Մեկնարկում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը

Մեկնարկում է «Լևոն  Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը

PanARMENIAN.Net - Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն։ Հայտարարության մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Մշակույթի նախարարությունից:

Մրցանակաբաշխության թեման ազգային և համամարդկային արժեքների, անհատի ինքնության, մեր ժամանակի հերոսի փնտրտուքն է: Կարող են մասնակցել հեղինակներ Հայաստանից և սփյուռքից։ Ընդունվում են միայն չտպագրված, չբեմադրված կամ չհրապարակված աշխատանքներ՝ առանց ժանրային սահմանափակման, արևելահայերեն և արևմտահայերեն։

Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել ժամանակակից հայ թատերգության զարգացմանը, ստեղծագործող նոր անունների, թատերգության ժամանակակից ուղղությունների բացահայտմանը, հայ թատերարվեստի լավագույն ավանդույթների շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցել նոր պիեսների բեմադրությանը։

Աշխատանքները պետք է ներկայացնել էլեկտրոնային և առձեռն (կամ փոստային) տարբերակներով: Նվազագույն ծավալը՝ 25 էջ, առավելագույնը՝ 50 էջ, (տառատեսակը` Յունիկոդ, MS Word, RAR, PDF կամ ZIP ծրագրերով, էջը` 1800 նիշ)։ Ներկայացվող աշխատանքին պետք է կցել նամակ, որտեղ անհրաժեշտ է նշել հեղինակի անուն, ազգանուն, հայրանունը, պիեսի անվանումը, հեղինակի բնակության վայրը, փոստային հասցեն, էլ. հասցեն, հեռախոսահամարը, կենսագրական տվյալներ և 1 լուսանկար: Լավագույն աշխատանքները կընտրի ժյուրին, որի անդամները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն:

«Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը նախատեսում է երեք մրցանակ՝ 1-ին տեղ- 1.000.000 դրամ, 2-րդ տեղ- 800.000 դրամ, 3-րդ տեղ- 600.000 դրամ, 2 խրախուսական պարգև` 200.000-ական դրամ:

Մրցանակային տեղերի արժանացած պիեսների հետագա օգտագործման (հրատարակում, բեմադրում և այլն) բոլոր իրավունքները պատկանում են Համազգային հայ կրթական և մշակութային միությանը: Մրցանակաբաշխությանը ներկայացված պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղի արժանացած պիեսը Համազգային հայ կրթական և մշակութային միության աջակցությամբ կբեմադրվի: Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է` 2013 թ. ապրիլի 15-ը: Արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն 2013 թ. հունիսի 15-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---