Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի

Օպերային թատրոնը նոր տնօրեն ունի

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն ունի՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանն է։ Նա հաղթել է թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մշակույթի նախարարության կողմից հայտարարված ու ապրիլի 4-ին կայացած մրցույթի արդյունքում։Մրույթն անցնում էր մշակույթի նախարարության աշխատակազմում, հանձնաժողովի կազմը ձևավորվել էր նախարարի հրամանով հաստատված կարգով:

Նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու որոշման մասին տեղեկացրել էին դեռ փետրվարի 18-ին։ Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ Հովհաննիսյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն ու նշանակել մշակույթի նախարարի խորհրդական: Վերջինս, իմիջիայլոց, թատրոնը ղեկավարել է մոտ 15 տարի:

Մրցութային հանձնաժողովի նախագահը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան Դավիթ Ղազարյանն էր, քարտուղարը՝ նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արտակ Գևորգյանը։ Դրա կազմում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանը, օպերային թատրոնի ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ Վարդան Աճեմյանը, դրա ռեկտոր Շահեն Շահինյանը, Թատերական ինստիտուտի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ Արթուր Ղուկասյանը, Կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Էդգար Գևորգյանը, «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիայի նախագահ Վահան Դավթյանը, մշակույթի նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանն ու նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանը:

Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն էր: Դրան մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 թեկնածու: Մրցույթի անցկացման օրը՝ ժամը 10:30-ի դրույթամբ, ներկայացել էր 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյանը, Արման Ծատուրյանը, Անդրանիկ Արզումանյանը, Տիգրան Դավթյանը, Բարսեղ Թումանյանը, Արթուր Շահնազարյանն ու Գագիկ Մանասյանը: Մրցույթին չէին ներկայացել Գեղամ Մելիքսեթյանն ու Ռուբեն Տերտերյանը։

ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցել էր երկու փուլով՝թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլ անցնելու համար անհրաժեշտ էր պատասխանել թեստավորմանառաջադրանքների առնվազն 90 տոկոսին:7 մասնակցիցհարցազրույցի փուլ էին անցել3-ը` Անդրանիկ Արզումանյանը, Արթուր Շահնազարյանն ու Գագիկ Մանասյանը:

Հարցազրույցի փուլը հաղթահարել էին Անդրանիկ Արզումանյանը (9 կողմ և 3 դեմ) ու Գագիկ Մանասյանը (7 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ), ովքեր էլ մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել։ Բողոքի բացակայության դեպքում, համապատասխան հանձնաժողովից ստացված՝ մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ներկայացվել էր նախարարին և եռօրյա ժամկետում պաշտոնը զբաղեցնող մասնակցի հետ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքվել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---