Հայտնի դարձան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի դարձան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

PanARMENIAN.Net - Հայտնի դարձան «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի հաղթողները: Միջոցառման սկզբում աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը ստացավ փառատոնի «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակը: Գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, «Արծաթե ծիրանը» բաժին հասավ լեհ Անկա Սանտալին` «Հեռվից սիրուն է երևում» կինոնկարի համար:

«Լավագուն վավերագրական ֆիլմ» անվանակարգում «Արծաթե ծիրանը» տարավ ռուս Ալեքսեյ Վախրուշևի «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին» ֆիլմը, իսկ «Ոսկե ծիրանը»` պաղեստինցի Էմաթ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ»-ը:

«Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակը գնաց Բրազիլիա, Սեզար Գանանյանին «Հայկական ռապսոդիա» ֆիլմի համար:

Նույն անվանակարգի խաղարկային մրցույթում լավագույնը ճանաչվեցին Նատալյա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը» և ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմերը:

Կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» անվանակարգում հաղթողը բրազիլացի Էդուարդո Մուրուտոն է, իր «Երբ մեռնենք գիշերը» ֆիլմով:

«Եթե բոլորը» և համշենահայ ռեժիսոր Օզջան Ալփերի «Ապագան հավերժ է» ֆիլմերն արժանացան էյկումենիկ ժյուրիի մրցանակներին: Հայաստանի կինոակադեմիան մրցանակը շնորհեց Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմին, Հայաստանի կինոգործիչների միության «Նուարդ» մրցանակը ստացավ ռեժիսոր Գորան Ռադովանովիչի «Ֆիդելի հետ, ինչ էլ որ լինի» ֆիլմը, իսկ

Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակը տարավ «Հայկական ռապսոդիա»-ն:

Հուլիսի 15-ին կցուցադրվեն փառատոնի հաղթող բոլոր ֆիլմերը:

Կինոփառատոնը բացվեց հուլիսի 8-ին: Այս տարի ստացվել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից: Փառատոնն, այս տարի, պահպանեց 4 մրցութային ծրագրերը` «Միջազգային խաղարկայինը», «Միջազգային վավերագրականը», «Հայկական համայնապատկերը» և «Կորիզը»: Կայացան նաև երևանյան պրեմիերաներ, «Հարգանքի տուրք», և հետահայաց ցուցադրություններ: Այս տարի նշվեցին Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները: Կինոփառատոնի ընթացքում ներկայացվեց նաև «Գիրք և կինո» ծրագիրը: Հայ առաքելական եկեղեցին սահմանեց «Եղիցի լույս» մրցանակը, որը շնորհվեց ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---