Ավեդիքյանի «Փարաջանովը» չի ընդգրկվել «Օսկարի» շորթ-լիսթում (վիդեո)

Ավեդիքյանի «Փարաջանովը» չի ընդգրկվել «Օսկարի» շորթ-լիսթում

PanARMENIAN.Net - Սերժ Ավեդիքյաանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» կենսագրական դրաման չի ընդգրկվել 86-րդ «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմերի» շորթ-լիսթում: Ինչպես գրում է kinopoisk.ru-ն, դրանում 9 ֆիլմ է, դրանք են.

Ֆելիքս վան Գրոենգինենի «Կոտրված շրջանակը» (The Broken Circle Breakdown), Բելգիա, Դանիս Տանովիչի «Հատված երկաթ հավաքողի կյանքից» (Epizoda u zivotu beraca zeljeza), Բոսնիա և Հերցեգովինա, Յանոշ Սասի «Հաստ տետրը» (A nagy füzet), Հունգարիա, Գեորգ Մաասի ու Յուդիտ Կաուֆմանի «Երկու կյանքը» (Zwei Leben), Գերմանիա, Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետը» (Yi dai zong shi), Հոնկոնգ, Թոմաս Վինտերբերգի «Որսը» (Jagten), Դանիա, Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկությունը» (La grande bellezza), Իտալիա, Ռիտի Փանխի «Անհետացած պատկերը» (L'image manquante), Կամբոջա, ու Խանի Աբու-Ասադի «Օմար»-ը (Omar), Պաղեստին:

«Փարաջանովն» «Օսկարի» էր նոմինացվել Ուկրաինայի կողմից:

Այս տարի անվանակարգում ընդգրկված ֆիլմերի քանակը լոնգ-լիսթում ռեկորդային էր՝ 75: Շորթ-լիսթի 9 ֆիլմից կընտրվի 5-ը, որոնցից մեկն էլ արդյունքում կստանա մրցանակը:

«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով։ Այն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին։

Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ։ «Փարաջանովի» հայաստանյան պրեմիերան կայացել էր այս տարվա հուլիսին՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման օրը, իսկ Ուկրաինայում այն էկրան բարձրացավ սեպտեմբերի 26-ին: Ֆիլմի բյուջեն կազմել էր 1 մլն 980 հազար եվրո, որի կեսը տրամադրել էր Կինոյի հարցերով Ուկաինայի պետական գործակալությունը:

ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---