Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» նորից կէկրանավորվի. Ռեժիսորը Մեգ Ռայանն է

Սարոյանի «Մարդկային կատակերգությունը» նորից կէկրանավորվի. Ռեժիսորը Մեգ Ռայանն է

PanARMENIAN.Net - Վիլյամ Սարոյանի 1942-ին գրված «Մարդկային կատակերգություն» (The Human Comedy) վեպը ևս մեկ անգամ կէկրանավորեն: Իմիջիայլոց, 1943-ին էկրան բարձրացած Կլարենս Բրաունի ֆիլմի սցենարի ադապտացիան գրելու համար Սարոյանը «Օսկար» էր ստացել: Վեպի նոր էկրանավորումը կկոչվի «Իտակա» (Ithaca). ռեժիսորը հոլիվուդյան հայտնի դերասանուհի Մեգ Ռայանն է, պրոդյուսերը՝ Թոմ Հենքսը: Ի դեպ, մինչև այդ ռեժիսորն ու պրոդյուսերն աշխատել են միասին, միայն թե կադրում՝ նկարահանվել են «Ջոնը վուլկանի դեմ», «Նամակ ունեք» ու «Անքունները Սիեթլում» ֆիլմերում:

Ռայանը կինոյում աշխատում է որպես դերասանուհի, դուբլյաժի դերասանուհի ու պրոդյուսեր։ 2011-ին հայտարարվեց, որ նա կնկարահանի Into the Beautiful կատակերգական դրաման, բայց ֆիլմն այդպես էլ չգործարկվեց։

Սցենարի նոր ադապտացիան գրել է Էրիկ Յենդրեսենը, ով Հենքսի հետ աշխատել է «Զինակից եղբայրները» մինի-սերիալի վրա, իսկ դերասանական կազմում կլինեն նույն ինքը՝ Մեգ Ռայանը, ինչպես նաև Սեմ Շեփարդը, Մելանի Գրիֆիթն ու Ջեք Քուեյդը:

Ֆիլմի գործողությունը, ինչպես և սարոյանական «Մարդկային կատակերգությունում», կծավալվի 1942-ին, Կալիֆորնիայի փոքր քաղաքներից մեկում՝ Իտակայում: Սյուժեի կենտրոնում 14-ամյա Հոմերոս Մաքոլիի պատմությունն է, ում ավագ եղբայրը գնացել է պատերազմ, կրտսեր եղբորը խրատելով հոգ տանել այրի մոր, ավագ քրոջ ու 4-ամյա եղբոր՝ Ուլիսի մասին: Այժմ Հոմերոսը Իտակայի փոստատարն է:

«Իտական» հասարակ, բայց խաբուսիկ պատմություն է: Այն լիրիկական ու ռոմանտիկ է, ժամանակ առ ժամանակ զարմանալիորեն ոչ սենտիմենտալ, որը, այնուամենայնիվ, ցինիզմից հեռու է: Անչափ ուրախ եմ, որ հենց ես եմ էկրանավորելու այս զգացմունքայի ու գրավող պատմությունը»,- նախագծի մասին ասել է Մեգ Ռայանը, գրում է Filmz.ru-ն:

Մասամբ կենսագրական «Մարդկային կատակերգությունը» համարվում է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի լավագույն ստեղծագործություններից մեկը: 1943-ին դրա առաջին էկրանավորումն «Օսկարի» էր նոմինացվել միանգամից 5 անվանակարգում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասան» (գլխավոր դերում Միքի Ռունին էր), «լավագույն օպերատորական աշխատանք» ու «լավագույն գրական սկզբնաղբյուր»: Ոսկե արձանիկ ստացավ վերջին անվանակարգի համար:

Իմիջիայլոց, Սարոյանի մահից հետո արձանիկը, որը պահում էր նրա զարմուհին՝ Կոզեթը, անհետացել էր, այնուհետև «հայտնվել» Սան Ֆրանցիսկոյի լոմբարդներից մեկում, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը: Սարոյանի անվան ֆոնդն արձանիկի համար առաջարկել էր 20 հազար դոլար, բայց իմանալով, թե ում էր այն պատկանում, լոմբարդի տնօրենը հրաժարվել էր գումարից ու փոխանցել «Օսկարը» ֆոնդին: Այն ցուցադրվել է Ֆրեզնոյում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող դրամատուրգի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

Սարոյանը արձակագիր էր, ով գրում է ամենատարբեր ժանրերում ու թեմաների մասին՝ իր պատմական հայրենիքից մինչև պացիֆիզմ: «Օսկարից» առաջ 1940-ին նա նաև արժանացել է Պուլիտցերյան մրցանակի, որից հրաժարվել է: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, ինչպես նաև հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---