Մայիսին Հայաստանը Թեհրանում կքննարկի Իրանից գազ գնելու հարցը

Մայիսին Հայաստանը Թեհրանում կքննարկի Իրանից գազ գնելու հարցը

PanARMENIAN.Net - Մարտի 19-ի նիստում ՀՀ կառավարությունը Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը 2014-ի պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել դրանում և իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրական միջկառավարական նիստի ժամանակ Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը` մոտ երկու միլիարդ խմ ծավալով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011-ի դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը:

2013-ի դեկտեմբերի 4-ին Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ իրանական կողմը կարող է այնքան գազ առաքել Հայաստան, որքան հարկավոր է ներքին սպառման համար, սակայն վաճառում է գազը միջազգային սակագներով: Ուստի իրանական գազի առաքումները շահավետ չեն Հայաստանի համար, քանի որ ռուսականից շատ ավելի թանկ են. «Գինը կազմում է շուրջ 400 դոլար հազար խմ գազի դիմաց, ինչը զգալիորեն գերազանցում է ռուսական գազի գինը: Այդ իմաստով Իրանից գազ ներկրելը շահավետ չէ մեզ համար»:

Մինչ այդ Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանը կարող է ոչ շուկայական մոտեցում ցույց տալ բարեկամ երկրների համար գազի առաքման հարցում: 2007-ից գործող իրանական գազամուղով 20 տարում Հայաստան կներկրվի 36 մլրդ խմ գազ: Հնարավոր է, որ պայմանագիրը երկարացվի 5 տարով և ներկրվող գազի ծավալներն աճեն մինչև 47 մլրդ խմ:

Ռուսական գազի գինը Հայաստանի համար կազմում է 189 դոլար հազար խմ գազի դիմաց գումարած 30 տոկոս մաքսատուրքը, արդյունքում գինը կազմում է 270 դոլար: Մաքսային միությանն անդամակցելուն հետ մաքսային տուրքը Հայաստանի համար չեղյալ կհամարվի և Հայաստանը գազը կներկրի 189 դոլարով հազար խմ դիմաց:

2007-ի մարտի 19-ին Հայաստանի և Իրանի կառավարությունները համաձայնագիր են կնքել Մեղրիում և Ղարաչիլարում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ:

2012-ի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է:

Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ-ն անհատույց կանցնի հայկական կողմին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---