ՌԴ ԴՄԾ ղեկավարը բացատրել է, թե ինչու Մոսկվայի բնակիչները չեն սիրում ներգաղթյալներին

ՌԴ ԴՄԾ ղեկավարը բացատրել է, թե ինչու Մոսկվայի բնակիչները չեն սիրում ներգաղթյալներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին պարզաբանել է, թե ինչու են մոսկվաբնակները բացասաբար վերաբերվում Միջին Ասիայից ներգաղթյալներին՝ բացատրելով դա նրանց վարքագծի առանձնահատկություններով: Այդ մասին պաշտոնյան ասել է միգրանտների խնդիրներով զբաղվող փորձագետների հետ հանդիպմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Բնակչությանը նյարդայնացնում է ոչ թե այն, որ այդ մարդիկ աշխատում են, այլ այն, որ կենցաղում այլ կերպ են իրենց պահում»,- ասել է Ռոմոդանովսկին: Որպես օրինակ նա բերել է Մոսկվայի Կուզմինկի շրջանը, որտեղ, եկվորները խորոված են անում դրա համար չնախատեսված վայրերում և բացահայտ կերպով նասվայ ծխում (Ռուսաստանում արգելված ծխախոտային խառնուրդ): «Այնտեղ անհնար է դարձել շան հետ զբոսնելը»,-ասել է պաշտոնյան:

Ներգաղթյալների բացասական կերպարի ստեղծմանն, ըստ պաշտոնյաների, մեծապես նպաստում են երիտասարդ ներգաղթյալները: Նա նշել է նաև, որ 4 տարում օտարերկրացիների ներհոսքը Ռուսաստան աճել է 37 տոկոսով: 2013 թվականի հունիսին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքում 11 մլն ներգաղթյալ կա:

Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավորները Ռուսաստանի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որով Ռուսաստան մուտք գործող բոլոր օտարերկրացի քաղաքացիները պետք է որոշակի գումար ունենան:

Նորամուծությունը կվերաբերվի այն անձանց, որոնք իրավունք ունեն Ռուսաստան այցելել առանց վիզայի: Երկիր մուտքի օրվան ընդառաջ նրանք պետք է «ապահովման գումար» ունենան՝ մոտ 36 հազար ռուբլի, ինչը 1000 դոլարից մի փոքր ավելի է: Դա անհրաժեշտ կլինի ապացուցել փաստաթղթերի միջոցով, հայտնում է RIA Novosti գործակալությունը՝ Պետդումայում իր աղբյուրի վրա հղումով:

Նախաձեռնության հեղինակները դրանով մտադիր են ՌԴ-ում օտարերկրացիների համար լրացուցիչ ֆինանսական երաշխիքներ սահմանել՝ նպատակ ունենալով զերծ պահել երկիրն ապօրինի ներգաղթյալների հոսքից: «Վերջին տարիներին նկատվում է օտարերկրացի քաղաքացիների կտրուկ աճ, որոնք Ռուսաստանի Դաշնություն են ժամանում առանց վիզաների` նպատակ ունենալով դրամական օգնություն ստանալ ծննդաբերության ժամանակ: Բժշկական օգնության ցուցաբերման ծախսերը հատուցվում են ՌԴ պետության համապատասխան բյուջեներից»,- ասվում է բացատրական գրությունում:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման կայքում հրապարակված վիճակագրության, 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ 156 184 քաղաքացիներ հաշվառման են կանգնած Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմիններում: Ըստ բնակության վայրի գրանցված ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 26 441, ՌԴ-ում ժամանակավոր կացության թույլտվություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը՝ 11 627: ՀՀ քաղաքացիների թիվը, որոնց վերաբերյալ ընդունվել են բնակության իրավունքի տրամադրման մասին որոշումներ, կազմում է 9 673: ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը (ըստ ժամանակավոր կացության թույլտվության և բնակության իրավունքի) կազմում է 35 707, ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 2 701: ՌԴ-ում մասնավոր անձանց մոտ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար ՀՀ քաղաքացիներին տրված արտոնագրերի քանակը կազմում է 39 200 (ՆՏՆԺ-23 500): 2012թ. 3 ամիսների ընթացքում ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների կողմից միգրացիոն օրենսդրության ոլորտում իրականացված վարչական իրավախախտումները կազմում են 7 616 (ՆՏՆԺ-7 839):

Photo: fms.gov.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---