15  Զվարթնոց. Հին համալիրը

Որոշումը վերջնական է՝ «Զվարթնոցի» հին շենքը կքանդվի

Որոշումը վերջնական է՝ «Զվարթնոցի» հին շենքը կքանդվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանությունը տվել է՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը կքանդվի, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:Նրա խոսքով՝ գործադիրն արդեն հաստատել է «Զվարթնոց» կոնցեսիոների կողմից ներկայացված «մաստեր պլանը», որտեղ նաև ներկայացված է օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը:

Մովսեսյանը միաժամանակ հիշեցրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը, որը, ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, ընդունելի է եղել և ՔԱՎԳ-ի, և Էդուարդո Էռնեկյանի թիմի կողմից: Ըստ դրա, եթե մշակութային պահպանման առումով խնդիրներ կան, ապա կարելի է այգի ստեղծել և այնտեղ տեղակայել ճարտարապետական հուշարձանները, գրում է Panorama.am-ը:

«Էռնեկյանի թիմի համար առաջարկն ընդունելի է, իրենք մոտ օրերս կհաստատեն, որ փոփոխությունը դրական են ընդունել: Թե ինչպիսին կլինի լուծման վերջնական տարբերակը, դեռ հայտնի չէ՝ նրանք ժամանակ են խնդրել տարվա ընթացքում քանդման լուծումներ գտնելու համար»,- նշել է Մովսեսյանը՝ հավելելով, որ շենքը չեն տեղափոխի, քանի որ դա մեծ ծախսերի հետ է կապված, ոչ մի կառավարիչ էլ նմանատիպ ծախսեր չի անի:

Այսպիսով, այգին կդառնա ժամանցի վայր, որտեղ կլինի նաև հին շենքի մակետը, գրում է «Այսօր»-ը: Մովսեսյանը նաև հիշեցրել է, որ բյուջեում շենքի պահպանման ծախսեր նախատեսված չեն: ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ին հաստատել էր օդանավակայանի համար մշակված նոր «Մաստեր պլանը», ըստ որի օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար 101,1 մլն դոլարի ներդրումներ կկատարվեն:

Անդրադառնալով նախագծին, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ այդ ներդրումները մի կողմից հնարավորություն կտան բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, տուրիզմն և պահպանել այն, որպեսզի օդանավակայանը լինի լավագույնը: Գործադիրի ղեկավարն այս խնդիրը գերակա էր անվանել՝ նշելով, որ չի կարելի թերագնահատել օդանավակայանի կարևորությունը:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել էր «Զվարթնոցի» հին մասնաշենքի խնդրին՝ քանդման վերաբերյալ ներկայացված առաջարկին: «Հասկանալի է, որ այն նախատեսում է 15-20 մլն դոլարի ներդրում, ինչը բավականին շատ է: Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- նշել էր Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ օդանավակայանի տարածքում մի այգի կառուցելու հետաքրքիր առաջարկ կա, որտեղ ճարտարապետական լուծումով կարող են տեղավորվել բոլոր կոթողները:

Տիգրան Սարգսյանը նաև նշել էր, որ շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, որը մեր հուշարձանների շարքում ներառված չէ, բայց ճարտարապետները դա արժեքավոր ժառանգություն են համարում:

Նոյեմբերի 11-ին Հանրային խորհուրդը (ՀԽ) քննարկման էր դրել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքի հետագա ճակատագրի հարցը: Հին շենքը քանդելուն դեմ էր քվեարկել խորհրդի 20 անդամ, 2-ը՝ կողմ:

Առաջարկվում էր դիմել շահագործողին` խնդրելով հաշվարկներով ներկայացնել հետագա գործողությունների ծրագիրը, ուսումնասիրել հին մասնաշենքի շահագործման հնարավորությունը, ինչպես նաև քննարկել շենքը մշակութային հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Հանրային խորհուրդը, հաշվի առնելով հանձնաժողովնրում տեղի ունեցած քննարկումներն ու հանրայի կարծիքը, դեմ էր արտահայտվել «Զվարթնոցի» հին շենքը քանդելու առաջարկին:

Քննարկմանը օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հայտարարել էր, որ ընկերության պատճառաբանությունը, թե շենքը վթարային է, իրականությանը չի համապատասխանում:

Ճարտարապետի համար անհասկանալի պատճառներով շենքը ժամանակին հուշարձանների ցանկից հանվել էր, իսկ այն վարձակալած «Կորպորացիոն Ամերիկան» խախտել էր պայմանագիրը, որը կնքվել էր 2001-ին, ուստի դրա իրական սեփականատերը՝ ՀՀ կառավարությունը, պետք է կազմակերպության ձեռքից վերցնի այն և տա այնպիսի ընկերության, որն ընդունակ է շահագործելու՝ պահպանելով այն:

Շահագործողը հայտարարություն էր արել, թե հին համալիրի պահպանումն որպես խնդիր իրենց առջև դրված չի եղել և այժմ, երբ առաջացել է օդանավակայանի ընդլայնման հարցը, կոնցեսիոները նպատակահարմար է գտնում ընդլայնել այն հենց դրա հաշվին: Շահագործողը որպես հիմնավորում նշել էր նաև այն, որ հին համալիրը հնարավոր չէ օգտագործել ներկայիս ավիացիոն պահանջների համար: Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին: Սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը Հանրային խորհրդին խոստացել էր, որ հաշվի կառնեն խորհրդի կարծիքը:

1961-ին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980-ին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---