Պարտադիր կուտակայինը. Դատախազությունը զգուշացնում է, «Դ!ԵՄ ԵՄ»-ը` պատասխանում, իսկ ԿԲ-ն` միայն իրազեկում

Պարտադիր կուտակայինը. Դատախազությունը զգուշացնում է, «Դ!ԵՄ ԵՄ»-ը` պատասխանում, իսկ ԿԲ-ն` միայն իրազեկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ՀՀ դատախազության կայքում տեղադրվել է հայտարարություն, որում նշվում է, թե ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելն առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն ապրիլի 9-ին կազմակերպել էր երթ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից դեպի Պետական եկամուտների կոմիտե, սակայն մասնակիցներն ընթացքում մտափոխվեցին ու ճանապարհի երկայքնով նստեցին ֆիննախարարության շենքի դիմաց՝ Նալբանդյան փողոցի մեջտեղում` խաթարելով երթևեկությունը: Դատախազությունից զգուշացնում են, որ կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

«ՀՀ դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով: Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումն ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»,- նշվում է հայտարարության տեքստում:

Ի պատասխան դատախազության հայտարարության, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը ևս հայտարարություն է տարածել` մեջբերելով «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից (ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010).

«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60):

«Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից: Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում»,- նշված է պատասխան հայտարարության մեջ:

Նախաձեռնության անդամները կոչ են անում ՀՀ Գլխավոր դատախազությանը «ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատնման վտանգի հարցը»:

Ապրիլի 9-ին «Դ!ԵՄ ԵՄ»–ի բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնեցին բացել փողոցն ու դադարեցնել նստացույցը, երբ նրանց հետ հանդիպման եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը վերջիններիս ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորեն և բարձրանան ֆինանսների նախարարություն` քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը, նրան միացավ նաև Դավիթ Սարգսյանը:

«Հրավիրում ենք ձեզ երկխոսության։ Պատրաստել ենք ձեզ համար առաջարկություններ, ու այն աշխատանքային խումբը, որին դուք առաջարկություններ ունեք, պատրաստ է լսել ձեզ ու պատասխանել հանցերին։ Եկեք բարձրանանք ֆիննախի դահլիճ, այնտեղ կարող է տեղավորվել 100 հոգի, ու քննարկել ձեր հարցերը, չենք կարող հրապարակում օրենք քննարկել։ Առաջարկում ենք աշխատանքային խումբ ձևավորել»,- ասաց Տիգրան Սարգսյանը, սակայն նրա առաջարկը հավաքվածներն ընդունեցին սուլոցներով:

«Աշխատանքային խմբին դեմ եք, իսկ ի՞նչ եք ուզում»,- հարցրեց նախկին վարչապետը, ինչին ի պատասխան ակտիվիստները ևս մեկ անգամ շեշտեցին, որ պահանջում են, որ ՊԵԿ-ը համապատասխան որոշմամբ իր էլեկտրոնային հաշվետվությունից հանի համապատասխան կետը։

« Ձեզ բացառիկ հնարավորություն է տրվում մասնակցել ձեր հարցի քննարկմանը, ուզո՞ւմ եք լսել պատասխանը»,- հարցրեց նախկին վարչապետը՝ հավելելով, որ դա կարելի է անել դահլիճում, հրավերն ուժի մեջ է, երբ ձևավորվի աշխատանքային խումբ, կարող են գալ. «Սպասում ենք ձեզ Կառավարության դահլիճներում»,- եզրափակեց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ: «Սա սկիզբն է հանրային լայն ճնշման, այսօրվա ակցիան հասավ իր նպատակին»,- հայտարարեցին ցուցարարները:

Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկից հայտնում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին հանրությանն իրազեկելու նպատակով պատրաստված հոլովակներից եթեր են հեռարձակվում միայն կուտակային ֆոնդերն ընտրելու մասին քայլերը բացատրող հոլովակներ, գրում է Tert.am-ը:

Ըստ ԿԲ-ի` ցուցադրվող հոլովակների մեջ պարտադրող կետեր չկան և եթեր են հեռարձակվում հոլովակներ, որոնք իրազեկում են թե ինչպես կատարել կենսաթոշակային ֆոնդ/ֆոնդի կառավարչի ընտրություն հաշվի օպերատորի միջոցով, «Իմ հաշիվը» ինտերնետային կայքի միջոցներով, ինչպես ստանալ կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն, և այլն։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ

Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։

2014-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5%-ն այդ աշխատողների անհատական հաշիվներին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի փոխանցի:

Պարտադիր բաղադրիչի ներդրումը մեծ աղմուկ էր առաջացրել հասարակության շրջանում, ստեղծվել էին մի շարք քաղնախաձեռնություններ, որոնք մինչև օրս էլ այդ համակարգին դեմ են արտահայտվում ու շարունակում են բողոքել: Համակարգին դեմ էին նաև խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը, որոնք ԱԺ-ին առաջարկել էին մեկ տարով հետաձգել համակարգի ներդրումն ու շարունակել քննարկումները, քանի որ դա շատ լուրջ փոփոխություն է, իսկ«համակարգը թերի է»: 2013-ի դեկտեմբերի 4-ին հարցով հրավիրված արտահերթին խորհրդարանը դեմ էր քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Հայաստանի սահմանադրական դատարանը հունվարի 24-ի նիստում որոշել էր կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (այն է՝ պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) գործողությունը մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը։

Մարտի 28-ին մեկնարկած դատական նիստի որոշումը ՍԴ-ն կայացրեց ապրիլի 2-ին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչելով։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ տվեց՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

Ապրիլի 17-ին վարչապետը հանձնարարեց շահագրգիռ պետական մարմիններին սեղմ ժամկետում օրենքի նախագիծ պատրաստել, որով մինչև Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովը կկասեցնի տույժերի հաշվարկը: Կառավարության առաջարկող օրենքի նախագիծն Ազգային ժողովում սկսեցին քննարկել ապրիլի 28-ին:

Արդեն մայիսի 15-ին խորհրդարանն ամբողջովին ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության օրինագիծը: Դրանով պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորությունը կրող անձն ազատվում է մինչև օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը վավերացրեց մայիսի 26-ին:

Հունիսի 17-ի արտահերթում Կառավարությունը հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին: Դրանով նախատեսվում է 2014-ի հուլիսի 1-ից պետական հատվածի աշխատողների համար գործարկել նպատակային սոցիալական վճարի համակարգը, որը մինչև 2017-ի հուլիսի 1-ը մասնավոր հատվածի համար կլինի կամավոր։ Դրա դրույքաչափը նույնպես 5 տոկոս է: Առաջարկվում է սահմանել 500․000 դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25․000 դրամ՝ կախված աշխատավարձի չափից: Նախագիծը քննարկելու համար գործադիրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրեց։

Հունիսի 21-ին խորհրդարանն արտահերթում երեք ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով պարտադիր կուտակայինը դարձավ նպատակային սոցվճար։ Քվեարկությանը մասնակցեց միայն ՀՀԿ-ն։ Քվեարկությունը բոյկոտած ԱԺ ոչ իշխանական ուժերը տեղեկացրին, որ դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու ստեղծված իրավիճակն ու օրենքի խախտումով տեղի ունեցած քվեարկությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---