Զուրաբ Աբաշիձե. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ դեռևս անընդունելի է

Զուրաբ Աբաշիձե. Դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ դեռևս անընդունելի է

PanARMENIAN.Net - Վրաստանի համար այս պահի դրությամբ սկզբունքորեն անընդունելի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ավարտին:

«Այժմ դա անընդունելի է, մեզ համար դա կնշանակեր այսպես կոչված նոր իրողությունները ճանաչել, դրան Վրաստանը չի գնա: Մեր երկիրը բազմիցս է փլուզվել, բայց հասել ենք այս օրվան: Կարծում եմ, մենք դեռ շատ բան կտեսնենք»,-ասել է Աբաշիձեն: Նա նշել է նաև, որ Թբիլիսիի համար «դյուրին որոշում» չէր 2014 թվականի Սոչիի Օլիմպիադային մասնակցելու որոշումը: «Մենք ունենք նաև քաղաքական գործիչներ, որոնք քննադատում են այդ քայլը, բայց մենք չենք ցանկանում քաղաքականությունը նույնացնել սպորտի հետ: Մենք շահագրգռված ենք, որ Օլիմպիական խաղերն անցնեն խաղաղ ու հանգիստ, առանց միջադեպերի»,-ասել է Աբաշիձեն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Առաջին անգամ ՌԴ ԱԳ փոխնարար Գրիգորի Կարասինի հետ Վրաստանի վարաչպետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հանդիպել է 2012 թվականի դեկտեմբերին: Այդ օրվանից ի վեր 4 հանդիպում է տեղի ունեցել: Առաջին հանդիպումից հետո վերսկսվեց վրացական գինու ու «Բորժոմի» հանքային ջրի արտահանումը ՌԴ:

Դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի ու Ռուսաստանի միջև խզվեցին 2008 թվականի օգոստոսյան պատերազմից և ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելուց հետո:

Իր հերթին Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար Վրաստանում պետք է հաղթանակի քաղաքական արիությունը:

«Դեռևս, ցավոք, ամեն ինչ նույն հին կարծրատիպերի շրջանակում է, որոնք ձևավորվել են Սահակաշվիլիի ռեժիմի ագրեսիայից հետո, և վրացական քաղաքականությունը դեռ չի կարողանում դուրս գալ թշնամանքի այդ թնջուկից, որը տարածում է ոչ միայն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի, այլ նաև Ռուսաստանի վրա»,-ասոել է պետքարտուղարը:

«Վրաստանի քաղաքական գործիչների համար դա շատ ցավոտ թեմա է, հատկապես նախընտրական շրջանում,-ասել է Կարասինը:-Այդ թեման ակտիվորեն է արծարծվում քաղաքական բանավեճում, ուստի տարբեր ուղղվածության քաղաքական գործիչները որոշակի զգուշավորություն են պահպանում»:

«Վրաստանի ղեկավարությունը գտնում է, որ քանի դեռ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի մայրաքաղաքներում գործում են մեր դեսպանատները, դիվանագիտական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող»,-ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: «Մենք գտնում ենք, որ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը, թեև ոչ դյուրին, բայց գիտակցված որոշում է և վերանայման ենթակա չէ»,-ասել է նա:

Աբաշիձե-Կարասին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին Պրահայում: Ըստ Կարասինի, աշխարհի պետությունները տեսնում են, որ Աբխազիայի Հանրապետությունն ու Հարավային Օսեթիան իրոք դառնում են միջազգային հանրության անդամներ:

«Եվս մեկ համարձակ միտք հայտնեմ, ասելով, որ կգա ժամանակը և իմաստուն քաղաքական գործիչները Թբիլիսիում ևս կգիտակցեն, որ հարկավոր է բարիդրացիական և իրավահավասար հարաբերություններ կառուցել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ»,-ասել է Կարասինը:

Կարասինը հայտնել է, որ կանոնավոր ավիահաղորդակցությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջև կարող է վերականգնվել արդեն մոտ ապագայում:

Ներկա դրությամբ Airzena ավիաընկերությունը Մոսկվա-Թբիլիսի չարտերային չվերթներ է կատարում շաբաթական 2 անգամ:

Photo:www.svoboda.org
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---