ՍԴ առաջին նիստը․ Պարտադիր կուտակայինը բալթյան երկրներում, դիմող կողմի փաստարկներն ու ԱԺ-ի պատասխանները

ՍԴ առաջին նիստը․ Պարտադիր կուտակայինը բալթյան երկրներում, դիմող կողմի փաստարկներն ու ԱԺ-ի պատասխանները

PanARMENIAN.Net - Հանրության կողմից ամիսներ շարունակ երկար սպասված մարտի 28-ը՝ օրը, երբ Սահմանադրական դատարանը պիտի սկսեր քննել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղաադրիչին վերաբերող մի շարք հոդվածներ, վերջապես հասավ: Առավոտյան ժամը 10։00-ից դատարանը սկսել է ԱԺ մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված հայցադիմումի քննարկումը։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, կողմերին դատարանում կարող է ներկայացնել լիազոր մարմնի երեք ներկայացուցիչ:

Չնայած դիմումը ՍԴ էր մուտքագրվել խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի անունից, նիստին այն ներկայացնում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը:

ԱԺ-ին դատարանում ներկայացնում էր խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցության հայցի հիմքում կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչից հրաժարվելն է: Կառավարության հայտարարած ռեֆորմը, ըստ հայցվորների, իրականացվում է ժողովրդի կամքին հակառակ, չի վայելում մասնակիցների վստահությունը, չի տալիս բարեկեցության երաշխիքներ:

Հայցվորները նշել են, որ օրենքի կիրառումը նաև տնտեսական առումով կվատթարացնի երկրի վիճակը` կնվազի տնտեսական աճը, կավելանա պետական պարտքը, կբարձրանա աղքատության մակարդակը, կավելանա տնտեսության ստվերայնությունը, կաճի արտագաղթը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ճնշման տակ ընդունված միջոցառումները երկար կյանք չեն ունենում. միգուցե մինչև հաջորդ ընտրությունները»,- դատարանում հայտարարել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը, հայցվողները նշել են, որ Հայաստանում ներդրված կուտակային ռեֆորմն իր տեսակի մեջ աննախադեպ ռիսկային է, ու պետության վրա բեռ է դառնալու: Մինասյանի փոխանցմամբ, տվյալներն իրենց ներկայացրել է Վենտուրա քոլեջի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանը, ում, ի դեպ, միջնորդելու են գործում իբրև փորձագետ ներգրավելու համար:

«Միջազգային փորձը, ըստ պարոն Խանջյանի, փաստում է, որ պարտադիր կուտակային համակարգը հղի է լուրջ դժվարություններով, որոնց հետևանքով Արգենտինան և Հունգարիան ամբողջությամբ հրաժարվեցին այս համակարգից: 2008-2011 թթ․ Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներ, ինչպիսիք են Լեհաստանը, Սլովակիան, Էստոնիան, Լիտվա և այլն, ևս վերանայել են պարտադիր կուտակային համակարգը: Մասնավորապես` ժամանակավորապես կասեցրել են պարտադիր վճարները, նվազեցրել դրույքաչափերը և այլն: 2000-ի սկզբներին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը փորձել էր փոքր չափով պարտադիր կուտակային համակարգ ներդնել սերունդների միջև համերաշխության համակարգին զուգահեռ, բայց հասարակությունը դեմ արտահայտվեց ու փորձը ձախողվեց»,- նշել է պատգամավորը:

Դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ խոսելով ժողովրդավարական համակարգերի մասին, վիճակագրական տվյալներ է ներկայացրել. «Թեև հանրության 93%-ը իրազեկված է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի մասին, 88.7%-ը դեմ է դրան, և դրա պատճառներն են` 34.3%-ը գումարները հետ ստանալու երաշխիք չունի, 32.9%-ը չի վստահում կառավարությանը, 27.3%-ը պահումների 5%-ը բավականին մեծ գումար է համարում, 18.8%-ը չի վստահում ֆոնդերին, 18.4%-ը դեմ է պարտադիր բաղադրիչին»:

