Հանրությունը նորից հաղթեց․ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի

Հանրությունը նորից հաղթեց․ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի

PanARMENIAN.Net - «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարևանությամբ սրճարան չի կառուցվի։ Մշակույթի նախարարության՝ գաղափարից հրաժարվելու մասին մարտի 8-ին գերատեսչությունում քննարկումից հետո տեղեկացրել է փոխնախարար Արև Սամուելյանը։ Մինչև այդ, նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի շինարարները քանդել էին հենապատն ու հիմա այն պետք է բերվի նախկին վիճակի, գրում է «Հետք»-ը:

Գառնիի տաճարի հարևանությամբ մշակույթի նախարարության՝ սրճարան կառուցվելու պիլոտային ծրագրի մասին պատմել էին տարեվերջին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել էր, որ մայիսից գործարկվող սեզոնային սրճարանը լինելու է տաճարի հարևանությամբ գտնվող բաղնիքի վերնամասում։ Դրա համար 17*37 մ տարածք է տրամադրված, կառուցվելու է առանց շինարարական միջամտության։

Ըստ նախագծի, սրճարանում մատուցվող ապրանքը պիտի լիներ միայն գառնեցիներինը։ Պողոսյանի խոսքով, սրճարանի կառուցման գումարը ռուսաստանաբնակ հայ բարերար էր տրամադրել, բայց դրանից ստացված հասույթը ծառայելու է Գառնիի հեթանոսական տաճարին։ Օրինակ, սրճարանում վաճառվող ըմպելիքներից հավաքված գումարներով հնարավոր կլինի վերանորոգել դեպի տաճար տանող ճանապարհը։

Նախարարության մտադրությունը հանրության մոտ դժգոհություն էր առաջացրել: Մտավորականների մի մեծ զանգված, բնապահպաններն ու համայնքի բնակիչները մտահոգված էին, որ սրճարանի կառուցմամբ կվտանգվի տաճարի` որպես պատմամշակութային արժեքի պահպանությունը: Մեծամասնությունը կարծում էր, թե սրճարան կառուցելը, անգամ եթե նախարարությունը պատճառաբանում է, թե հասույթն ուղղվելու է տաճարի պահպանությանը, գերատեսչության գործառույթների մեջ չի մտնում, գրում է «Առավոտ»-ը:

Փետրվարին մամուլի ասուլիսում անդրադառնալով սրճարանի կառուցման հարցին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել էր, թե եթե տեսնեն, որ գաղափարը խոչընդոտում է տվյալ պատմամշակութային հուշարձանի պահպանությանը, ապա այդ քայլին չեն գնա։ Նա նաև խոստացել էր՝ երբ սկսվեն համապատասխան քննարկումները, բնապահպաններին կհրավիրեն՝ տեսնելու, խոչընդոտներ կա՞ն․ ու եթե իրոք լինեն, ապա գործընթացը չեն իրականացնի։

Տաճարը ներառված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

«Այսօր մեր պատմամշակութային և բնական ժառանգությունը պետք է աշխատի ի շահ զբոսաշրջության զարգացման, ուրիշ ճանապարհ չունենք, Հայաստանն իր զարգացման գործընթացներում մեծապես պետք է հույսը դնի զբոսաշրջության զարգացման վրա», - նշել էր նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ պատմամշակութային հուշարձանին վնաս չի հասցվի, այլապես այդ քայլին չէին գնա, գրում է «Ազատություն» ռադիոկայան»-ը։

Սրճարանի կառուցման հարցով նախագահ Սարգսյանին նամակ էր գրել Հայ արիական միաբանության անդամ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլև գործող սրբավայր»․

«․․․մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության և օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որևէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»:

Ավելի ուշ ՊՈԱԿ-ի տնօրեն Պողոսյանը նշել էր, որ սրճարանը չի կարող վատ երաժշտություն ունենալ: «Ռադիոֆիկացիա ենք արել 2009-ին, գիշերային լուսավորություն: Այնտեղ կոնկրետ կա հաստատված երաժշտության տարբերակ, որը հնչում է: Ակտիվիստները հստակ չեն ներկայացնում իրենց բողոքը: Մենք միշտ պատրաստ ենք իրենց հետ երկխոսության գնալ»,- նշել էր Պողոսյանը, գրում է AraratNews-ը:

Հարցի վերաբերյալ կարծիք էր հայտնել նաև ՀԽ անդամ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Նա նշել էր, որ «նման գաղափարի ծնունդն ու այն համառորեն առաջ տանելը ոչ միայն զարմացնում ու ապշեցնում է, այլև լուրջ մտավախություն առաջացնում այն առումով, որ մեր ժառանգությունը ցանկացած մեկի քմահաճույքի կամ եկամուտ ստանալու ցանկության պատճառով կարող է լրջորեն վտանգվել»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր նա, հավելելով, որ Գառնիի դեպքը շարքային չէ, ուստի «դրա դեմը պետք է առնել բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով»:

Տաճարի մոտակայքում կառուցվող սրճարանի դեմ պայքարին միացել էր Գառնու գյուղապետը, ավելի ուշ՝ նաև մարզպետարանը, ինչի մասին օրերս կայացած ասուլիսում տեղեկացրել էր Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը: Ըստ նրա, առանց մարզպետի թույլտվության ոչ մեկ իրավունք չունի սրճարան կառուցել:

