Կիևի բախումներում սպանված երիտասարդը հայ էր (թարմացված) (վիդեո)

Կիևի բախումներում սպանված երիտասարդը հայ էր (թարմացված)

PanARMENIAN.Net - Մայդանի ինքնապաշտպանության շտաբը հաստատել է տեղեկատվությունը 22-ամյա ակտիվիստի մահվան մասին, որը տուժել էր Կիևում Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ: Մինչ այդ, սոցիալական ցանցերում այս գիշեր արդեն հաղորդագրություններ հայտնվեցին, որ երիտասարդը մահացել է հիվանդանոցում, հայտնում է «Սեգոդնյա» պարբերականը: Ասվում է, որ հունվարի 20-ին բախումների ժամանակ նա վայր է ընկել «Դինամո» մարզադաշտի 13-մետրանոց սյունից, որտեղից ցուցարարները պայթուցիկով շշեր էին նետում միլիցիայի վրա: Նրան տեղափոխել էին հիվանդանոց ոտքի ու ձեռքի կոտրվածքների կասկածով:

Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին ևս մեկ զոհվածի մասին: Երիտասարդը 4 վիրավորում էր ստացել և մահացել է հունվարի 22-ի առավոտյան: Հաղորդագրությունում ասվում է, որ բուժկետ են եկել, որտեղ, ըստ բժիշկների, գտնվում է զոհված ցուցարարը, միլիցիայի աշխատակիցներ ու դատական փորձագետ: Այլ տեղեկատվություն երիտասարդի մահվան մասին չկա:

Ինչպես հայտնում է «Ուկրաինական պրավդան» սեփական աղբյուրների վրա հղումով, երիտասարդը, որին սպանել են Գրուշևսկու փողոցում, Սերգեյ Նիկոյանն է: «Դա Նիկոյան Սերգեյն է՝ Եվրամայդանի ակտիվ մասնակիցը»,- ասել է զրուցակիցը՝ հավելելով, որ Սերգեյը պարանոցի և գլխի վիրավորում է ստացել: Հայտնի չէ, թե հատկապես ինչ զենքից են կատարվել կրակոցները, դա պարզ կդառնա միայն հերձումից հետո:

Այնուհետև Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հաստատեց Նիկոյանի մահվան լուրը: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, Կիևում զհոված Սերգեյ Նիկոյանը Ուկրաինայի քաղաքացի է:

Ավելի վաղ, դեկտեմբերին Սերգեյի մասնակցությամբ տեսանյութ էր նկարահանվել բարիկադների ֆոնի վրա, որտեղ նա ընթերցում է Շևչենկոյի բանաստեղծությունը: Սերգեյը Եվրամայդանի պաշտպաններից մեկն էր, 20-ամյա հայ երիտասարդ Դնեպրոպետրովսկից: Նա պատմել է, որ հեցն սկզբից հեռուստացույցով հետևել է Մայդանի վերաբերյալ նորություններին ու չի կարողացել քնել գիշերները: Դեկտեմբերի 8-ին նա մեկնել է Կիև՝ Եվրամայդանին մասնակցելու նպատակով: Սերգեյը քնում էր վրանում կամ արհմիությունների տանը: Այն հարցին, թե ինչու է նա եկել Մայդան, Սերգեյը պատասխանում էր. «Սա նաև իմ ապագան է, ես այս երկրում եմ ապրում»:

Բախումները Կիևի կենտրոնի Գրուշևսկու փողոցում սկսվեցին հունվարի 19-ին՝ «ժողովրդական հավաքից» հետո, որին մասնակցեց մոտ 500 հազար մարդ: Ցուցարարների մի մասը փորձեց ճեղքել միլիցիայի աշխատակիցների պատնեշը, որոնք պաշտպանում էին կառավարական շենքերը: Ըստ պաշտոնական տվյալների, բախումներում տուժել է մոտ 100 ակտիվիստ ու միլիցիայի 163 աշխատակից: Ընդդիմությունը հայտարարել է 1,5 հազար տուժածների մասին:

Ցուցարարները ուժային կառույցների աշխատակիցների ուղղությամբ Մոլոտովի «կոկտեյլներ» էին նետում, իսկ «Բերկուտը» պատասխանում էր կրակոցներով տրավմատիկ զենքից: Գրուշևսկու փողոցում, «Դինամո» մարզադաշտի մոտ իսկական մարտ էր մի քանի տասնյակ ցուցարարների ու ուժայինների միջև: Իրավապահները բարձրաձայն սպառնալիքներ էին հասցեագրում բարիկադի հակառակ կողմում գտնվողներին: Ընդ որում, ուժայինները կրակում էին ոչ միայն նրանց վրա հարձակված ցուցարարների ուղղությամբ, այլև անցորդների:

Բախումներից հետո բուժօգնության համար դիմել էր իրավապահ մարմինների 119 աշխատակից: Հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 80 տուժած միլիցիոներ: Նրանց մոտ ախտորոշվել են գանգուղեղի փակ վնասվածքներ, կոտրվածքներ, այրվածքներ, դանակով հասցված վերքեր, թունավորումներ անհայտ նյութերով:

Բախումների հետևանքով ոստիկանություն բերման է ենթարկվել 32 մարդ: Ինչպես հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ում, նրանցից 22-ը ձերբակալվել են զանգվածային անկարգությունների մասին քրեական վարույթի շրջանակներում: Այս պահի դրությամբ 13 ձերբակալվածներ անցնում են գործով որպես կասկածյալներ:

Մինչդեռ, Կիևի «Եվրամայդանը» չորեքշաբթի մտադիր է հերթական մեծ հանրահավաքն և այլընտրանքային խորհրդարանի՝ Ժողովրդական ռադայի սահմանադիր ժողով անցկացնել:

Սկզբում ընդդիմադիրները մտադիր էին հունվարի 22-ին՝ Ուկրաինայի միասնության օրը, մեծ երթ կազմակերպել: Սակայն երեքշաբթի երեկոյան ընդդիմադիրները փոխեցին պլանները և «Բատկիվշչինա» կուսակցությունն իր կայքում հայտարարեց, որ ժամը 4-ին «Օկտյաբրսկի» պալատում կսկսվի սահմանադիր ժողովը, իսկ երեկոյան ժամը 6-ին Մայդանում Ժողովրդական հավաք տեղի կունենա, հայտնում է ВВС-ին:

Երեքշաբթի այդպես էլ չսկսվեցին քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունները, որի մասին նախագահ Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդները հայտարարել էին դեռ կիրակի օրը, բախումներից հետո: Ընդդիմության առաջնորդները պահանջում են, որ բանակցություններին մասնակցի Յանուկովիչը, սակայն նա խուսափում է դրանից, ընդդիմության հետ խորհրդակցությունները հանձնարարելով ԱԽ խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևի գլխավորած աշխատանքային խմբին:

Երեքշաբթի Կլիչկոն ներկայացել էր նախագահի նստավայր Յանուկովիչի հետ հանդիպելու համար, սակայն հանդիպումը չի կայացել վերջինիս զբաղվածության պատճառով: Կլյուևի գլխավորած խումբը դեռ միայն մեկ նախապատրաստական հանդիպում է անցկացրել ընդդիմադիրների հետ: Երեք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, չկարողանալով հասնել Յանուկովիչի հետ հանդիպման, «երկրորդ էշելոնի« առաջնորդներին՝ Յուրի Լուցենկոյին, Ալեքսանդր Տուրչինովին ու այլոց են ուղարկել հանդիպման:

Photo: pravda.com.ua
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---