Նշենք, որ վիճակագրական տվյալներն օրերս ներկայացրել է Gallup ընկերության երևանյան գրասենյակը, հարցումն արվել էր իրենց իսկ նախաձեռնությամբ։

Դիմող կողմը Սահմանադրական դատարանից խնդրել է որոշել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7 հոդվածների դրույթների պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների շրջանակի և տարիքային խտրականության մասով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1-րդ, 42-րդ, 117-րդ հոդվածների համապատասխանության հարցը: Դիմող կողմի պահանջը ներկայացրել է իրավաբան Մերի Խաչատրյանը, գրում է Panorama.am-ը: Ի դեպ, օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով քննության ժամանակ Բարձր դատարանը որպես կողմ հանդես եկող Կենտրոնական բանկից պահանջել և ստացել է 53 փաստաթուղթ:

Մինչ դատարանում քննարկումներ էին, շենքի դիմաց սպիտակ ու թափանցիկ ժապավեններով փակելով աչքերը՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խորհրդանշական լուռ ակցիա է անցկացրել։ Խորհրդանշելով արդարադատության աստվածուհի Ֆեմիդային՝ համակարգի դեմ պայքարողներն այսպիսով արդար քննություն են պահանջել Բարձր դատարանից։

Ակցիան լուռ էր, քանի որ նպատակն էր բացառել կոչերն ու ելույթները՝ ՍԴ-ի աշխատանքին չխանգարելու համար։ Ի դեպ, ամբողջ ընթացքում դրսի կողմից շենքը հսկում էին բազմաթիվ ոստիկաններ, որոնք թույլ չէին տալիս մոտենալ շենքին, պատճառաբանելով, թե կարող են խանգարել դատարանի դահլիճում ընթացող նիստին։

Քաղնախաձեռնության անդամների խոսքով, ՍԴ-ի որոշումից է կախված պայքարի հետագա ուղին․ եթե նրանց վճիռը չբավականեցնի, ապա կդիմեն հանրային ընդվզումների, ինչի մասին բազմիցս հայտարարել են։

Այսպիսով, մոտ 15 րոպե փակ աչքերով ու բերանով ՍԴ-ի առջև անցկացնելուց հետո, չնայած դատավարությունը դեռ չէր ավարտվել, ակցիայի մասնակիցները չեն սպասել նիստի ավարտին ու հեռացել են։

Իսկ մինչ այդ դատարանում պատասխանող կողմը ներկայացնող ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշել է, որ կամ պետք է հարկերն ավելացնեին, կամ կենսաթոշակային տարիքը բարձրացնեին: Նրան ընդհատել է ՍԴ նախագահը․ «Հարցադրումն արվում է հետևյալ կերպ՝ արդյո՞ք նպատակը միջոցներն արդարացնում է, արդյո՞ք այն ճանապարհը, որ փորձել ենք գնալ, եղել է սահմանադրական՝ անկախ նրանից, թե ինչ նպատակ ենք մեր առջև դրել: Հիմա դիմող կողմը փորձում է հիմնավորել, որ գնացել ենք ոչ սահմանադրական ճանապարհով: Խնդրեմ, Ձեր հակափաստարկները որո՞նք են դիմող կողմի դիմումում և այսօր բերված փաստարկների առնչությամբ: Իսկ ընդհանրապես, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ պետք է ռեֆորմներ լինեն, դա, կարծեմ, այնքան պարզ է, որ այստեղ հատուկ այսքան ժամանակ դրան նվիրել այնքան էլ տեղին չէ»:

Պատասխանելով Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ այսօրվա կուտակվող գումարների գնողունակությունը կպահպանվի 40 տարի հետո, Հակոբյանը վկայակոչել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և ասել. «Օրենքում նշված է, որ երբ գումարները վերադարձնում ենք մասնակիցներին, ապա հաշվարկում ենք ամբողջ ժամանակահատվածի համար գնաճի գործակիցը և գումարած մայր գումարը: Այսինքն` եթե 40 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի այսքան գնաճ է եղել, ապա գումարի գնողական իրական տեսքը պահում ենք այս համակարգի միջոցով»:

