ԵՄ-ն, հավանաբար, հերթական անգամ կկասեցնի Թուրքիայի հետ բանակցությունները

ԵՄ-ն, հավանաբար, հերթական անգամ կկասեցնի Թուրքիայի հետ բանակցությունները

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ ԵՄ-ն կդադարեցնի Թուրքիայի հետ բանակցություններն այդ կազմակերպությանը վերջինիս անդամակցության շուրջ: Քաղաքագետներից շատերը կանխատեսում են, որ նրանք հերթական անգամ կկասեցվեն այս աշնանը: Ավելի շուտ դա անել թույլ չեն տա ընտրությունները, որ կայանալու են Եվրոպայում մայիս-սեպտեմբերին՝ սկզբում Եվրախորհրդարանի, հետո՝ Եվրահանձնաժողովի: Այնպես որ բանակցությունները, հավանաբար, կկասեցնի հոկտեմբերին արդեն նոր եվրահանձնակատարը:

2013-ի նոյեմբերի 5-ին 3-ամյա դադարից հետո բացվել էր Եվրամիություն-Թուրքիա բանակցությունների նոր գլուխը: 22-րդ գլուխը, որը քննարկելու են Թուրքիան ու ԵՄ-ն, վերաբերում է «տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային մեխանիզմների համակարգմանը»: Քաղաքական սահմանափակումների զգալի մասը, կապված բանակցություններում մյուս բաժինների բացման հետ, պայմանավորված է Կիպրոսի խնդրի լուծմամբ:

Անկարան ինքն է տվել ևս մեկ հաղթաթուղթ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հակառակորդներին: Անցած շաբաթ խորհրդարան էր ներկայացվել Էրդողանի օրինագիծը, որն ի վերջո ավելի շատ կսահմանափակի քաղաքացիական իրավունքներն ու նոր լիազորություններ կտա իրեն: Նոր օրենքը զգալիորեն պետք է հզորացնի MIT հետախուզության լիազորությունները: Ըստ օրենքի, որը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ, հետախուզությունն իրավունք կստանա հավաքելու, գրառելու ու վերլուծելու տեղեկատվությունը, փաստաթղթերը, նորություններն ու տվյալները՝ դրա համար օգտագործելով բոլոր անհրաժեշտ միջոցները: Լրագրողները, որոնք հրապարակում են իրենց ձեռքն ընկած MIT փաստաթղթերը, կարող են հայտնվել ճաղերից այն կողմ: Վերջերս թուրք օրենսդիրներն արդեն օրենք են ընդունել, որն ուժեղացնում է դատական իշխանության հանդեպ կառավարության հսկողությունը:

Մարտի 5-ին ԵՄ միջազգային գործերի կոմիտեն կքվեարկի Եվրախորհրդարանին ու Եվրահանձնաժողովին ուղղված դիմումը, որով առաջարկվում է վերանայել Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին վերաբերմունքը: Անկարան կատարել է Բրյուսելի պահանջներից 35-ը: Այժմ կառավարությունն աշխատում է մնացած 13-ի վրա: Եվս մի քանիսն արգելափակվել են Կիպրոսի ու Ֆրանսիայի կողմից: Աշխատանքն ընթանում է, սակայն անդամակցության գործընթացը կարող է դադարեցվել ժողովրդավարական սկզբունքների լուրջ ու բազմակի խախտումների պատճառով, գրում է Էքսպերտ-օնլայնը:

Ըստ Եվրախորհրդարանի անդամ ու Թուրքիա-ԵՄ Միացյալ խորհրդարանական կոմիտեի ղեկավար Հելեն Ֆլոտրեի, Անկարայի հայտի ուժը լրջորեն թուլացել է տարիներով տեղում դոփելու պատճառով: Սակայն, նա այնուամենայնիվ, գտնում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները նախկինի պես թուրքական կառավարության վրա ԵՄ ազդեցության լավագույն գործիքն են, իսկ եվրոպական չափանիշները այժմ էլ մնում են Թուրքիայի ժողովրդավարական բարեփոխումների անցկացման լավագույն օգնականները: Այժմ Անկարայի վիճակը բարդանում է նրանով, որ Թուրքիայի նախկին կողմնակիցների մեծ մասը հիասթափված է այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններից: Նրանք գտնում են, որ բանակցությունները կարող են շարունակվել միայն եթե Էրդողանը հեռանա կամ գոնե եթե զսպվեն նրա կուսակցության՝ ԱԶԿ-ի բռնատիրական նկրտումները:

