200-250 դրամ ուղեվարձը ոչ սպառողների համար է ընդունելի, ոչ քաղաքապետարանի

200-250 դրամ ուղեվարձը ոչ սպառողների համար է ընդունելի, ոչ քաղաքապետարանի

PanARMENIAN.Net - «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ապրիլի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ներքաղաքայինտրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը քննարկող հանձնաժողովի հրապարակած տվյալներին և պնդումներին, թե քաղաքային տրանսպորտը պետք է շահագործվի 200-250 դրամով, ասել է. «Եթե դրանք միտումնավոր արված հաշվարկներ չեն, ապա դրանից ավելի անգրագետ բան հնարավոր չէր հայտարարել»,- գրում է Tert.am-ը:

IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որը հիմնված է սոցիոլոգիական հարցումների վրա, և հանգել եզրակացության, որ Երևանում տրանսպորտը չի կարող շահագործվել 100 դրամ ուղեվարձով: Միջազգային ուսումնասիրությունը ներկայացվել է քաղաքապետարանում ապրիլի 4-ին տեղի է ունեցած ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:

Ուսումնասիրելով տրանսպորտային ծախսերը՝ հանգել են եզրակացության, որ 15% շահութաբերության պարագայում արդյունավետ գներ են միկրոավտոբուսի համար 207, իսկ համապատասխանաբար դիզել և գազով շահագործվող ավտոբուսների համար 252 և 176 դրամ: Իսկ առանց շահութաբերության միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ 219 և 170 դրամ։

Պիպոյանի համոզմամբ` հանձնաժողովում կան անդամներ, որ ուղղակի քվեարկում են, և կան ուղևորափոխադրողներ, ովքեր իրենց շահերից ելնելով ինչ-որ բաներ են անում: Բանախոսի պնդմամբ՝ ի սկզբանե պետք էր այնպիսի մեքենաներ ընտրել, որոնց ծախսը քիչ է: «Ո՞վ է իրենց ասում դիզելով ավտոբուսներ բերեին, թող օգտվեն գազով տրանսպորտից: Մեր մոտեցումը պետք է հստակ լինի, օգտվել բացառապես գազով սպասարկվող մեքենաներից»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ ավելացնելով, թե իր հաշվարկների համաձայն` Երևան քաղաքը սպասարկելու համար անհրաժեշտ է 1 100 ավտոբուս և պարտադիր է միասնական ավտոպարկ ունենալը:

«Պնդում եմ, որ 100 դրամը լրիվ բավարարում է ծախսերը՝ ուղևորափոխադրումը նորմալ իրականացնելու համար: Հանձնաժողովը և ուղևորափոխադրողներն իրենց ուսումնասիրություններն արել են փաստացի ուղևորափոխադրման պայմաններում, իսկ ավելի լավ ուղևորափոխադրման պայմաններում 100 դրամից պակասն էլ է բավարար»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե պետությունը վատ է կառավարում համակարգը, քաղաքացին չպետք է լինի դրանից տուժողը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի պնդմամբ` տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը քննարկող հանձնաժողովի նիստին միջազգային կազմակերպության կողմից հրապարակած տվյալը կիրառման տեսանկյունից ընդունելի չէ նաև Երևանի քաղաքապետարանի համար:

«Մեծ աշխատանք է իրականացվել, աշխատանքի մանրամասները վերլուծվել են, ընթացքում նաև քաղաքապետարանն իր դիրքորոշումն է հայտնել, որ կիրառման տեսանկյունից այն թվերը, այսինքն՝ մեկ ուղևորի ուղևորափոխադրման արժեքը, որ ներկայացվեց, կիրառման տեսանկյունից մեզ համար էլ ընդունելի չէ` հաշվի առնելով բոլոր գործոնները»,- ասաց փոխքաղաքապետը։

Նա ընդգծել է, որ հանձնաժողովի նիստում որոշվել է արդեն միջոցներ ձեռնարկվել ծախսերը օպտիմալացնելու և լուծումներ գտնելու համար, որոնք ընդունելի կլինեն և՛ հասարակության համար, և՛ որոշ չափով իրական ծախսը կներկայացնեն։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 19-ին, անդրադառնալով Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման խնդրին, նշել էր. «Տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակման մեջ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի մեկից չի թանկանալու»:

2013 թվականի հուլիսի 1-ից Երևանում քաղաքային տրանսպորտի ուղեվարձի սակագինը սահմանվել էր 150 դրամ, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել հասարակության շրջանում: Մարդիկ հրաժարվում էին վճարել 150 դրամ, երթեր ու ցույցեր էին կազմակերպում, բոլորին հորդորում շարունակել վճարել 100 դրամ:

Արդյունքում` 2013-ի հուլիսի 25-ին Տարոն Մարգարյանը կասեցրեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ սահմանելու մասին որոշումը. «Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»: Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովն արդեն իսկ երեք նիստ էր գումարել` առաջինը` սեպտեմբերի 27-ին:

Նիստի ընթացքում Վահե Նիկոյանը հանձնաժողովի անդամների քննարկմանն է ներկայացրել Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի 2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի այն հիմնական չափորոշիչները, որոնք կարող են հիմք հանդիսանալ ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար` երթուղային ցանցի ցուցանիշների ապահովում, շարժակազմի՝ երթուղիներում շահագործվելու թույլատրելի ժամկետի սահմանափակում, անսարք մեքենաների երթուղի դուրս գալը բացառելը, վարորդների վարքագծի կանոնների սահմանումը և ապահովումը (արտաքին տեսք, սպասարկման որակ, վարք, արտահագուստ): Չափորոշիչների շարքում տեղ է գտել նաև հաշմանդամություն ունեցողների համար հասարակական տրանսպորտից (ավտոբուսներից) օգտվելու ապահովումը:

Հանձնաժողովի երկրորդ նիստին, որը գումարվել է հոկտեմբերի 25-ին, ներկայացվել է ծախսերի հաշվարկը, այսինքն՝ այն ծախսերը, որոնք ամսվա կամ տարեկան կտրվածքով անում են երթուղագիծ շահագործող տնտեսվարողները, որից էլ պետք է գոյանա նոր ուղեվարձի հաշվարկը:

Երրորդ նիստին` դեկտեմբերի 26-ին, հանձնաժողովի նախագահ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել էր, որ. «Հանձնաժողովն աշխատում է, և աշխատանքի արդյունքները, բնականաբար, կներկայացվի հանձնաժողովի քննարկմանը, թե ծախսային մասով, օպտիմալացնելու և ուղևորահոսքի հետազոտությունները, որից հետո նոր միայն կարող է խոսք գնալ ինքնարժեքի հաշվարկի, այնուհետև նաև սակագնի ձևավորման մասին, այսինքն՝ այն շահարկումները, որ հունվարի մեկից, կամ չգիտեմ, տարբեր ժամկետներ էին շահարկում, չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Վահե Նիկոյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---