Կառավարությունը կփոխհատուցի ցրտահարությունից տուժած գյուղացիների ջրի ու հողի հարկերը

Կառավարությունը կփոխհատուցի ցրտահարությունից տուժած գյուղացիների ջրի ու հողի հարկերը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն ապրիլի 10-ի նիստում արձանագրել է, որ 2014-ի մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ցրտահարության պատճառած վնասը հասել է աղետալի աստիճանի՝ ստեղծելով արտակարգ իրավիճակ: Վնասը մեղմելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուի վաճառքով զբաղվող տնտեսվարողներից ձեռք բերել տարբեր սերմացու և հատկացնել ՀՀ մարզպետարաններին՝ ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին տրամադրելու նպատակով: Սերմացու ձեռք բերելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարին թույլատրվել է «Սերմերի գործակալության» նպատակային հաշվեհամարից օգտագործել 85 մլն դրամ: Սերմացուն տրամադրվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին, որոնք 10-օրյա ժամկետում համայնքների ղեկավարների միջոցով սերմացուն հասցնելու են հողօգտագործողին, հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Կառավարության հաջորդ որոշմամբ 2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով հողօգտագործողներին տրամադրվող գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի: Բացի այդ, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի վաճառքը ցրտահարությունից տուժած հողօգտագործողներին կիրականացվի առանց առավելագույն չափաքանակի՝ փաստացի ունեցած հողատարածքի չափով:

Մեկ այլ որոշմամբ տուժած մարզերի մարզպետարաններին հատկացվել է 271 մլն դրամ՝ հողի հարկի և համայնքի բյուջե վճարման ենթակա տարեկան գումարներն այդ վճարները կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով: Բացի այդ, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի դիմաց 2014թ. վարձավճարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմին է հատկացվել 487 մլն դրամ: Ակնկալվում է, որ պետական աջակցության շնորհիվ կստեղծվեն համայնքների վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղմթերքների արտադրության ծավալի և գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման նպաստավոր պայմաններ:

Կառավարության նիստը վարող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը նշել է, որ տուժած հողօգտագործողներին ցուցաբերվող աջակցությունը շարունակություն է ունենալու նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գծով և ձայնը տվել է նախարարին: Վերջինս նշել է, որ ցրտահարությունից տուժածներին աջակցություն կտրվի ընդհանուր առմամբ 150-200 մլն դրամի չափով: Որոշման նախագիծն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկայում կքննարկվի:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են հակակարկտային կայանքների գործարկմանը և ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր: Խոսելով ցրտահարության հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների մասին՝ մարզպետը տեղեկացրել է, որ նախնական հաշվարկներով ցրտահարության հասցրած վնասը կազմում է մոտ 6 մլրդ դրամ, հայտնում է մարզպետարանի կայքը:

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին անդրադարձել է հանրապետությունում վերջին օրերին գրանցված ցրտահարությանը և դրա հետևանքով գյուղատնտեսությանը հասցված վնասին: «Մոտ 11.500 հա-ի վրա արձանագրել ենք վնասներ, և այսօր մարզպետները, գյուղնախարարը մանրակրկիտ ուսումնասիրում են ըստ տնտեսությունների, փորձում են գնահատել վնասի ծավալները, որպեսզի օգնությունը և օժանդակությունը լինի առարկայական: Դեռևս ժամանակ ունենք գյուղատնտեսական տարվա ընթացքում շտկելու այն վնասները, որ եղանակային պայմանները հասցրել են, և մենք օգնելու ենք գյուղացիներին, որպեսզի նրանք ստանան լրացուցիչ տարբեր տեսակի սերմեր, պարարտանյութ, որպեսզի այս տարին այդ տնտեսությունների համար կորցրած տարի չլինի»,- ասել է նա` հավելելով, որ Կառավարությունը դիմել է Կենտրոնական բանկին՝ ֆինանսական խնդիրները քննարկելու համար:

«Որոշակի ուսումնասիրություններ ենք արել տարբեր գյուղերում, աշխատանք է տարվում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ: Մի քանի օրից կներկայացնենք վերջնական տվյալները: Բայց խոսքը մոտ 6 մլրդ դրամ վարկային ներդրումների մասին է»,- ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Մարտի 29-30-ին հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառած կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս չկա: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Մինչ այդ` մարտի 26-ին Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ը տեղեկացրել էր, որ մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:

Գնահատելով վնասները` «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշել էր. «Հայ գյուղացին լուրջ վնաս է կրել: Խոսքը 45-50 000 տոննա ծիրանի ցրտահարության մասին է»: Արմավիրի մարզպետարանից հայտնել էին, որ պտղատուները հիմնականում վնասվել են: Ծիրանենին, սալորենին, դեղձենին ամբողջությամբ ծաղկել էին ու 90-100 տոկոսով ցրտահարվել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---