Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայի հետ խաղում գոլառատ հաղթանակ նվիրեց Սարգիս Հովսեփյանին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայի հետ խաղում գոլառատ հաղթանակ նվիրեց Սարգիս Հովսեփյանին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Լիտվայի հետ ընկերական խաղի երկրորդ կեսում էլ շատ ակտիվ էր գործում:

Տանտերերին հաջողվեց արագ գոլ խփել: Հաշիվը 2:0 դարձրեց Կառլեն Մկրտչյանը, իսկ առաջին կեսում աչքի էր ընկել Էդգար Մանուչարյանը:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հավաքված երկրպագուները մի քանի րոպե անց կրկին գոլի ականատես եղան, այս անգամ Գլեոդիուս Առլաուսկիսի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը:

Լիտվացիները պատասխանեցին շատ գեղեցիկ գոլով, որը խփեց փոխարինման դուրս եկած Արթուրաս Ռիմկևիչիուսը` 3:1:

Վարդան Մինասյանի սաները դրանից հետո նետվեցին գրոհի և մի քանի րոպե պաշարել էին մրցակցի տուգանային հրապարակը, ինչի արդյունքում էլ Արաս Օզբիլիսը Առլաուսկիսիի գլխավերևով գնդակն ուղարկեց Լիտվայի դարպասը: Սակայն դրանով գոլերը չավարտվեցին. լիտվացիներից դուբլի հեղինակ դարձավ Ռիմկևիչիուսը, որն իրացրեց 11-մետրանոցը:

Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Այս հանդիպումը հիշարժան էր նաև նրանով, որ հավաքականում իր վերջին հանդիպումն անցկացրեց Սարգիս Հովսեփյանը`ազգային ընտրանու մարզաշապիկը հագնելով 132-րդ անգամ:

Հայաստանի ընտրանին Լիտվայի հետ 3 ընկերական խաղերում տոնեց իր 2-րդ հաղթանակը: Մինչ այդ` 2000 թվականին Կաունասում հայ ֆուտբոլիստները առավելության էին հասել 2:1 հաշվով, իսկ 2011 թվականի օգոստոսին 3:0 հաշվով հաղթել էին լիտվացիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---