Անցած հանգստյան օրերին Ստամբուլում անցան վերջին տարիների ամենաբուռն ցույցերը: Բողոքողներին ցրելու համար կիրառվել են պլաստիկ փամփուշտներ, արցունքաբեր գազ ու ջրանետներ: Ցուցարարները բողոքել են վերջերս ընդունված օրենքի դեմ, որը թույ է տալիս իշխանություններին դիտարկել ինտերնետի օգտատերերի տվյալներն ու արգելափակել կայքերն առանց դատարանի թույլտվության:

Էրդողանի քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում ոչ միայն Եվրոպայում, այլ նաև Վաշինգտոնում: Օբաման անցած շաբաթ խոսել է հեռախոսով թուրք վարչապետի հետ և կարևորել է «առողջ քաղաքականությունը, որի հիմքում օրենքի գերակայությունն է», եզրակացնում է կայքը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2005-ից ի վեր Անկարայի հետ շարունակվող երկխոսությունը բնութագրել է որպես մի գործընթաց, որի արդյունքը դեռևս մշուշոտ է: Ի պատասխան Էրդողանը հայտարարել է.

«Թուրքիային ոչ այնքան Եվրամիությունն է հարկավոր, որքան միավորված Եվրոպային՝ Թուրքիան: Մենք հուսով ենք, որ Գերմանիան լիովին կսատարի մեզ ԵՄ ճանապարհին և անդամակցության ժամանակ: Կցանկանայինք, որ Գերմանիան ավելին աներ այդ ուղղությամբ, քան նախկինում: Մինչ օրս բավարարը չի արվել»:

Գերմանիայի կանցլերն ընդգծել է այդ հարցում իր հոռետեսությունը. «Գաղտնիք չէ, որ դիրքորոշումս չի փոխվել, բավականին հոռետեսորեն եմ մոտենում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին: Սակայն այժմ դա մեզ չի մտահոգում, քանի որ ներգրավված ենք անհայտ արդյունքով մի գործընթացի մեջ: Ցանկանում ենք այդ գործընթացն առաջ մղել»:

Էրդողանը Մերկելին հավաստիացրել է, որ երկիրը կշարունակի բարեփոխումները: Սակայն, վերջերս միջազգային հանրության կողմից իրավապահ մարմիններում զտումների, մամուլի ազատության սահմանափակումների ու անցած ամռանը ցույցերը դաժանորեն ցրելու համար հենց այդ բարեփոխումներն են քննադատվում:

2013-ի դեկտեմբերի վերջում Հունաստանի ԱԳՆ-ն, որին 2014-ի հունվարի 1-ին անցավ ԵՄ-ումնախագահությունը, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանավեճ սկսելու իմաստ չի տեսնում, քանի դեռ Անկարան չի ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը:

Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Կուտրասը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի հետ ռեադմիսիայի մասին համաձայնության ստորագրման վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը: Այն ժամանակ թուրք նախարարը հայտարարել էր, որ չի ճանաչում Կիպրոսի գոյությունը:

Իր հերթին թուրք վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ «չկա այնպիսի պետություն, որը կոչվում է Կիպրոս», կա միայն «հունա-կիպրական վարչակազմ», որին Եվրամիությունն ընդունում է «քաղաքական պատճառներով»: Անկարայի այդ դիրքորոշումը 1974-ի Կիպրոսի հյուսիսային մասի թուրքական օկուպացիայի հետևանք է, որտեղից կիպրոսցի հույներն արտաքսվել էին: Կղզու այդ հատվածում Թուրքիան հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ոչ մեկի կողմից ճանաչված չէ:

«Եվրամիությունը, որին ձգտում է ինտեգրվել Թուրքիան և որի հետ մի քանի օր առաջ համաձայնություն է ստորագրել ռեադմիսիայի մասին, կազմված է 28 պետությունից, այդ թվում Կիպրոսի Հանրապետությունից, որը նաև եվրոյի գոտու անդամ է»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

«Եթե Թուրքիան չի ընդունում ու չի հասկանում այդ պարզ և հիմնարար փաստերը, գործնականում իմաստ չունի կոնկրետ բանավեճը նրա եվրոպական հեռանկարի վերաբերյալ»,- հայտարարել է Կուտրասը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---