ԱՄՆ-ն առաջարկում է շարունակել Սիրիայի վերաբերյալ բանակցություններն Իրանի հետ

ԱՄՆ-ն առաջարկում է շարունակել Սիրիայի վերաբերյալ բանակցություններն Իրանի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջարկել է Ռուսաստանին նոր բանակցություններ սկսել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ, արդեն Իրանի մասնակցությամբ: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ դիվանագիտական շրջանակներում սեփական աղբյուրների վրա հղումով:

Վաշինգտոնը մտադիր է նաև բանակցություններին հրավիրել Սաուդյան Արաբիային ու Թուրքիային, որոնք սատարում են ընդդիմությանը: Իրանը պետք է ներկայացնի հակամարտության մյուս կողմը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին: ԵՄ ներկայացուցիչներին ԱՄՆ-ն մտադիր չէ հրավիրել բանակցությունների:

Պետդեպարտամենտը մտադիր չէ հրաժարվել «Ժնև-2»-ի ձևաչափից: Այդ հանդիպումներին ներկա են լինում հակամարտության երկու կողմերը՝ Սիրիայի իշխանությունների ներկայացուցիչներն ու չափավոր ընդդիմության: Սակայն Իրանի մասնակցության հրավերը վերջին պահին հետ կանչվեց ապստամբների պահանջով: Հետո ասվեց, որ ձևականորեն հրավերը չեղյալ հայտարարվեց այն պատճառով, որ Թեհրանը չէր ստորագրել Սիրիայիում իշխանափոխության կոչով կոմյունիկեն:

«Ժնև-2» միջազգային խորհրդաժողովն աշխատանքը սկսեց շվեյցարական Մոնտրյոյում հունվարի 22-ին: Բանակցությունների առաջին փուլն արդեն ավարտվել է, սակայն զգալի արդյունք չի տվել: Երկրորդ փուլը մեկնարկում է փետրվարի 10-ին: Մոնտրյոյի գագաթաժողովը խոշորագույն հանդիպումը հանդիսացավ՝ նվիրված Սիրիայի իրավիճակին Ժնևի 2012 թվականի խորհրդաժողովից հետո:

Մինչդեռ փետրվարի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Սիրիայի Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան Մոսկվայում կքննարկեն ընդդիմադիր պատվիրակության կազմը առաջիկա «Ժնև-2»-ին: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«Մենք հուսով ենք, որ ընդդիմության պատվիրակությունը ներկայացուցչական կլինի և կներառի ոչ միայն Ազգային կոալիցիայի, այլ նաև մյուս խմբավորումների անդամների: Մենք դա բազմիցս ենք ասել: Դա կլինի օրակարգի հիմնական հարցերից մեկը»,-հայտարարել է դիվանագետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---