Բախշինյանը նշել էր նաև, որ խնդրի առնչությամբ նամակ են պատրաստել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նրա խոսքով՝ զբոսաշրջային սեզոնի ընթացքում եթե Գառնի այցելողները որևէ ըմպելիք ցանկանան, ապա կարող են գնել այն հուշանվերների խանութից, իսկ քաղցը հագեցնել տարածքում գտնվող մի շարք ռեստորաններում, գրում է «Երկիր»-ը:

«Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ն, Հայաստան ներգնա տուրօպերատորների միությունը, ինչպես նաև զբոսաշրջության ոորտում աշխատող բազմաթիվ զբոսավարներ մշակույթի նախարարության որոշման դեմ համատեղ հայտարարություն էին տարածել:

Մարտի 1-ին փոխնախարար Արև Սամուելյանը նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել էր տաճար, այնուհետև Գառնիի համայնքապետի, քրմերի և ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել սրճարան կառուցելու որոշման հար 2ցով հանրային ընդվզումների հետևանքով ստեղծված իրավիճակը: Որոշվել էր 5 օրով դադարեցնել աշխատանքներն ու կառույցի օրինականության հարցը պարզելու հնարավորություն տալ ոստիկանությանը:

Իսկ մինչ այդ Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը դիմել էր Աբովյանի ոստիկանություն՝ գրությամբ, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում ապօրինի՝ առանց փաստաթղթերի շինարարություն է կատարվում։ Նրա խոսքով, պահանջել էր շինարարությունն իրականացնողներին տուգանել նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Գյուղապետ Աշոտ Վարդանյանը 2013-ի նոյեմբերի վերջին նամակով դիմել էր ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` պնդելով, թե թույլ չի տա սրճարան կառուցել, մինչև չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը՝ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Պողոսյանն ի պատասխան ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է, հնագետի եզրակացություն կա, ու սրճարան կառուցելու համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր էլ չէ:

«Թույլ չեմ տա, որ գյուղացիները ոտքի կանգնեն ու խառնվեն: Հատուկ պահպանվող տարածքների մասին օրենք կա: Այդ տարածքներում արգելվում է որևէ շինաշխատանք կատարել, բացառությամբ՝ հուշարձաններին վերաբերող: Հասարակական կառուցապատման օբյեկտների համար պետք է պարտադիր հողի կատեգորիան փոխվի, դառնա հասարակական, ինչի անհրաժեշտությունն այս պարագայում չկա»,- նշել էր գյուղապետը, գրում է Tert.am-ը:

Մարտի 2-ին «Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» քաղնախաձեռնության անդամները հասել էին Գառնի՝ գյուղի բնակիչների հետ բողոքի ակցիա անցկացնելու: Նրանք սրճարանը կառուցելու համար տարածքում եղած ավազն ու խիճը պարկերով տեղափոխել և լցրել էին կցասայլակը՝ դրանով իրենց անհամաձայնությունը հայտնելով մշակութային գերատեսչության «ապօրինի գործողությունների դեմ»:

Ոստիկանները փորձել էին միջամտել՝ ցուցարարների գործողությունները որակելով անօրինական։ Արգելոց-թանգարանի աշխատակիցներն ակցիայի մասնակիցներին պատմել էին, որ նախորդ օրը տաճարում էին մշակույթի փոխնախարարն ու նախարարության աշխատակիցները։

Ավարտելով ակցիան, քաղնախաձեռնության անդամներն իրենց հետ մի քանի պարկ ավազ էին տեղափոխել մայրաքաղաք՝ տանելով դրանք մշակույթի նախարարության շենքի դիմաց: Երբ ակտիվիստներն եկել էին, ոստիկաններն արդեն շենքի մոտ էին։ Իրավապահները վարչական բերման էին ենթարկել ակտիվիստներ Եղիա Ներսիսյանին ու Գևորգ Սաֆարյանին ու չսահմանված վայրում աղբ թափելու համար նրանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմվել:

Մարտի 3-ին ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ քննարկվել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների հարցը:

Արդյունքում որոշվել էր բոլոր գործընթացներն իրականացնել Հողային օրենսգրքով և «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի համաձայն: Պայմանավորվել էին, որ մշակույթի նախարարությունը համայնքին կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը: Անդրադառնալով խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին, փոխվարչապետը կարևորել էր պետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը` առաջարկելով ի հայտ եկող խնդիրները լուծել համատեղ աշխատանքային քննարկումների ընթացքում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Մարինե Ավանեսյանը մարտի 7-ին պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, թե այս պահին գործընթացն ի՞նչ փուլում է, նշել էր․ «Պատրաստ ենք լսել բոլոր շահագրգիռ անձանց և կողմերի դիրքորոշումը»,- ասել էր նա՝ հավելելով, որ վերջին օրերի քննարկումներից հետո ՊՈԱԿ-ն ու նախարարությունը շահագրգիռ կողմերի` Զբոսավարների միության, «Արորդիների ուխտ»-ի և այլ կազմակերպությունների հետ հանդիպումներ են սկսել:

Ըստ Ավանեսյանի, արդեն չորս օր է` Գառնու տաճարի մերձակայքում շինաշխատանքներ չեն կատարվում, մինչև համապատասխան որոշում կայացվի։ Իսկ հարցին, թե դեռ որքան կշարունակվեն քննարկումները, Ավանեսյանն ասել էր՝ «որքան անհրաժեշտություն լինի:

«Գառնի» արգելոց-թանգարանը զբաղեցնում է 3,5 հա տարածք ու ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ և մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) ու կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն:

Գառնիի հեթանոսական տաճարը համաշխարհային արժեք ներկայացնող հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի կոթողներից մեկն է, բայց այն մինչև օրս ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---