Ռուս-վրացական հանդիպմանը քննարկվել է կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը

Ռուս-վրացական հանդիպմանը քննարկվել է կանոնավոր օդային հաղորդակցության վերականգնման հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Պրահայում տեղի է ունեցել ՌԴ պետական քարտուղար, ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, այդ շփումները վրաց-ռուսական հարաբերությունների փուլային կարգավորման հնարավոր ուղիներին նվիրված ոչ պաշտոնական երկխոսության շրջանակում իրականացվում են երկու երկրների ղեկավարության հանձնարարությամբ: Բանակցությունները վերաբերում են գործակցությանը բոլոր այն ուղղություններում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է իրական առաջխաղացում առևտրի, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում և չեն առնչվում Անդրկովկասի վերաբերյալ Ժնևի բանակցությունների օրակարգին, որոնք երկու կողմերը սկզբունքային են համարում տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար:

Հանդիպման ընթացքում արձանագրվել է առաջխաղացում երկկողմ հարաբերություններում: Նշվել է, որ երկխոսության վրա բարենպաստ ազդեցություն ունեցավ վրաց մարզիկների մասնակցությունը Սոչիի Օլիմպիադային:

Ռուսական շուկա վրացական գինիների, հանքային ջրի ու գյուղմթերքի վերադարձից հետո զգալիորեն աճել է ապրանքաշրջանառությունը: Վերսկսվել է ավտոմոբիլային հաղորդակցությունը, Վերին Լարս անցակետն անցել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի:

Քննարկվել է օդային կանոնավոր հաղորդակցության վերականգնման հարցը: Առաջիկայում տեղի կունենան երկու երկրների ավիացիոն մարմինների երկկողմ խորհրդակցություններ:

Դրական է գնահատվել մաքսային ծառայությունների ղեկավարութան, ինչպես նաև երկու երկրների առևտրա-արդյունաբերական պալատների շփումների վերսկսումը:

Հումանիտար ուղղությամբ նկատվում է մշակութային, մարզական, գիտական, կրոնական ու այլ միջոցառումների աճ: Դրան է նպաստում մուտքի վիզաների տրամադրման ընդլայնումը Վրաստանի քաղաքացիներին: 2013 թվականին մոտ 25 հազար մուտքի արտոնագիր է տրվել:

Արձանագրվել է, որ 2012 թվականի դեկտեմբերին ստեղծված Պրահայի այս երկխոսության մոդելը նպաստում է գործնական հարցերի լուծմանը: Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2014 թվականի հուլիսին:

Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները սրվեցին 2008 թվականի օգոստոսին, երբ վրաց-օսական հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսվեցին: Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի վերջում՝ Ցխինվալի դեմ Վրաստանի ռազմական ագրեսիայից հետո: Ի պատասխան Թբիլիսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ ու երկու հանրապետությունները հայտարարեց գրավյալ տարածքներ:

«Վրացական երազանքի» կոալիցիայի իշխանության գալուն պես Ռուսաստանի և Վրաստանի միջև բանակցություններ սկսվեցին հարաբերությունների կարգավորման շուրջ: Վրացական կողմը ներկայացնում է Իվանիշվիլիի հատուկ ներկայացուցիչ, Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն, ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---