The Independent. Քեսաբի վրա հարձակումը գլխավորել են չեչեն ու ամերիկացի ծայրահեղականները

The Independent. Քեսաբի վրա հարձակումը գլխավորել են չեչեն ու ամերիկացի ծայրահեղականները

PanARMENIAN.Net - Սիրիայի դեմ հարձակումն իրականացվում է ոչ միայն նրա կարևոր աշխարհաքաղաքական դիրքի, այլ նաև տարածաշրջանում առանցքային պատմական դերի և արաբ ժողովրդի վրա մեծ ազդեցության համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում:

Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Սիրիայում, փորձ է ազդել նրա ինքնիշխան որոշման վրա ու թուլացնել երկիրը, ստիպելու համար փոխել նրա քաղաքական կուրսը, ելնելով ԱՄՆ ու Արևմուտքի շահերից, որին, սակայն հավանություն է տալիս ժողովուրդը: Նախագահ Ասադը նշել է, որ այժմ բեկումնային պահ է՝ ռազմական առումով Սիրիայի բանակն ու զինված ուժերը շարունակում են հաջողություններ գրանցել ահաբեկչության դեմ պայքարում, իսկ սոցիալական առումով ընդլայնվում է ազգային հաշտեցման գործընթացը և աճում է ժողովրդի կողմից հակասիրիական ագրեսիայի իսկական պատճառների գիտակցումը, հայտնում է սիրիական SANA գործակալությունը:

Ասադը հայտարարել է, որ իշխանությունները ձգտում են վերականգնել անվտանգությունն ու կայունությունն այն շրջաններում, որոնք ենթարկվել են ահաբեկիչների գրոհներին, որպեսզի հետո ձեռնամուխ լինեն ահաբեկչության «քնած օղակների» ոչնչացմանը: Իր հերթին, հայտնի բրիտանացի հրապարակախոս Պատրիկ Քոքբերնը The Independent-ում հրապարակված հոդվածում հաստատել է, որ ԱՄՆ ԿՀՎ-ն, բրիտանական հետախուզությունը և Թուրքիայի կառավարությունն Էրդողանի գլխավորությամբ համատեղ ծրագիր են իրականացնում Սիրիայի դեմ:

Ինչպես նշել է Քոքբերնը, չնայած առկա ապացույցներին, որ ծայրահեղական գրոհայինները վերահսկում են սիրիական ընդդիմությունը և կիրառում են ահաբեկչական «Ալ Քայիդայի» մեթոդները, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ձգտում են ավելացնել աջակցությունը զինյալներին Սիրիայում:

Քոքբերնը գրում է, որ հարձակումը սիրիական Քեսաբի վրա գլխավորել են չեչեն ու ամերիկացի գրոհայինները, ընդ որում, ԱՄՆ-ն ամեն ինչ արեց գաղտնի պահելու համար իր մասնակցությունն ավազակախմբերին զինելու գործում կեղծ ընկերությունների ու գործակալությունների միջոցով:

«Թուրքական հատուկ ծառայությունները սատարում են «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորմանը, որը, հնարավոր է, կանգնած է 2013 թ. օգոստոսի 21-ին Արևելյան Գուտայում քիմիական գրոհի ետևում: ԱՄՆ-ն, Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Քաթարը գրոհայիններին զենքով մատակարարելու ցանց են ստեղծել՝ զենքը առաքելով Լիբիայի ու Թուրքիայի տարածք, իսկ հետո Սիրիայի ավազակախմբերին: Կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 2013 թվականին համաձայնություն ձեռք բերվեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, թուրք վարչապետ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի միջև զենքի մատակարարումների ֆինանսավորման վերաբերյալ: Հենց այդ նպատակով ստեղծվեցին կեղծ ընկերություններ, իբր ավստրալական, որտեղ աշխատում են նախկին ամերիկյան զինվորներ, նրանք զբաղվում են զենքի մաքսանենգ փոխադրումներով գրոհայիններին», - գրում է The Independent-ը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբ դաշնակիցները 2013 թվականի օգոստոսի 21-ի քիմիական գրոհի մեղքը բարդում են Բաշար Ասադի վրա: Սիրիայի կառավարությունը պնդում է, որ քիմիական զենքը ապստամբներն են օգտագործել: ԱՄՆ-ն ևս Բաշար Ասադին է մեղադրում և պնդում է, որ Արևելյան Գուտայում 1400 մարդ է մահացել, ըստ ապստամբների տվյալների: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, օգոստոսի 21-ին մոտ 400 մարդ է զոհվել: 2013 թվականի օգոստոսի 28-ին թուրքական Vatan թերթի կայքում տեսանյութ զետեղվեց «Սիրիացի իսլամիստների համար քիմիական զենքը պատրաստվում է Թուրքիայում» վերտառությամբ: Թերթը գրում է, որ մինչդեռ Արևմուտքը պատրաստվում է հարված հասցնել Սիրիային նախագահ Ասադին քիմիական զենքի կիրառման համար պատժելու նպատակով, սույն տեսանյութը պետք է գրավի բոլոր նրանց ուշադրությունը, ով պատրաստվում է ռմբակոծել Սիրիան: Ռեակտիվներով տարաների վրա պարզ երևում են թուքերենով արված գրությունները:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

«Ջաբհաթ ան Նուսրան» ահաբեկչական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2012 թ. հունվարի 23-ին Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն «Ալ Քայիդայի» սիրիական ստորաբաժանում են կոչում, կազմակերպության անդամները ժխտում են դա, բայց հաստատում են, որ հավատարիմ են «Ալ Քայիդայի» առաջնորդ Այման ազ Զավահիրիին: Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործակցել է Սիրիայի Ազատ բանակի հետ, որը դեմ է երկրի գործող կառավարությանը: Ճակատի անդամները սունիներ են: Նրա շարքերում կռվում են սիրիացիներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Պակիստանի, Լիբանանի, Թուրքմենստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք միավորված են սալաֆիտների գաղափարախոսությամբ, որը կոչ է անում իսլամական պետություն կառուցել ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ իսլամական աշխարհում: Կազմակերպության առաջնորդները նախատեսում են Սիրիայում պատերազմի ավարտից հետո գրոհել Իսրայելը:

Ընթացիկ տարվա մայիսին ՄԱԿ ԱԽ-ն «Ալ Քայիդայի» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի համար «Ջաբհաթ ան Նուսրա» ընդդիմադիր խմբավորումն ընդգրկեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 2012թ. դեկտեմբերի սկզբին «Ջաբհաթ ան Նուսրան» ընդգրկվեց ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---