Եվրոպական միության մարդկային զարգացման ոլորտում: Արևելյան գործընկերության ծրագրի գլխավոր նպատակը մշակույթի դերի պահպանումն է տարածաշրջանում: Ծրագիրը ազգային և տեղական, ոչ մասնավոր և մասնավոր հաստատությունների աջակցության համար է»,-իր ելույթում նշեց ԵՄ հայաստանյան գրասենյակի գործառնական բաժնի ղեկավար Ժան Քրիստոֆ Գայրանը:

ՌԱՍ-ը ձևավորվել է դեռևս 2007թ. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում բացված «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի հիման վրա: Վերջինս հաջողությամբ կայացել է նախորդ հինգ տարիների ընթացքում` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ, որոնց հեղինակ ռեժիսորներին և պրոդյուսերներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու միջազգային հեղինակություն վայելող մասնագետների` սցենարի և արտադրության զարգացման դասընթացներին, ինչպես նաև ծանոթանալու կինոյի զարգացման և ֆինանսավորման միջազգային կարևորագույն կազմակերպություններին և ներկայացուցիչներին:

2011թ. Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով դրամաշնորհ ստանալով Եվրոպական համայնքից` ՌԱՍ-ը հնարավորություն ստացավ ընդլայնելու արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակը և արդեն իսկ 2011-2013թթ. կիրականացնի մի շարք առավել ընդգրկուն նախաձեռնություններ, մասնավորապես` ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, «Կինոլրագրություն առանց սահմանների», «Ֆիլմեր առանց սահմանների», և այլ կինոդասընթացներ և ծրագրեր:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը
Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ
Partner news