Ադրբեջանցի ընտանիքը Հայաստանում ապաստան է ստացել 7 ապրիլի 2014 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի հայցը բավարարվել է: «Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ապաստան Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ շեշտել, որ հարցը զուտ ապաստանի` հալածանքներից պաշտպանության մասին է: Այստեղ խոսք չի գնում նրանց բնակարանային տարածքով ապահովելու մասին»,- նշեց նա: Հունվարի 31-ի առավոտյան ԱԱԾ մամուլի բաժինը հաղորդագրություն էր տարածել, համաձյն որի հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքվի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնվել է գործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը` Օրուջևն անհաջող փորձ է արել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում և զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը`Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: Միևնույն ժամանակ Ադրբեջանում գտնվող հայ գերիներ Հակոբ Ինջիղուլյանին և Արսեն Խոջոյանին վերադարձնելու համար Հայաստանը լուրջ աշխատանքներ է տանում, վստահեցնում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: «Պետք է ասեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ընթացքում նշել է նա, գրում է Panorama.am-ը: Սեյրան Օհանյանը հավելել է, որ Ադրբեջանի հետ ուղիղ կապի բացակայության պատճառով հնարավոր չէ գերիներին հետ վերադարձնելու արդյունավետ աշխատանքներ տանել: Հակոբ Ինջիղուլյանի դեպքում ադրբեջանական կողմը շեշտը դնում է նրան երրորդ երկիր տեղափոխելու վրա. «Հակառակորդի սկզբունքն է բոլոր զինծառայող գերիներին երրորդ երկիր ուղարկելը, ինչը միջազգային նորմերի խախտում է»: Ապրիլի 3-ին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շաին Սաիլովը հայտարարել է, որ Արսեն Խոջոյանի հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են. «Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հանարվոր կլինի վերադարձնել երիտասարդին հայրենիք: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում: Այս պահին կոնկրետ ժամկետների մասին խոսել չեմ կարող»: Սաիլովը նշել է, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել: Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ քաղաքացի է ձերբակալել։ Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։ Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։ 2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է նաև զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |