Յացենյուկը խոստանում է վերադարձնել Ղրիմը, իսկ Google-ի քարտեզներում այն արդեն ՌԴ կազմում է

Յացենյուկը խոստանում է վերադարձնել Ղրիմը, իսկ Google-ի քարտեզներում այն արդեն ՌԴ կազմում է

PanARMENIAN.Net - Ղրիմի Հանրապետության պետխորհրդի պատգամավորները միաձայն հաստատել են տարածաշրջանի նոր սահմանադրությունը: Սահմանադրության նախագծին կողմ է քվեարկել 88 պատգամավոր: Ըստ փաստաթղթի, Ղրիմը «ժողովրդավարական իրավական հանրապետություն է Ռուսաստանի Դաշնության կազմում»,-ասվում է սահմանադրության մեջ:

Քվեարկությունից հետո պատգամավորները ծափահարություններով ողջունեցին Ղրիմի սահմանադրության ընդունումը, որից հետո դահլիճում երկու օրհներգ հնչեց՝ ՌԴ պետական հիմնն ու Ղրիմի Հանրապետությանը:

Ղրիմի Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը նշեց, որ նոր սահմանադրությունը մեծ հեռանկարներ է բացում Ղրիմի պետականության համար:

«Այս հանդիսավոր արարողությունն ավարտում է նոր քաղաքական պատմության փուլը, որը մենք սկսեցինք փետրվարի 27-ին: Այդ օրվանից ընդամենը 43 օր է անցել, բայց այս կարճ ժամանակում մենք ճանապարհ անցանք Ուկրաինայի կազմում ոչ մի իրավունք չունեցող ինքնավարությունից մինչև ՌԴ սուբյեկտ՝ հավասարը հավասարների շրջանում»,-ասաց Կոնստանտինովը: Խոսնակը նշեց, որ Ղրիմի վերադարձը Ռուսաստան օրինաչափ ավարտն է մի պատմության, որը սկսվել է 60 տարի առաջ, երբ թերակղզին առանց որևէ հիմքի հանձնվեց Ուկրաինային, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Մինչդեռ, ինչպես հայտնում է tjournal.ru-ն, Ղրիմը Google քարտեզներում արտացոլվում է որպես Ռուսաստանի տարածք ռուսական maps.google.ru դոմենի միջոցով՝ քարտեզներում տեսանելի է, որ Ուկրաինայի ու նրանից անջատված տարածքի միջև պետական սահման է անցնում:

Իսկ որոնողական հուշումներում Ղրիմը դեռ որպես Ուկրաինայի տարածք է նշված:

Ուկրաինական maps.google.ua-ում Ուկրաինայի ու Ղրիմի միջև այդ սահմանը չկա: Փոխարենը նշված է մոխրագույն կետագծով, ինչպիսին կա ԱՄՆ նահանգների միջև: Ճիշտ է, այդ գիծը տարբերվում է նրանից, որով Google-ը պատկերում է շրջանների սահմանները Ռուսաստանում ու Ուկրաինայում:

Իսկ եթե նայենք Google-ի քարտեզները maps.google.com միջազգային դոմենով, սահմանը Ուկրաինայի ու Ղրիմի միջև գծված կլինի սև կետագծով: Ինչպես ասվում է ծառայության տեղեկագրում, նման մոտեցումը օգտագործվում է վիճահարույց սահմանների պատկերման դեպքում:

Իր հերթին Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ «Ղրիմը զավթողները ստիպված են լինելու ներողություն խնդրել»: Նա խոստացավ նաև, որ դա տեղի կունենա իր կյանքի օրոք, նույն ժամանակահատվածում էլ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը: Այս լավատեսական հայտարարությունը նա արել է՝ խոսելով Ուկրաինայի տնտեսության հեռանկարների մասին: 2 տարում այն կվերականգնվի, վստահ է վարչապետի պաշտոնակատարը: Իսկ ճգնաժամի պատճառը Յացենյուկը համարում է Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը, գրում է bloknot.ru-ն:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթթինգերը ավստրիական ORF ռադիոկայանին տված հարցազրույցում իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որոշում է պատրաստում, որի համաձայն Ուկրաինային օգնություն կցուցաբերվի Գազպրոմի առաքած գազի դիմաց վճարելու համար, հայտնում է Ուկրինֆոն:

Նա տեղեկացրել է նաև, որ երկուշաբթի մտադիր է հանդիպել Ուկրաինայի էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանի ու ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցայի հետ:

Եվրահանձնակատարը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կվճարի գազի դիմաց ՌԴ-ին, սակայն, ըստ նրա, «ոչ թե ըստ Պուտինի հաշվարկների, այլ միայն պայմանագրի համաձայն»:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է արտերկում ԱՄՆ հարցումով ռուսաստանցիների ապօրինի ձերբակալությունների հնարավորության մասին: ԱԳՆ-ն համարում է, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրները կհետապնդեն ՌԴ քաղաքացիներին: Դիվանագետները խորհուրդ են տալիս ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ այն երկրներ ուղևորություններից, որոնց հետ ԱՄՆ-ն պայմանագիր ունի իրավախախտներին հանձնելու մասին: «ԱՄՆ վարչակազմը, որն անհիմն կերպով հրաժարվում է ընդունել Ղրիմի միացումը Ռուսաստանին, փորձում է հետապնդել ՌԴ քաղաքացիներին երրորդ երկրներում՝ հետագայում նրանց արտահանձնման ու ԱՄՆ-ում դատապարտման հեռանկարով ինչ-ինչ կասկակծելի մեղադրանքներով », -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն անտեսում է երկկողմ համաձայնությունը ՌԴ հետ քրեական գործերով իրավական փոխադարձ օգնության մասին: Ըստ պայմանագրի, ԱՄՆ-ն պետք է իրազեկի ՌԴ իշխանություններին ՌԴ քաղաքացիների դեմ առաջադրված մեղադրանքների մասին: «Սակայն, հիմնականում ամերիկյան կողմը չի իրազեկում նույնիսկ ՌԴ հյուպատոսական ծառայություններին», -հայտնում է ԱԳՆ, գրում է «Գուդոկը»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---