Կրոնական գրականություն գովազդող վահանակն ու անվճար գրքերը՝ Երևանի կենտրոնում

Կրոնական գրականություն գովազդող վահանակն ու անվճար գրքերը՝ Երևանի կենտրոնում

PanARMENIAN.Net - Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում հայտնվել է կրոնական գրականություն գովազդող վահանակ, որի հարևանությամբ մի կին ու տղամարդ անցորդներին անվճար գրքեր են բաժանում: Լուսանկարը ֆեսյբուք սոցցանցում հայտնվելուց հետո փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նման բան թույլատրելի է: Նախ զանգահարեցինք քաղաքապետարան, հարցրինք՝ իրավունք ունե՞ն կրոնական կազմակերպություններն Երևանի կենտրոնում կրոնական գրականություն բաժանել: Քաղաքապետարանի մամուլի բաժնում, սակայն, ասացին, որ իրավասու չեն այս հարցով ու ուղղորդեցին դիմել ոստիկանություն: Ոստիկանությունում հարցին հարցով պատասխանեցին՝ ինչի գիրք բաժանելը հանցա՞նք է: Ոստիկանությունն ի՞նչ կապ ունի:

Մինչ փորձում էինք պարզել՝ ով է իրավասու, PanARMENIAN.Net ի ֆեյսբուքի էջում լուսանկարը տեղադրելուց րոպեներ անց քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, այնուամենայնիվ, արձագանքեց.

«Օրենքն արգելում է առանց թույլտվության ցանկացած գովազդային միջոց տեղադրել Երևանում: Շնորհակալություն տեղեկության համար. հենց հիմա Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ստացան հանձնարարական ապամոնտաժելու վերոնշյալ գովազդային միջոցը»:

Ի դեպ, ըստ նույն լուսանկարի տակ գրված այլ մեկնաբանությունների, նման վահանակներ տեղադրված են նաև որոշ բուհերի հարևանությամբ. ասվում է նաև, որ տվյալ վահանակն արդեն մեկ ամիս է, ինչ տեղադրված է:

2005-ին ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների արդյունքում Հայաստանում նախատեսված է կրոնական ազատություն, բայց օրենքն որոշ սահմանափակումներ է դնում կրոնական փոքրամասնությունների վրա: Կրոնական կազմակերպությունները պարտավոր են գրանցվել, ինչից հետո պետությունը խիստ հսկողության տակ է պահում նրանց գործունեությունը:

Այս տարվա մայիսին հրապարակված ԱՄՆ Պետքարտուղարության աշխարհի 199 երկրում և տարածքում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցում նշվում էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը հիմնականում պաշտպանված է Սահմանադրությամբ:

Հայաստանի մասին հատվածում ասվում էր, թե չնայած Սահմանադրությամբ ամրագրված է կրոնական ազատության իրավունքը, որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այդ ազատությունը: Նշվում էր նաև, որ կրոնական ազատության իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել: «Օրենքներն արտոնություններ են տալիս Հայ առաքելական եկեղեցուն (ըստ փաստաթղթի, Հայաստանի բնակչության մոտ 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ է), ինչից չեն օգտվում կրոնական մյուս կազմակերպությունները»,- ասված էր զեկույցում:

Մնացած տասը տոկոսը հայ կաթոլիկներն են, ռուս ուղղափառները, ավետարանականները, Եհովայի վկաները, փոքրաթիվ շիա մուսուլմանները և կրոնական մյուս խմբերը:

Ըստ գրանցված կրոնական կազմակերպությունների մեծամասնության, իրենց գործունեության հանդեպ օրենսդրական խոչընդոտների չեն եղել: Բայց համաձայն Եհովայի վկաների հաղորդագրության՝ կազմակերպության 31 անդամ շարունակել են բանտում մնալ՝ կրոնական համոզմուքների հիմքով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով:

Ըստ նույն փաստաթղթի, 2012թ.-ի ընթացքում կրոնական ազատության իրավունքի նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքն էական փոփոխություններ չի կրել, հասարակությունում էլ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները «խտրական և անհանդուրժողական վերաբերմունքի են արժանացել, այդ թվում՝ աշխատավայրերում»:

Լուսանկարը՝ Անի Արթենյանի ֆբ էջից
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---