ՍԴ-ն որոշեց՝ Պարտադիր կուտակայինի մասին օրենքը կկասեցվի. Դատաքննությունը՝ մարտին

ՍԴ-ն որոշեց՝ Պարտադիր կուտակայինի մասին օրենքը կկասեցվի. Դատաքննությունը՝ մարտին

PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանը հունվարի 24-ին նիստում որոշել է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կկայանա մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով, հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի մեկից կենսաթոշակային ռեֆորմները Հայաստանում մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ Կուտակային բաղադրիչն ապագա թոշակառուին կթույլատրի ինքնուրույն ձևավորել իր կենսաթոշակը։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանակում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ «համակարգը թերի է»:

2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Քաղաքացիներն այդ ընթացքում մի շարք բողոքի ակցիաներ անցկացրին, որոնց ընթացքում նամակ հանձնեցին Օմբուդսմենին, ինչպես նաև Կառավարությանը:

Դեկտեմբերի 13-ին էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության նախագահը՝ պատասխանելով աշխատակիցների հարցերին, անդրադարձել էր նաև կենսաթոշակային բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը նշել էր, որ «շատ դրական» է գնահատում նոր համակարգը, և բոլոր նրանք, ովքեր համամիտ են, պիտի «ավելի ակտիվ լինեն»: «Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում»,- նշել էր նախագահը:

Ինչպես դեկտեմբերի 27-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարտադիր կուտակայինը Հայաստանի համար այլընտրանք չունի, քանի որ «սերունդների համերաշխության» սկզբունքն արդար չէ։ Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը 30 հազար դրամ է, իսկ ծայրահեղ աղքատության շեմը՝ 27 հազար, ստացվում է, որ կենսաթոշակի անցնող մարդը գրեթե աղքատ է դառնում։

«Մեր մոտեցումը հետևյալն է՝ ամեն մեկը պատասխանատու է իր ապահով ծերության համար։ Ռեֆորմը, որի վրա 10 տարի ենք ծախսել, որի վրա լավագույն միջազգային մասնագետներն են աշխատել, թույլ կտա այսօրվա երիտասարդներին 30-40 տարի առաջ նայել ու պլանավորել կյանքը»,- նշել էր կառավարության ղեկավարը։ Խոսելով դժգոհությունների մասին, որոնք առաջացել են համակարգի շուրջ, վարչապետն ասել էր, որ դրանք պոպուլիստական են ու հիշեցրել, որ նման բացասական վերաբերմունք կար նաև քաղծառայողների համար սոցփաթեթի համակարգի ներդրման հանդեպ, որով այժմ բոլորը շատ գոհ են։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---