Բրիտանացի ձեռնարկատերերը ծանոթացել են Հայաստանի գործարար հնարավորություններին

Բրիտանացի ձեռնարկատերերը ծանոթացել են Հայաստանի գործարար հնարավորություններին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-28-ը Երևանում են գտնվում բրիտանացի ձեռնարկատերերը` Հայաստանի գործարար հնարավորությունների և պայմանների հետ ծանոթանալու համար:

Ինչպես հաղորդել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը նոյեմբերի 27-ին մամլո ասուլիսում, ձեռնարկատերերի բրիտանական առաքելության մեջ մտել են 8 ընկերություններ տարբեր ոլորտներից` շքանշաններ և զարդեր պատրաստող ընկերություններ, կոնսալթինգ, կրթություն, ՏՏ ոլորտ: «Մեծ Բրիտանիայի վարչապետը հանձնարարել է բոլոր դեսպանատներին անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել անգլիական ընկերությունների աշխատանքի համար»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանի կառավարությունը պետք է ապահովի թափանցիկ և մրցակցային դաշտ արտասահմանյան ներդրողների համար:

Դեսպանը հաղորդել է, որ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ապրանքաշրջանառությունը 2011-ին կազմել է 13-14 ֆունտ ստերլինգ, նույն ցուցանիշը սպասվում է նաև այս տարի:

Իր հերթին British Expertise-ի ներկայացուցիչ Նայջել Փիթերը հավելել է, որ ընկերությունը դեռ անցած տարի զեկույց է պատրաստել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հնարավոր ուղիների մասին, որի արդյունքում հնարավոր է եղել ձեռնարկատերերի այցը:

Անդրադառնալով ներդրումների կրճատմանը` մասնագետը նշել է, որ դրանք ողջ աշխարհում կրճատվել են ճգնաժամի պատճառով, Հայաստանում ստեղծված են բավարար մրցակցային պայմաններ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար, և նա կարող է մրցել այլ երկրների հետ: Այդ առումով նա առանձնացրել է այնպիսի միջազգային ներդրողների, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլն: «Նրանք բոլորը, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, ֆինանսավորում են շատ կարևոր ենթակառուցվածքային նախագծեր»,- ասել է նա:

Զրուցակիցները կարևորել են «Զվարթնոց» ժամանակակից օդանավակայանի աշխատանքը, որը համապատասխանում է միջազգային պահանջներին, գործարար կապերի հաստատման համար, սակայն նշվել է, որ Մեծ Բրիտանիայից Հայաստան թռիչքը դեռ շատ թանկ է և անհրաժեշտ է ներգրավել էժան ավիաընկերություններ:

Խոսելով Մեծ Բրիտանիա հայկական ապրանքների արտահանման հնարավորության մասին` դեսպանը նշել է այն փաստը, որ չնայած նրան, որ Ուինսթոն Չերչիլը հայկական կոնյակի մեծ երկրպագու է եղել, այնուամենայնիվ իր հայրենիքում այդ խմիչքն այդքան հայտնի չէ: «Լավ կլիներ, որպեսզի Հայաստանի Կոնյակագործների միությունը բարձրացներ կոնյակի ճանաչելիությունը Չերչիլի հայրենիքում, քանի որ բացի ԱՊՀ երկրներից հայկական կոնյակը քիչ է հայտնի»,- ասել է Քեթի Լիչը:

Բրիտանացի ձեռներեցները վաղը կմեկնեն Վրաստան, որտեղ նույնպես ճանաչողական հանդիպումներ կունենան հարևան երկրի ղեկավարության և ընկերությունների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---