Պատգամավորի խոսքով, իրենք կարծում են, որ դրա կարիքը չի լինի, քանի որ, ըստ սպասելիքների, եկամտաբերությունն ավելին կլինի, քան գնաճը:

Վոլոդյա Հովհաննիսյանի հարցը վերաբերում էր օրենքում գոյություն ունեցող թերությունների մասին հատկապես վերջին շրջանում իշխանական պատգամավորների կողմից հնչեցվող հայտարարություններին: ՍԴ անդամը Հակոբյանից հետաքրքրվել է, թե կարո՞ղ է այդ թերություններից մի քանիսը մատնանշել: Ի պատասխան, Հակոբյանն ասել է, որ համակարգը շատ բարդ է, նոր է ներդրվում և համապատասխան մեխանիզմներ չկան:

«Այդ բարդ համակարգը նոր է կիրառվում, համոզված եմ՝ որպես օրենսդրություն, ինքը միշտ փոփոխվելու կարիք ունի: Չեմ կասկածում, որ սովորական ընթացքով փոփոխություններ կլինեն»,- հավելել է պատգամավորը, բայց բուն հարցին, թե ինչ թերություններ կարող է մատնանշել, Հակոբյանը պատասխանել է «ավելի լավ է չասեմ»-ով:

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը Հակոբյանից հետաքրքրվել է միջազգային փորձով, որը հիմք է ծառայել նաև Հայաստանում կենսաթոշակային ռեֆորմի ներդմանը ։

Արձագանքելով ՍԴ անդամի հարցին, Հակոբ Հակոբյանը պատասխանել է, որ Հայաստանում հիմնականում փորձել են կիրառել բալթյան երկրների փորձն ու հավելել. «Մեր այս ամբողջ կենսաթոշակային ռեֆորմը նմանվում է բալթյան երկրների օրինակին, բայց ինքը տիպիկ վերցրած չէ: Նրանցից վերցրել ենք սկզբունքը, բայց առանձնացրել դրույթներով»:

Այնուհետև ՍԴ անդամը պատգամավորից հետաքրքրվել է, թե իրենք քաղաքացուն հարցրե՞լ են` ինքն ուզո՞ւմ է, որ նման համակարգով «պետությունն իրեն ձեռք մեկնի»:

«Այնուամենայնիվ, այդ 5 տոկոսը քաղաքացու համար հացի փող է, մեր բնակչության մեծ մասի համար: Այսօր առաջին անգամ, ամոթ ինձ, իմացա, որ նվազագույն աշխատավարձից էլ է պահվելու այդ 5 տոկոսը: Մի՞թե չկան այլ մոտեցումներ, պարոն Հակոբյան: Վերջերս տարբեր պաշտոնյաներ էլ հայտարարեցին, որ եկեք աշխատենք հանուն, ոչ թե ընդդեմ, այսինքն` կան տարբերակներ, ինչո՞ւ չեք գտել այդ տարբերակները»,- նշել է Թոխյանը:

Հակոբյանը հաստատել է, որ հանրապետության վարչապետն ու ԱԺ նախագահը հայտարարել են, որ պատրաստ են գնալ փոխզիջման, քննարկել հանրության հետ օրենքի խնդիրները:

«Պատրաստ են և կարծում եմ՝ ժամանակ կլինի այդ ճշտումը կատարելու համար: Այն հասարակությունը, որն իր սպառման սովորույթը չինացիների նման չի փոխարինելու կուտակելու սովորույթով, ապա նրա ՀՆԱ-ի աճը, տնտեսության զարգացումը կլինի դանդաղ»,- հավելել է Հակոբյանը:

