Քրդական կուսակցությունը ցանկանում է մասնակցել «Ժնև-2»-ին

Քրդական կուսակցությունը ցանկանում է մասնակցել «Ժնև-2»-ին

PanARMENIAN.Net - Սիրիայի ապագայի մասին միջազգային խորհրդաժողովի շեմին, որին սիրիական ընդդիմության մասնակցությունը հարցականի տակ է, քրդական հարցը կարող է լրացուցիչ դժվարություններ առաջացնել: Երկու միլիոն սիրիացի քրդեր կուտակված են երկրի հյուսիսում: Մարտական գործողությունների գոտուց հեռացած փախստականներից շատերը ապաստան են գտնել Իրաքում ու Թուրքիայում: Թուրք-սիրիական սահմանին քրդերը մշտապես համերաշխության ակցիաներ են անցակցնում Սիրիայում մնացած իրենց եղբայրներին աջակցելով, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայի խոշորագույն քրդական Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության կոչով կազմակերպված ցույցի ժամանակ:

«Քրդերը ցանկանում են մասնակցել «Ժնև-2»-ին:Տարբեր քրդական միավորումներ բանակցություններ են վարել ու որոշել են համատեղ գործել: Նրանք ձգտում են մասնակցել խորհրդաժողովին որպես առանձին քրդական պատվիրակություն: Եթե դա անհնար լինի, նրանք կոչ են անում Սիրիայի ընդդիմությանը ճանաչել իրենց իրավունքները, և առաջարկում են Ժնև ժամանել սիրիական ընդդիմության պատվիրակության կազմում: Իսկ եթե սիրիական ընդդիմությունը չընդունի քրդերի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը, և եթե թույլ չտան կազմել առանձին քրդական պատվիրակություն, ապա նրանք Ժնևի խորհրդաժողովին մասնակցելու իմաստ չեն տեսնում»,-հայտարարել է Խաղաղության ու ժողովրդավարության քրդական կուսակցության ղեկավար Սելահադդին Դեմիրթաշը:

Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ սիրիացի քրդերի շարքերում պառակտում գոյություն ունի: Նրանց մի մասը հակամարտության մեկնարկից ի վեր սատարել է ապստամբներին, իսկ մյուս մասն ակնհայտորեն աջակցել է Բաշար Ասադի ռեժիմին: Թեև, անկախ քաղաքական նախապատվություններից, սիրիացի քրդերը «ընդհանուր թշնամի» ունեն»՝ ծայրահեղականորեն տրամադրված իսլամիստական խմբավորումները, գրում է euronews-ը:

«Տարածաշրջանը, որտեղ բնակվում են Սիրիայի քրդերը, ամեն կողմից շրջապատված է ծայրահեղականների խմբավորումներով, որոնք կապված են «Ալ Քայիդայի» և «Ան Նուսրիի» հետ: Թուրքական սահմանը նույնպես փակ է: Հետևաբար, քրդաբնակ տարածքները հայտնվել են շրջափակման մեջ: Մենք՝ քրդերս, ինքնուրույն ենք օգնություն հայթայթում և փորձում հասցնել այնտեղ, որտեղ դա հարկավոր է, բայց դա հեշտ չէ: Մենք դա անում ենք, քանի որ միջազգային օգնությունն այնտեղ չի հասնում: «Ալ Քայիդան» և մյուս խմբավորումներն ամեն ինչ անում են, որպեսզի օգնությունը չհասնի այն վայրեր, որտեղ քրդերն են ապրում, քանի որ նրանք մեզ հետ մշտական պայքարի մեջ են»,-ասել է BDN առաջնորդը:

Սիրիական կարգավորման «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովը կանցնի երկու փուլով: Այն կմեկնարկի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում, իսկ հետո հունվարի 24-ին կշարունակվի Ժնևի Ազգերի պալատում: Քրդերը Սիրիայի խոշորագույն ազգային փոքրամասնությունն են՝ կազմելով բնակչության 9 տոկոսը: Սիրիայի տարածքում քրդերը հիմնականում կոմպակտ են բնակվում՝ հյուսիսում ու հյուսիս-արևելքում, այդ շրջանները ոչ պաշտոնապես կոչում են «Սիրիական Քրդստան»: Սիրիացի քրդերի մեծ մասը ձգտում են քաղաքական ինքնավարության: Կան նաև քաղաքական անկախություն պահանջող շրջանակներ: Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիական կառավարական զորքերը լքեցին քրդաբնակ տարածքներից շատերը, ինչը խթանեց քրդերի ինքնակառավարման աճը:

«Ալ Քայիդան» ամենախոշոր ծայրահեղական միջազգային ահաբեկչական կազմակերպություններից է վահաբիստական ուղղվածությամբ: Այն ստեղծվել է 1988 թվականին: Կազմակերպության ստեղծման ակունքների մոտ էին Ուսամա բին Լադենն ու Այման ազ Զավահիրին: Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելուց հետո, «Ալ Քայիդան» իր պայքարն ուղղեց ԱՄՆ դեմ և ընդհանրապես արևմտյան աշխարհի դեմ: Կազմակերպության նպատակն է աշխարհիկ ռեժիմների տապալումն իսլամական երկրներում ու «Մեծ իսլամական խալիֆաթի» ստեղծումը: Քենիայում և Տանզանիայում 1998 թվականին ԱՄՆ դեսպանատների պայթեցումից հետո, նա ստացավ ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ: Բին Լադենի մահից հետո կազմակերպությունը գլխավորում է եգիպտացի Այման ազ Զավահարին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---