87 տարեկանում մահացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

87 տարեկանում մահացել է ճարտարապետ Ջիմ Թորոսյանը

PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է հայտնի ճարտարապետ Ջիմ Թոորսյանը։ Նա ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ էր, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի:

Ջիմ Թորոսյանը 1971-1981 թթ-ին Երևանի գլխավոր ճարտարապետն էր։

Նա սովորել է Երևանի Պոլիտեխնիկ ինստիտուտում, որն ավարտել է 1949-ին, այնուհետև 1954 թ-ին Մոսկվայում ավարտել է ՍՍՀՄ-ի Ճարտարապետության ակադեմիան։ 1962-1964 թթ.-ին Թորոսյանը ՀՃՄ վարչության նախագահի տեղակալն էր, 1958-ից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը։

Բուլղարիայի, Վրաստանի, Ռուսաստանի ճարտարապետների միությունների պատվավոր անդամ էր, Համամիութենական ստուգատեսի «Տարվա լավագույն ստեղծագործություն» ոսկե, ՀՀ Անանիա Շիրակացու մեդալակիր։

Թորոսյանը հեղինակել է Բաղրամյանի վրա գտնվող պոլիկլինիկայի շենքը, Գրիգոր Լուսավորիչ փողոցում Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, որն այժմ բանկ է, մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը՝ վերգետնյա և ստորգետնյա կառույցների համալիրով, Նորքում Երևանի քաղխորհրդի ընդունելությունների տունը, Մ. Նալբանդյանի և Ե. Չարենցի արձանները (քանդակագործը Նիկողայոս Նիկողոսյանն է), Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործն Արա Շիրազն է), Երևանում Վիկտոր Համբարձումյանին նվիրված մեմորիալը, Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը, Օշականում Հայ գրերի կոթողը, Սրտաբանության ԳՀԻ համալիրը, Այրարատյան թագավորության ոսկեհուր տարբերանշանով Հայաստանի հավերժող պետականությունը խորհրդանշող հուշարձան-կոթողը, Զանգակատանը գտնվող Սևակի տապանաքարը, Գյումրիում Իսահակյանի արձանը (քանդակագործը Նիկողայոս Նիկողոսյանն է)։

Նա նաև Վանի հերոսամարտի հուշարձանի, Մարտիրոս Սարյանի տապանաքարի, Վիլյամ Սարոյանի մահարձանի, Երևանում Զարգացման հայկական բանկի շենքի, Բյուրականում Վիկտոր Համբարձումյանի հուշաքարի, քաղաքապետարանի՝ մայրաքաղաքի պատմության թանգարանով, Սպիտակի կենտրոնական հրապարակի համալիրի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մուտքի և բացօթյա խորանի հեղինակն է։

«Ջիմ Թորոսյանի հեղինակած շենքերը, արձաններն ու հուշակոթողները զարդարում են մեր մայրաքաղաքն ու հանրապետությունն և իրավամբ հայ ճարտարապետության մնայուն բարձրարժեք ժառանգություն են: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- ցավակցական հեռագրում նշել է ՀՀ նախագահը:

Թորոսյանի ստեղծագործությունները ցուցադրվել են ճարտարապետության միջազգային կոնգրեսներում՝ Բարսելոնայում, Սոֆիայում, Վենետիկում և այլուր։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---