Մարտի 19-ի Կառավարության նիստին, վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ին երկխոսության կոչ էր արել․ «Հայտարարում ենք՝ պատրաստ ենք երկխոսության, որովհետև դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղհասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»,- նշել էր գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ընդունում են՝ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողները, չեն կարող լինել առանց թերությունների։ Նրա խոսքով, ճիշտ ճանապարհը երկխոսությունն է, որով էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչ են անում շարժվել։

Մարտի 24-ին ԱԺ-ում անդրադառնալով պարտադիր կուտակայինին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ օրենքում փոփոխություններ կլինեն, քանի որ գտնում են, որ օրենքում թերություններ կան:

«Բայց դա չի լինի ճնշման, այլ՝ քննարկումների ներքո: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ ինչ-որ տեղ բացթողումներ կան, անպայման կշտկենք»,- ասել էր խորհրդարանի նախագահը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները ճնշումների հետ կապ չունեն:

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել էր․ «Պատրաստ ենք քննարկել»:

Նրա խոսքից հետո ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ նիստին պատրաստվելու ընթացքում նամակներով դիմել է տարբեր երկրների իր գործընկերներին և խնդրել ներկայացնել իրենց երկրների փորձը` արդյոք այդ երկրներում նման վեճ լսվել է:

«Բալթյան երկու երկրներ` Լիտվան ու Լատվիան արձագանքեցին, և պարզ էր, որ այնտեղ գործող համակարգը ոչ մի ընդհանրություն չունի Հայաստանում ներդրվածի հետ: Այդ երկու երկրներում վճարումները կատարվում են սոցիալական ապահովության ընդհանուր վճարներից, որից նախատեսված էր որոշակի հարաբերակցություն` բաշխողականին ու պարտադիրին: Իսկ տնտեսական ճգնաժամի թելադրանքից ելնելով նրանց մոտ կառավարությունը գնացել է կուտակայինի նվազեցման և բաշխողականի ավելացման»,- ներկայացրել է ՍԴ նախագահը:

Թոխայանը նաև հարց է ուղղել Հակոբ Հակոբյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու են Ազգային ժողովում անտեսում սահմանադրական իրավունքը և չեն հարգում 2013-ի մարտին ՍԴ ընդունած որոշումը, ըստ որի` հակասահմանադրական է ճանաչվել խորհրդարանում նիստերը բոյկոտելու իրավունքը: Դատավորի հարցը վերաբերում էր նոյեմբերի 15-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հրավիրած արտահերթ նիստին, որին ԱԺ ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունները չներկայացան և տապալեցին այն, գրում է «Սիվիլնեթ»-ը:

Հակոբ Հակոբյանն ի պատասխան նշել է, որ իրենք 2010-ից քննարկել են կենսաթոշակների մասին օրենքը և «որևէ մեկը որևէ հարցով չի դիմել իրենց, ուստի իրենք ևս հարկ չեն համարել մասնակցել այդ հարցով արտահերթ նիստին»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հակադարձել է այս դիտարկմանը. «Գոյություն ունի Սահմանադրության որոշում, և ոչ մի տրամաբանություն իրավունք չունի հակառակ գնալ իրավունքին: Սահմանադրական որոշումով պատգամավորներին արգելել ենք գործի չգնալ: Սահմանադրությամբ ՀՀ-ն իրավական պետություն է, հետևաբար` որևէ տրամաբանությամբ բացատրել իրավունքի դեմ կատարված անիրավական գործունեությունն առնվազն հակաօրինականություն է և չունի որևէ արդարացում»:

Նիստը կշարունակվի մարտի 31-ին` առավոտյան ժամը 10:00-ից: Այդ օրը դատարանը կլսի Կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, այնուհետև կանցնի խորհրդակցությունների սենյակ ու որոշում կկայացնի:

Կառավարությանը ՍԴ-ում վիճահարույց օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի քննարկմանը կներկայացնի ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալՍմբատ Սաիյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը: Իսկ Կենտրոնական բանկին ՍԴ-ում կներկայացնեն ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն ու նույն վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---