Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց երգչուհու մտերիմ հարևան Արթուր Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երգչուհին մահացել է վիրահատությունից հետո:

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում:

Դպրոցին զուգահեռ ավարտել է նաև Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետև Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում:1991թ.-ին մեկնել է Ամերիկայի միացյալ նահանգներ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին և շարունակել իր երաժշտական գործունեությունը:

1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ և Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտաս» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն:

2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել և անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից և այլ երկրներից:

2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը և աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլևս երբեք» ասելու համար:

Նույն թվականին մեծանուն երգչուհին Գլենդելի «Ալեքս» համերգասրահում հանդես է եկել մենահամերգով, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև հոլիվուդյան գերաստղ Շերոն Սթոունի եղբայրը` պոետ, երգահան Մայքլ Սթոունը: Համերգին մասնակցել են նաև Շերոն Սթոունը և հոլիվուդյան բազմաթիվ արտիստներ:

2011թ.-ի Նոյեմբերի 1-ին Լոս-Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցեցին` Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրոունը և ուրիշներ: Համերգի ժամանակ Ֆլորա Մարտիրոսյանին է հանձնվել Միացյալ նահանգների կոնգրեսմեն Բրեդ Շերմանի հատուկ պատվոգիրը` հայ համայնքին առանձնահատուկ և անգնահատելի ծառայություններ մատուցելու և երգի միջոցով համայն աշխարում խաղաղության կոչ անելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---