Իրանի նախագահը 170 հազար դոլար է նվիրաբերել երկրի միակ հրեական հոսպիտալին![]() 7 փետրվարի 2014 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին 170 հազար դոլար է նվիրաբերել երկրի միակ հրեական հոսպիտալին, հայտնում է AP-ին իրանական ԶԼՄ-ների վրա հղումով: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, սա Ռոուհանիի արդեն երկրորդ բարեգործական նվիրատվությունն է դոկոտր Շապիրի հոսպիտալին, որը հիմնադրվել է Թեհրանում մոտ 70 տարի առաջ: 2013 թվականին նախագահը նույնքան գումար հատկացրեց հոսպիտալին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իրանում մոտ 25 հազար հրեա է բնակվում, դա հրեաների ամենամեծ համայնքն է Մերձավոր Արևելքում, նշում է գործակալությունը: Իրանի հրեաների համայնքը պաշտոնապես խտրականության չի ենթարկվում, սակայն երկրի նախկին քաղաքական ղեկավարությունը բազմիցս է հակահրեական հայտարարություններ արել: Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, մասնավորապես, ժխտում էր ազգային հողի վրա հրեաների ոչնչացման փաստը 1930-40-ական թվականներին: Իր ելույթներում նա սպառնում էր «ջնջել Իսրայելը երկրի երեսից»: Գործող նախագահ Ռոուհանին 2013 թվականի սեպտեմբերին CNN-ին տված հարցազրույցում ճանաչեց Հոլոքոսթի փաստը և անվանեց այն նացիստների ոճրագործություն հրեա ժողովրդի դեմ: Ընտրվելուց հետո Հասան Ռոուհանին արգելեց ամեն տարի Թեհրանում անցկացվող հակահրեական խորհրդաժողովը, որն ամեն տարի կազմակերպում էր նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նախագահ Ռոուհանին առաջին անգամ վերջին տարիների ընթացքում շնորհավորեց հրեաներին Ամանորի՝ Ռոշ հա Շանա տոնի կապակցությամբ: Իրանի կառավարությունն որպես կրոն իսլամից բացի ճանաչում է միայն երեք դավանանք՝ քրիստոնեությունն իր բոլոր ճյուղավորումներով, հուդայականությունն ու զրադաշտականությունը: Իրանում բավականին զուսպ են վերաբերվում ոչ իսլամական, այսպես կոչված պատմական կրոններին: Առավել խիստ են այստեղ վերաբերվում բողոքականությանը, որն ամրագրվեց Իրանում շախի ռեժիմի ազատականացման շրջանում, դեռ 1979 թ. իսլամական հեղափոխությունից առաջ: Այն ժամանակ բողոքականներին հաջողվեց որոշ քանակի մահմեդականների ներգրավել: Ճանաչված կրոնական համայնքները մեկական ներկայացուցիչ ունեն խորհրդարանում՝ մեջլիսում: Photo: Reuters Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |