«Թող գարունները գան ու չգնան». Բարեգործական համերգ

«Թող գարունները գան ու չգնան». Բարեգործական համերգ

PanARMENIAN.Net - Հիմնադրման օրից` 2000 թվականից, «Օրրանն» իր հարկի տակ է վերցրել հարյուրավոր միայնակ տարեցների` նրանց համար ծառայելով որպես ապահով ու ջերմ տանիք: Այստեղ նրանք սնվում են, վայելում հանգիստ և ստանում նաև հոգևոր սնունդ: Վերջին 7 տարվա ընթացում «Օրրան»-ի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այդ գործընկերության շնորհիվ «Օրրան»-ը հաջողությամբ իրականացրել է կարիքավոր ընտանիքներին աջակցելու իր առաքելությունը, օգնել փողոցում հայտնված կամ այդ վտանգի առջև կանգած հազարավոր երեխաների: Նրանք ապահովվել են տաք սննդով, ստացել սոցիալական, բժշկական, հոգեբանական ծառայություն, արհեստագործական ուսուցում և հոգատարություն, առանց որի դժվար կլիներ պատկերացնել այս երեխաների ապագան, հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից:

«Օրրան»-ի բարեկամներն ամենուր են: Նրանց թվում են նաև աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանը և նրա տիկին Անժելա Մադաթյանը: Նրանց առատաձեռն նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի` Վանաձորի կենտրոնում 30 կարիքավոր տարեցներ փետրվարից ապահովված են ամենօրյա տաք սննդով:

Հերթական նախաձեռնությամբ, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը և ՎիվաՍել-ՄՏՍ-ը կազմակերպել էին համերգ` «Օրրան»-ի տարեց շահառուների մասնակցությամբ` «Թող գարունները գան ու չգնան» խորագրով, որը կայացավ «Մհեր Մկրտչյան» թատրոնում` ապրիլի 14-ին: Ողջույնի խոսքով հանդես եկան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Համերգացանկում ընդգրկվել էին հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, ժողովրդական երգեր, 80-ականների էստրադային երգեր և դաշնամուրային կատարումներ:

«Առանց անցյալի՝ չկա ներկա կամ ապագա: Մեր այսօրը դուք եք կերտել: Ծնողներն ու մեծերն այն օրհնությունն են, որը մեզ ստիպում է հավատալ, որ դիմացինի մասին հոգ տանելն անչափ կարևոր է: Տարեց մարդկանց աչքերում արտացոլվում են մեր ազգի պատմությունն ու ձեռքբերումները: Մենք արժևորում ենք ձեզ հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. այդ պահերը մեր մեջ դաստիարակում են ուժեղ կամք ու իմաստություն են տալիս»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Օրրանը ողջունում է մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն աջակցելու և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մոտեցումը: Այդ համագործակցությունն արդյունավետ է հասարակության համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---