Դիզայներ Վահան Խաչատրյանը «Vogue» ամսագրի մրցույթի եզրափակչում է

Դիզայներ Վահան Խաչատրյանը «Vogue» ամսագրի մրցույթի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Դիզայներ Վահան Խաչատրյանը «Muuse» և «Vogue» ամսագրերի հայտարարած մրցույթի մասնակիցների լավագույն 10-յակում է հայտնվել: Հավաքած 3890 ձայներով նա «MUUSE x Vogue Talents» երիտասարդ դիզայներների մրցույթի մասնակիցներից 5-րդ տեղում է, իսկ 10-յակում հայտնված մյուս մասնակիցներն են Միա Պավան, Ապու Ջանը, Դեյզի Շելին, Էքե Գոզանը, Կլաուդիա Դաննան, Անյա Զուևան, Քսիաոտոնգ Լին, Նիկոլ Մարենլցը և Պեգի Պեյ-Չուանցին:

«Vogue Italia» և «Vogue Talents»-ի նորաձևության գլխավոր խմբագիր Սառա Մաինոն այժմ ընտրելու է հաղթողին, որի անունը կհրապարակվի 2012թ. դեկտեմբերի 16-ին: Նա ընտրելու է դիզայներ, որն ունի դիզայնի հստակ տեսլական և նորաձևության աշխարհում ներդրում կատարելու ներուժ:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վահան Խաչատրյանը նշեց, որ այդ մրցույթին մասնակցությունը հիանալի հնարավորություն է, որպեսզի իր դիզայնով կարված հագուստը վաճառվի և տարածվի: «Սա շատ լավ հնարավորություն է լայն զանգվածի առջև ցույց տալու այն, ինչ ես անում եմ և հենց քվեարկողների շնորհիվ է, որ լավագույն 10-յակում եմ ընդգրկվել, թեև շնորհավորելու համար դեռևս վաղ է»,- նշեց դիզայները:

Հաղթողին սպասվում է անհատական հաշիվ «Vogue Italia Talents» օնլայն կայքում` լուսանկարներով և հարցազրույցով, տեղ «Muuse»-ի դիզայներների շարքում, առաջխաղացում` որպես «Muuse-ի ամսվա դիզայներ», դիզայների անձնական հաշիվ muuse.com-ում: Հաղթողի դիզայնով հագուստի հավաքածուն կկարվի և կվաճառվի «Muuse» ամսագրի միջոցով և դրա հիմնական գնորդների կողմից:

«MUUSE x Vogue Talents» երիտասարդ տաղանդավոր դիզայներների մրցույթն անցկացվում է արդեն երկրորդ անգամ և նպատակ ունի իրականացնում դիզայների երազանքը: Մրցույթի հաղթող է ընտրվում նա, ում համարում են խոստումնալից նորաձևության դիզայներ` աստղ դառնալու ներուժով:

Մրցույթի հայտերն ընդունվում էին մինչև հոկտեմբերի 14-ը, իսկ նրանց օգտին օնլայն քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը:

Վահան Խաչատրյանը ավարտել է Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիան և մեկ տարի աշխատել «Dolce & Gabbana» հանրահայտ նորաձևության տանը` որպես կուտյուր դիզայներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---