Իսլամը Ռուսաստանում դառնում է նախընտրելի կրո՞ն

Իսլամը Ռուսաստանում դառնում է նախընտրելի կրո՞ն

PanARMENIAN.Net - Վոլգոգրադում ահաբեկչական գործողություններից հետո ու Սոչիում Օլիմպիադային բռնարարքներ կազմակերպելու իսլամիստների բազմաթիվ սպառնալիքների հետ մեկտեղ Ռուսաստանում առաջին պլան է դուրս գալիս ահաբեկիչների դեմ պայքարը: Այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է թվում: Պարզվում է՝ ամենևին էլ պարտադիր չէ, որ գրոհայինը «կովկասյան ազգության ներկայացուցիչ» լինի, նա կարող է սլավոնական ազգություն ունենալ, ինչն այս պարագայում ամենասարսափելին է: Ըստ ՌԴ Մուֆտիների խորհրդի հաշվարկի, «ռուս մահմեդականները «մոտ 100 հազար են»: Ըստ նախկին քահանա Ալի Վյաչեսլավ Պոլոսինի, նրանք մոտ 10 հազար են, իսլամագետ Ռոման Սիլանտևի կարծիքով՝ 7 հազար: Թվերի միջև տարբերությունը մեծ է, բայց 20-25 հազար «ռուս իսլամիստ», ըստ անկախ փորձագետների գնահատականների, հաստատ կա: Ճիշտ է, հստակ վիճակագրություն չկա, քանի որ մարդահամարի դեպքում դավանանքը չի նշվում:

Մտահոգիչ է ուղղափառների դավանափոխությունն ու իսլամ ընդունելու դինամիկան: Հարկ է նշել, որ նորաթուխ իսլամիստները հիմնականում պատկանում են տարբեր վահաբիթական խմբավորումներին, որոնք առավել դաժան են: Հենց նրանք են պատերազմում Սիրիայում, ահաբեկչական գործողություններ իրականացնում Ռուսաստանում: Հիմնականում օգտագործում ենգրոհայինների այրիներին, որոնք ավելի քիչ են կասկածներ հարուցում:

Դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչով են առաջնորդվում ուղղափառ ռուսներն իսլամ ընդունելով, այստեղ իր դերն ունի նաև սոցիալ-տնտեսական վիճակը: Սակայն հիմնական պատճառը դա չէ. գրեթե բոլոր սաուդիստներն ու եգիպտացիները, որոնք ջիհադիստական խմբավորումների կորիզն են, բավականին լավ են ապրում: Պատճառ կարող է լինել նաև սպանության «ծարավը», «հերոս» դառնալու մղումը:

Եթե խոսենք կոնկրետ Օլիմպիադայի մասին, ապա, ըստ փորձագետների, ահաբեկիչների համար բռնարարք կազմակերպելն այդ օրերին հեղինակության հարց է, ինչպես Պուտինի համար՝ այն կանխելը: Ահաբեկչական գործողությունները կանխելու Ռուսաստանի ջանքերը կարող են հաջողվել զուտ գործարկված ռեսուրսների մասշտաբի առումով, այսինքն գրոհայիններին ձերբակալում են կամ ոչնչացնում՝ Օլիմպիադայում բռնարարք կազմակերպելու հնարավորությունից զրկելու համար: Բայց ամենատխուրն այս պատմությունում այն է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին չի կարողանում կասեցնել իսլամ ընդունել ցանկացողների հոսքը, որը, չնայած իշխանությունների լավատեսական հայտարարություններին, դանդաղ, բայց աճում է:

Ընդհանրապես իսլամը բավականին գրավիչ է երիտասարդների համար. կարելի է կրակել, աղոթքը տևում է 2-3 րոպե, Ղուրանի իմացությունն ենթադրում է սուրաների մեխանիկական ընկալում, հիմնականում, այն մասով, որն ուղղված է քրիստոնյաների դեմ ու ջիհադի կոչ է անում:

Հավանաբար արդեն ուշ է ահազանգել, սակայն վաղուց ժամանակն է բացատրել երիտասարդներին, որ «շահիդը» հեռու է իրենց պատկերացումներից:

Իսլամում շահիդ ասելով հասկանում են ինչպես դատի ժամանակ վկայի, այնպես էլ անհավատների դեմ պատերազմում հանուն հավատի նահատակված մարդու: XXI դարում մահապարտ իսլամիստների բնութագրման համար մեծ տարածում ստացավ «շահիդ» բառը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---