«Դոմինոյի սկզբունքով». Ղրիմ, Մերձդնեստր, ո՞վ է հաջորդը

«Դոմինոյի սկզբունքով». Ղրիմ, Մերձդնեստր, ո՞վ է հաջորդը

PanARMENIAN.Net - Հետևելով Ղրիմի օրինակին՝Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկություն է հայտնել նաև Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունը՝ ՄՊՀ-ն: Ապրիլի 16-ին Մերձդնեստրի Գերագույն խորհրդի նիստում Մերձդնեստրի պատգամավորները միաձայն որոշեցին դիմել Ռուսաստանի Պետդումային, Դաշնության խորհրդին ու Ռուսաստանի նախագահին, ինչպես նաև ՄՊՀ ղեկավար Եվգենի Շևչուկին՝ խնդրելով նախաձեռնել ճանաչման գործընթացը: Ինչպես հայտնում է «Տիրաս» գործակալությունը, ուղերձում ասվում է.

«Ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկի՝ հանրաքվեի միջոցով հայտնելով մեր կամքը՝ քվեարկելով Մերձդնեստրի անկախության և հետագայում ՌԴ-ին ազատ միանալու օգտին, Մերձդնեստրի ժողովուրդը իրացրեց ազատ ու առանց արտաքին միջամտության իր քաղաքական կարգավիճակը որոշելու, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացման իրավունքը»: Ուղերձը կներկայացվի նաև ԵԱՀԿ և ՄԱԿ:

Ինքնահռչակ պետությունները բազում խնդիրներ ունեն, առաջին հերթին տնտեսական, որոնք, ինչպես իրենք են կարծում, հնարավոր կլինի լուծել միանալով Ռուսաստանին: Սակայն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի օրինակը, որոնց զարգացման համար մեծ միջոցներ են հատկացվում, այնքան էլ հեռու չեն գնացել բարգավաճման հասնելու ճանապարհին և հազիվ թե նոր հատկացումները կարողանան լուծել այդ հարցը: Մյուս կողմից, նույն Մերձդնեստրի հանրապետությունը ցանկանում է լուծել նաև իր քաղաքական խնդիրները՝ պաշտպանվելով «ռուսական պատով» տարածքը վերադարձնելու Մոլդովայի հնարավոր փորձերից:

Սակայն պետք է խոստովանել, որ այդ նույն «ռուսական պատնեշը» չի կարող փրկություն լինել բոլոր աղետներից: Աշխարհաքաղաքական առումով կարելի է ենթադրել, որ սահմանների ընդլայնումը կարող է արդարացված լինել, բայց իր բալանսին վերցնել ևս մեկ աղքատ տարածք Մոսկվային այնքան էլ ձեռնատու չէ: Տեղեկատվական պատերազմը հիմա գլխավոր զենքն է և այն գնդակոծություններից վտանգավոր է: Հազիվ թե մոտ ապագայում մենք իմանանք, թե ինչպես սկսվեց պատերազմը Սիրիայում, Ուկրաինայում: Գրեթե 10 տարի է անցել և միայն հիմա է ԱՄՆ-ն խոստովանում , որ Սադդամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք չուներ: Ուղղակի նա, ի տարբերություն Բաշար Ասադի, ավելի թույլ գտնվեց և չստացավ ժողովրդի աջակցությունը: Թեև…եթե Ասադը պարտվի պատերազմում, ինչը քիչ հավանական է, նույն մարդիկ կսկսեն քանդել հուշարձաններն ու թալանել տները՝ այդպիսին է մարդու էությունը:

Բայց դառնանք Մերձդնեստրին: Շատ հնարավոր է, որ Մոսկվան գոհացնի քաղաքացիների խնդրանքը, որոնք չեն ցանկանում ապրել Մոլդովայում, որը վերածվել է Ռումինիայի գավառի, և միանգամայն իրավացի են: Որքան էլ աղքատ երկիր համարվի Ռումինիան, Մոլդովայում վիճակն ավելի վատ է: Բնականաբար, ոչ մի երաշխիք չկա, որ կյանքը միանգամից հարուստ ու երջանիկ կդառնա: Գուցե և հակառակը լինի: Բայց այդ մասին Մերձդնեստրի բնակիչները դեռ չեն մտածում: Իսկ մտածել պետք է: Իսկ ԵՄ-ում մտահոգված են Մոլդովայի ապագայով: Ղրիմի միացումից հետո Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ և Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածու Ժան Կլոդ Յունկերը հորդորել է Եվրամիությանը թույլ չտալ, որպեսզի Մոլդովան «դառնա Ռուսաստանի հաջորդ զոհը» Ուկրաինայից հետո: Ըստ նախկին վարչապետի, հարկավոր է «փակել Ռուսաստանի ճանապարհը»: Նա գտնում է, որ ռուսական կողմը պետք է իմանա, որ նրան թույլ չեն տա անել Մոլդովայում այն, ինչ կատարվեց Ղրիմի պարագայում:

«ԵՄ-ն պետք է կայունացնի Մոլդովան և կապի այն Արևմուտքին, հակառակ դեպքում նա կարող է դառնալ ռուսական ագրեսիայի հաջորդ զոհը», -ասել է նա: Եվրամիությունը մտադիր է ասոցացման համաձայնագիր կնքել Վրաստանի ու Մոլդովայի հետ, որը ներառում է առևտրի ազատ գոտու ստեղծման կետ, ոչ ուշ քան 2014 թ. հունիսին:

Գուցե ցինիկ հնչի, բայց Եվրամիությանը հարկավոր չեն ոչ Ուկրաինան, ոչ Մոլդովան: ԵՄ նպատակն է թույլ չտալ, որ Ռուսաստանը մոտենա իր արևմտյան սահմաններին: Եվրոպայում մինչ օրս չգիտես ինչու կարծում են, որ Պուտինը մտադիր է վերակենդանացնել ԽՍՀՄ-ը, բոլորովին չհասկանալով, որ դա սկզբունքորեն հնարավոր չէ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---