Գազի գինը նորի՞ց կբարձրանա․ Էներգետիկայի նախարարը չի բացառում

Գազի գինը նորի՞ց կբարձրանա․ Էներգետիկայի նախարարը չի բացառում

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առայժմ Հայաստանին չի տեղեկացրել գազի գնի նոր բարձրացման մասին, այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանում գազի գնի բարձրացումը կարող է ազդել Հայաստանին տրամադրվող գազի սակագնի վրա:

Այնուամենայնիվ, նախարարը թանկացումները չի բացառել, բայց նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում առայժմ չկա:

«Երբ ինչ-որ բան ստանանք, այդ ժամանակ կասենք: Պետք է հասկանանք, թե ինչ թանկացման մասին է խոսքն ու ինչ ենք կարող անել», - ասել է նախարարը՝ ընդգծելով, որ նախկին գազային համաձայնագրի հետ որևէ հակասություններ չեն լինի, գրում է Armenia Today-ը:

Փետրվարի 26-ին Ազգային ժողովում կողմ էին քվեարկել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կոալիցիոն ուժերի (ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի) առաջարկին:

Փետրվարի 24-ին ներկայացնելով նախագիծը, Դավիթ Հարությունյանը նշել էր, որ հանձնաժողովը կուսումնասիրի բնական գազի ջերմատվությունը, հարց, որ գրեթե միշտ քննարկվում է, հաշվիչների ստուգման գործընթացը, կորուստների հիմնավորվածությունը, սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Հաջորդ կարևոր հարցը, ըստ նրա, գազի դիմաց կուտակված պարտքն է. «Հանձնաժողովի նպատակը ոչ թե զուտ պարտքի հիմնավորվածությունը ստուգելն է, այլ շատ ավելի լուրջ է՝ պարտքի ձևավորման օրինականության հարցը, ինչպես նաև չափի հիմնավորվածությունը»:

«Քննարկման կդրվի նաև «ՀայՌուսգազարդ» ընկերությանն օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման հարցը՝ լինի դա ռուսական կամ այլ երկրի արտադրության՝ ինչպիսին են կանխատեսումները, ինչ հնարավորություններ կան և ինչ սահմանափակումներ»,- ավելացրել էր պատգամավորը:

Ըստ Հարությունյանի՝ հանձնաժողովում ուսումնասիրման կդրվեն նաև ոչ թե միայն Հայաստան մատակարարվող գազի խնդիրը, այլև Հայաստանի հնարավորությունները՝ իբրև տարանցիկ երկիր օգտագործվելու՝ ինչպիսի իրավիճակում ենք, ինչ հնարավորություններ կան, որոնք են այդ հնարավորություններից սկզբունքորեն տեսանելի ապագայում հետագայում իրագործելի, ինչ արգելքներ կան, որ խանգարում են դրա իրականացմանը:

Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ստորագրել էին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագիրը, ելնելով ՌԴ և ՀՀ միջև կնքված միջկառավարական համաձայնագրից: Գործարքի արդյունքում «Գազպրոմն» իր բաժնեմասային մասնակցությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կապիտալին հասցրել էր 100 տոկոսի:

Դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովը վավերացրել էր բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու մասին հայ-ռուսական համաձայնագրերը։ Այն ստորագրվել էր դեկտեմբերի 2–ին Երևանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի արդյունքում։ Համաձայն դրա` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը:

Փետրվարի 3-ին ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը ստորագրահավաք էին կազմակերպել՝ առաջարկելով խորհրդարանում գազային հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով ստեղծել, որտեղ կներգրավվեն տարբեր ուժերի ներկայացուցիչներն ու կուսումնասիրվի 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, ինչպես նաև կպարզի գազի մեծածախ ու մանրածախ սակագնի տարբերության պատճառը: Ավելի ուշ ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ մերժել էր այդ առաջարկը:

2013-ի հուլիսի 7–ից Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ են գործում, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն:

Հղումներ թեմայով.
11  26.03.14 - Ազգային ժողովի քառօրյա նիստ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---