Նախարարությունը Ջերմուկում ծառահատման ու ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն չի տվել

Նախարարությունը Ջերմուկում ծառահատման ու ՀԷԿ-ի  կառուցման թույլտվություն չի տվել

PanARMENIAN.Net - Ջերմուկ քաղաքի հարակից տարածքում ծառահատման դեպքերի մասին ԶԼՄ-ներով տարածված տեղեկատվության վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունից պարզաբանում են տարածել` նշելով, որ նախարարությունն ու նախարարը չեն կարող հրապարակումներում հիշատակված տարածքում ծառահատման կամ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տալ, քանի որ դա գերատեսչության ու դրա ղեկավարի լիազորություններից դուրս է:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, որ ըստ իրենց տեղեկությունների` բնապահպանության նախարարը Ջերմուկում մոտ 400 ծառ հատելու և ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով` «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի։

«ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տալիս է ՀԷԿ-ի կառուցման նպատակով ջրօգտագործման թույլտվություն, ինչի վերաբերյալ «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը դեռ սահմանված կարգով գտնվում է գնահատման փուլում և թույլտվություն չի ստացել»,- ասվում է հայտարարության մեջ:

ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով բացել է թեժ գծի հանձնարարական և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է ստուգել հրապարակված տեղեկության իսկությունը և խախտումներ արձանագրելու դեպքում օրենքով սահմանված կարգով ընթացք տալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---