Ղրիմի խորհրդարանն Անկախության հռչակագիր է ընդունել

Ղրիմի խորհրդարանն Անկախության հռչակագիր է ընդունել

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին արտահերթ նիստի ընթացքում Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «ՂԻՀ և Սևաստոպոլ քաղաքի Անկախության հռչակագիրը»: Հռչակագրի ընդունմանը կողմ է քվեարկել Գերագույն խորհուրդի քվեարկությանը մասնակցած 81 պատգամավորներից 78-ը:

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է. «Մենք` Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սևաստոպոլի Քաղաքային խորհրդի պատգամավորներս, ելնելով ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներից և մի շարք այլ միջազգային փաստաթղթերից, որոնք հաստատում են ազգերի ինքնորոշման իրավունքը, նաև նկատի ունենալով ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2010-ի հուլիսի 22-ի Կոսովոյի վերաբերյալ որոշումը, ըստ որի պետության մի մասի կողմից անկախության միակողմ հռչակումը որևէ միջազգային նորմ չի խախտում, համատեղ որոշում ենք ընդունում`

1. 2014-ի մարտի 16-ին կայանալիք Ղրիմի բնակչության կամարտահայտման արդյունքում եթե որոշում կայացվի Ղրիմի` այդ թվում Ղրիմի Ինքնավար Հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի կազմում ընդգրկվելու վերաբերյալ, հանրաքվեից հետո Ղրիմը կհայտարարվի անկախ, ինքնիշխան, կառավարման հանրապետական ձևով պետություն:

2. Ղրիմի Հանրապետությունը լինելու է ժողովրդավարական, աշխարհիկ և բազմազգ պետություն, որը պարտավորվում է իր տարածքում պահպանել խաղաղություն, միջազգային ու միջկրոնական բոլոր համաձայնագրերը:

3. Հանրաքվեի համապատասխան արդյունքների դեպքում Ղրիմի Հանրապետությունը` որպես անկախ և ինքնիշխան պետություն, կդիմի Ռուսաստանի Դաշնությանը` համապատասխան միջազգային համաձայնագրի հիման վրա Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում որպես ՌԴ նոր սուբյեկտ ընդգրկելու առաջարկով»:

Մարտի 11-ին ավելի ուշ Ուկրաինայի Գերագույն ռադան սպառնացել է լուծարել Ղրիմի խորհրդարանը, եթե այն մինչև մարտի 12-ը չեղյալ չհայտարարի ինքնավար հանրապետության՝ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվեն: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ռադայի կայքում, տեղեկացնում է Lenta.ru-ն։

Մարտի 7-ին Ղրիմի խորհրդարանի՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշումը չեղյալ համարելու հրահանգ էր տվել նաև Ուկրաինայի ժամանակավոր նախագահ Ալեքսանդր Տուրչինովը։ Սակայն Ղրիմի իշխանությունները հրաժարվել էին ենթարկվել դրան, պատճառաբանելով, որ այն չի ներկայացվել համապատասխան կարգով։

Իսկ արդեն մարտի 11-ին Տուրչինովը խորհրդարանի նիստին հայտարարել է, որ Ուկրաինան կդիմի անվտանգության երաշխավոր երկրներին՝ տեխնիկական և ռազմական օգնության նպատակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Տուրչինովի խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունը կապահովի Ուկրաինայի ազգային գվարդիայի բոլոր առաջնային պահանջները, որի ձևավորման մասին որոշումն ընդունել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը: Սակայն Ուկրաինային անհրաժեշտ է նաև տեխնիկական և ռազմական օգնություն: «Գերագույն ռադայի առաջին հարցը մեր անվտանգության երաշխավոր երկրներին դիմելն է »,- հայտարարել է Տուրչինովը:

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, որը պետական հեղաշրջման նշաններ ուներ։ Գերագույն Ռադան իշխանաթող է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոխել Սահմանադրությունն ու երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին, նոր ընտրույթունները նշանակված են մայիսի 25-ին։ Յանուկովիչը հայտարարել է, թե ստիպված էր լքել երկիրը, քանի որ իր և հարազատների կյանքին վտանգ էր սպառնում, բայց շարունակում է մնալ լեգիտիմ ընտրված նախագահ։

Ուկրաինայի հարավի ու արևելքի որոշ տարածաշրջաններ, ինչպես նաև Ղրիմը չեն ընդունել Ռադայի որոշումների լեգիտիմությունը, հայտարարելով՝ Յանուկովիչի պաշտոնանկությունն օրինական չէ․ որոշվել է այդ տարածաշրջաններում հանրաքվե անցկացնել։

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---