Արամ MP3-ն «Եվրատեսիլ» կմեկնի Not Alone երգով (վիդեո)

Արամ MP3-ն «Եվրատեսիլ» կմեկնի Not Alone երգով

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ն Հայաստանը կներկայացնի Not Alone երգով։ Այս մասին հայտարարվեց Հանրայինի ուղիղ եթերում։ Երաժշտության հեղինակն ինքն Արամն է, խոսքերը գրել է Գարիկ Պապոյանը «Վիտամին» ակումբից, գործիքավորումը Լիլիթ Նավասարդյանինն է, տեսահոլովակը նկարահանել է Գրիգոր Գասպարյանը։

Հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ ու օտարազգի կոմպոզիտորների 75-ից ավելի երգ։Վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների ու մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական տենդենցները ու հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ի ձայնային տվյալները:

Այն մասին, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ում կներկայացնի հենց Արամ MP3-ն, մրցույթում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրել էր Հանրայինի ամանորյա եթերի ժամանակ:

Ինչպես Արամը գրել է ֆեյսբուքի իր էջում, «Եվրատեսիլ» սկսել է դիտել դեռևս մանկուց ու այդ բեմում երգելու մասին միայն երազում էր:

«Հիշում եմ, երբ 2006-ին Հայաստանն առաջին անգամ մասնակցում էր այդ մրցույթին... Ուշ երեկո էր, մրցույթն էի դիտում ու հանկարծ լսեցի, որ Հայաստանն անցել է եզրափակիչ փուլ... Ուրախությանս չափ ու սահման չկար: Այնքան բարձր բղավեցի Անդրեի անունը կարծես ինքս Հունաստանում էի»,- կիսվել է նա։

Մրցույթն այս տարի Կոպենհագենում անցկացնելու հնարավորությունը 2013-ին Դանիան ձեռք էր բերել Էմիլի դե Ֆորեսթի հաղթանակի շնորհիվ:

Այս տարի «Եվրատեսիլը» կանցնի Join us (Միացեք մեզ) խորագրի ներքո: Կազմակերպիչների նախաձեռնությամբ՝ այս տարի յուրաքանչյուր մարդ կկարողանա հայտնվել «Եվրատեսիլ»-ում, եթե երգի Էմիլի դը Ֆորեսթի «Only Teardrops» երգը կամ պարի դրա ներքո՝ տեսագրվելով JoinUs.dk կայքում:

Սա կլինի Դանիայում անցնող արդեն երրորդ մրցույթը, վերջին անգամ դա 2001-ին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 6-ին և 8-ին, եզրափակիչը՝ մայիսի 10-ին։ Մրցույթին մասնակցելու է 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել են որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չեն մասնակցելու մրցույթին։

2013-ի սեպտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հրապարակել էր «Եվրատեսիլ 2014»-ի պաշտոնական կանոնները, որոնք ներառում են փոփոխություններ ժյուրիի քվեարկության մեջ։ Կանոների նպատակն է ապահովել յուրաքանչյուր երկրի ժյուրիի 5 անդամների աշխատանքում առավել թափանցիկություն․ ըստ դրանց, մինչև մայիսի 1-ը յուրաքանչյուր երկիր պետք է հրապարակի իր ժյուրիի 5 անդամների անունները և մրցույթի ավարտից հետո բացահայտի ամբողջական քվեարկության արդյունքները։ Ինչպես 2013-ի Եվրատեսիլում, այնպես էլ 2014-ին կիսաեզրափակիչների և եզրափակչի ելույթների հերթականությունը որոշելու են պրոդյուսերները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---