Եվրատեսիլի քվեարկության կանոնները խստացվել են

Եվրատեսիլի քվեարկության կանոնները խստացվել են

PanARMENIAN.Net - Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU) հրապարակել է Եվրատեսիլի քվեարկության կանոնները: Ինչպես հայտնում է միության մամուլի ծառայությունը, հիմնական կանոնները նույնն են մնացել, փոփոխությունները վերաբերում են ժյուրիի քվեարկության կանոններին: Ըստ գործող կանոնների, յուրաքանչյուր երկրից քվեարկության ընդհանուր արդյունքի 50 տոկոսը կազմում են ժյուրիի ձայները:

Ըստ նոր կանոնների, ժյուրիի բոլոր անդամների անունները կհրապարակվեն մայիսի 1-ին՝ մրցույթի մեկնարկից մի քանի օր առաջ: Բացի այդ, Հեռարձակողների եվրոպական միությունը մրցույթի եզրափակչից հետո կհրապարակի ժյուրիի անդամների քվեարկության արդյունքներն առանձին ըստ մասնակից երկրների՝ կիսաեզրափակիչներում և եզրափակչում:

Այսուհետ ազգային ժյուրիի կազմում կարող են ընդգրկվել պրոֆեսիոնալ երաժիշտներ, եթե նրանք չեն մասնակցել նախորդ երկու մրցույթներին, հայտնում է APA գործակալությունը:

Ըստ մրցույթի սուպերվայզեր Ջոն Օլ Սանդի, «կանոնների խստացումն ու քվեարկության թափանցիկությունը թույլ կտան ցույց տալ բոլոր մասնակիցներին, հանդիսատեսին ու երկրպագուներին, որ EBU ամեն ինչ կանի ապահովելու համար արդար արդյունքը: Այդ փոփոխությունները ցույց են տալիս, որ Եվրատեսիլը մշտապես զարգացող ավանդույթ է, որը շարունակվում է հարմարվել արդի ժամանակներին»,-ասել է Սանդը:

Նա նշել է, որ վերջին ամիսներին EBU-ն վերլուծել է քվեարկության ընթացքին միջամտելու փորձերի մասին հաղորդագրությունները: «Եթե վերլուծության արդյունքում հայտնաբերվեն խախտումների ապացույցներ, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,-ասել է մրցույթի գործադիր սուպերվայզերը: EBU-ն հատուկ բաժին կբացի մրցույթի պաշտոնական կայքում, որտեղ ժյուրին և հեռուստադիտողները կկարողանան հայտնել քվեարկության խախտումների մասին, որպեսզի մրցույթի կազմակերպիչներն ու քվեարկության գծով գործընկերներ Digame և PwC-ն կարողանան դրանք հետաքննել:

2014 թվականի Եվրատեսիլը կանցնի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Եզրափակիչը տեղի կունենա 2014 թվականի մայիսի 10-ին, կիսաեզրափակիչները՝ մայիսի 6-ին և 8-ին: Դանիայում «Եվրատեսիլի» կարգախոսն է «Միացեք մեզ»:

Դանիայի մայրաքաղաքն ընդունել է Եվրատեսիլը նաև 1964 և 2001 թվականներին: 2014 թվականին մրցույթը տեղի կունենա այդ երկրում շնորհիվ դանիացի երգչուհի Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակին Եվրատեսիլ-2013-ում:

Հայաստանը 2013-ին մրցույթում ներկայացրեց Dorians խումբը, որը զբաղեցրեց 18-րդ տեղը: «Lonely Planet» երգի հեղինակն էր Թոնի Այոմին Black Sabbath-ից:

«Եվրատեսիլ-2013»-ը զերծ չմնաց սկանդալներից, որոնց կենտրոնում էին հաղթող երկիր Դանիան, և երկրորդ տեղը գրաված Ադրբեջանը: Էմիլի դը Ֆորեսթին մեղադրեցին K-Otic խմբի երաժշտական թեման յուրացնելու մեջ: Ադրբեջանին լիտվացի լրագրողները բռնացրեցին վճարված համարներով զանգվածային քվեարկության մեջ:

Սակայն ակնկալվող ձայների վերահաշվարկ չկատարվեց և Դանիայի ու Ադրբեջանի մասնակիցները չորակազրկվեցին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթը անց է կացվում ամեն տարի, 1956 թվականից սկսած:

Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության մեկական ներկայացուցիչ այն երկրներից, որոնք մասնակցության հայտ են ներկայացնում: Փառատոնն անցնում է ուղիղ եթերում: Յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ, երգը չպետք է գերազանցի 3 րոպեն: Ելույթից հետո հաղթող երգը որոշվում է հեռուստադիտողի ու ժյուրիի քվեարկության միջոցով:

Հայաստանն առաջին անգամ մասնակցության հայտ ներկայացրեց 2005 թվականին, սակայն հետո հետ կանչեց իր հայտը: 2004 թվականի ապրիլի 14-ից Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է: Առաջին անգամ մասնակցել է «Եվրատեսիլին» 2006թ. Without Your Love երգով՝ Անդրեի կատարմամբ: Երգը դուրս եկավ եզրափակիչ, գրավելով 8-րդ տեղը, և դրանով իսկ ազդարարեց Հայաստանի հաջող մեկնարկը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---